HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հայաստանի երաժշտական հավաքականը Կատարում. ֆուտբոլի աշխարհի առաջնության մշակութային կողմը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաթեժ օրերին՝ քառորդ եզրափակիչ խաղերի ժամանակ, Դոհայում՝ սպորտային ամենակարևոր իրադարձության էպիկենտրոնում, ընթանում էին Կատարի ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձերը: Նվագախմբի ֆուտբոլասեր երաժիշտները շատ դեպքերում ստիպված էին, դիտել նույն քաղաքում ընթացող խաղերի կրկնությունը. փորձերը համընկնում էին խաղերի հետ: Նվագախմբի տարբեր ազգության (հիմնականում եվրոպացի) երաժիշտների հիմնական կազմի փորձերին դեկտեմբերի 8-ից միացել էր նաև Հայաստանից ժամանած 25 հոգանոց երաժիշտների խումբը:  

Հայաստանի պետական օպերային, սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից կազմված խումբը, պրոդյուսեր Նիկա Բաբայանի նախաձեռնությամբ միացել էր Կատարի ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ կատարելու Սալեմ Աբդուլ-Կարեմի «Կատարական սիմֆոնիա»-ն: Կատարի կառավարությունը ֆուտբոլի առաջնության մշակութային ծրագրերի շրջանակում կազմակերպել էր երաժշտական փառատոն, որը դեկտեմբերի 11-ին բացեց «Կատարական սիմֆոնիա»-ն: Համերգին ներկա էր փառատոնի կազմակերպիչ Qatar Foundation կրթական, գիտական հիմնադրամի նախագահ Մոզա բինտ Նասեր ալ Միսնեդ, որը Կատարի էմիրի մայրն է:

«Կատարական սիմֆոնիա»-ն համարվում է երկրի երաժշտական այցեքարտը: Հեղինակը կատարական ազգային մեղեդիները, բարդ մետրոռիթմերը, քառորդ տոները «թարգմանել» է դասական երաժշտության լեզվով: Ծրագրային սիմֆոնիայի չորս մասերն են՝

  1. The Beginning (Սկիզբ)
  2. The Dream (Երազանք)
  3. The Challenge and Achievement (Մարտահրավեր և ձեռքբերում)
  4. Forward (Առաջ)

Կոմպոզիտորը «պատմում է» երկրի մասին. խուլ անապատներից մինչև զարգացած, ծաղկող պետություն: Համերգի օրը՝ հեղինակի դիրիժորությամբ սիմֆոնիայի կատարման ընթացքում, մեծ էկրանների վրա զուգահեռ ցուցադրվում էին երկրի զարգացման մասին պատմող վավերագրական կադրեր: Սալեմ Աբդուլ-Կարեմը ցանկանում է ծանոթացնել աշխարհին Կատարի մշակութային կողմին, որպեսզի ճանաչեն երկիրը ոչ միայն իր նավթագազային արդյունաբերությամբ և երկնաքերերով, այլև իր հարուստ պատմամշակութային անցյալով:

Հայ երաժիշտների և «Կատարական սիմֆոնիա»-ի կապը տարիների պատմություն ունի, երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանի և հեղինակի համագործակցության արդյունքում, հայ երաժիշտները եղել են ստեղծագործության առաջին կատարողները և այս ծրագրով շրջագայել են աշխարհի տարբեր երկրներում:

 

Լուսանկարները՝ Ռուբեն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter