HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5 բուժառու գտնվում է ծայրահեղ ծանր և ծանր վիճակում, նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար»․ Մհեր Մուսայելյան

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը տեղեկացնում է․ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:

«Հետքի» հետ զրույցում Մհեր Մուսայելյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում 130 քաղաքացի, որից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում է, նրանց պետք է տեղափոխեին Երևան։ Տվյալ պահին հիվանդանոցն ունի անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները, որն այս պահի դրությամբ դեռևս բավարար է։ Ըստ հիվանդանոցի տնօրենի՝ դեղորայքն ու անհրաժեշտ պարագաները բերվում են Հայաստանից, և քանի որ ճանապարհը փակ է, դեռևս չգիտեն, թե որքան ժամանակ այն կբավականացնի՝ կախված հիվանդների քանակից։

1. Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է:

2. Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:  Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:

3. Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկրատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:

4. Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ, կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար:

5․ Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter