HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Եթե Արցախում ցեղասպանություն տեղի ունենա, դրան մասնակից կլինի նաև միջազգային հանրությունը»․ Դավիթ Բաբայան

«Արդեն 29 ժամ է՝ դադարեցված է դեպի Արցախ սննդամթերքի, դեղորայքի, էներգակիրների մատակարարումը։ ՄԻՊ գրասենյակը ահազանգ է ստանում, որ բժշկական կենտրոններում առկա դեղորայքային պաշարները կարող են բավականացնել մի քանի օր, և այս հարցում լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Նույնը վերաբերում է սննդի և վառելիքի մատակարարմանը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ասուլիսի ընթացքում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ներկայացրին և լրագրողների հարցերին պատասխանեցին Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։ 

Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը նախքան Բերձորի ճանապարհի փակվելը գտնվում էին Հայաստանում՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին և չեն կարողացել վերադառնալ Արցախ։ Դավիթ Բաբայանը նույնպես Արցախում չի գտնվել․ նա պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Վերադառնալիս արդեն Գորիսում տեղեկացել է, որ ճանապարհը փակ է։

ՄԻՊ-ի խոսքով՝ ճանապարհը փակող անձինք բնապահպանական ակտիվիստներ չեն, և տեղեկություններ կան, որ նրանք իշխանությունների կողմից ուղղորդված են, նրանց շարքերում կան նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

«Ցանկանում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արցախում այսօր 120 հազար բնակիչ գտնվում է շրջափակման մեջ, 1100 մարդ մնացել է ճանապարհին, որից 270-ը՝ երեխա՝ կտրված իրենց ընտանիքներից։ Պետք է ընդգծել, որ Արցախը օդային հաղորդակցության հնարավորություն ևս չունի աշխարհի որևէ կետի հետ։ Ադրբեջանը այս պարագայում նույնպես խնդիրներ է հարուցում՝ ասելով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության բաղադրիչ է»,-ասել է Գեղամ Մանուկյանը։

Պատասխանելով շվեդ լրագրողի հարցին՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ակնկալում են, որ Եվրոպական միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի գործողություններին, քանի որ տեղի ունեցողը իսկապես հումանիտար աղետ է։

«Մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ եվրոպական կառույցներին և հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և պատժամիջոցներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։ Անտարբերությունը ամենավտանգավոր երևույթն է»,-ասաց Բաբայանը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ եվրոպական գրեթե բոոր կառույցները այս պահին որևէ ակտիվություն չեն դրսևորում և այդպիսով իրենք ևս կարող են անուղղակիորեն մասնակից դառնալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտմանը և Արցախի ժողովրդի ցեղասպանությանը։

«Աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերը վերջին ժամանակներս ստվերում են մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Եվրամիությունը, որը աշխարհում տարածում է մարդու իրավունքներ, պետք է առաջինը սկսի իրենից և հստակ կանգնի այդ դիրքերում»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։

Դավիթ Բաբայանը ասուլիսի ընթացքում նշեց, որ ռուս խաղաղապահները Արցախում լիազորված են իրականացնելու միայն խաղաղապահ առաքելություն, ուստի ուժ կիրառել չեն կարող։ Մի քանի անգամ առաջարկվել է ռուսական կողմին ավելացնել խաղաղապահների թիվը, քանի որ 1980 մարդը բավարար չէ։ 

«Ադրբեջանական այս ներխուժման դեմ կանգնած էր ընդամենը երկու-երեք ռուս խաղաղապահ զինվոր։ Մենք առաջարկել ենք, որ խաղաղապահ առաքելությանը տրվի միջազգային մանդատ, որը լեգիտիմություն կմտցնի և թույլ կտա կանխել նմանատիպ պրովոկացիաները»,-նշել է Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

Պատրվակը, որով ադրբեջանցիները փակել են Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հիմնավոր չի համարում։ Նրա խոսքով՝ Կաշենի հանքավայրը բացի այն, որ պահպանում է բոլոր բնապահպանական նորմերը, այն 20 կմ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական ամենամոտ բնակավայրից և ջրային ռեսուրսներ ևս մոտակայքում չկան։

«Այսօր Արցախը գոյաբանական խնդիրների է առերեսվում և պետք է մի կողմ դնենք ռուսամետ կամ եվրոպամետ որակումերը։ Մենք պարտավոր ենք բոլորի հետ էլ լավ լինել, առանց ռուս խաղաղապահ առաքելության չկա Արցախի անվտանգություն»,-ասել է Դավիթ Բաբայանը։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս պահին կան մշակված որոշակի սցենարներ, թե որ դեպքում ինչ կարելի է անել, այդ տեսանկյունից իրականացվելիք գործողությունները բխելու են ստեղծված իրավիճակից։ 

«Եթե ադրբեջանցիները ուզում են հարց քննարկել, ձև կա դրա համար, և դա ճանապարհը կաթվածահար անելը չէ։ Այս պահին Արցախը լիովին շրջափակված է, միակ ճանապարհը այդ 5 կիլոմետրանոց նեղ միջանցքն է, և եթե այսօր Արցախում տեղի ունենա ցեղասպանություն կամ էթնիկ զտում, դա կլինի սարսափելի աղետ, որին մասնակից կլինի նաև միջազգային հանրությունը»,- նշել Է Դավիթ Բաբայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter