HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ նախագահ. «Նկատում ենք, որ քաղաքացիների ու բիզնեսների մոտ կա եկամտի էական աճ»

2022 թվականը կամփոփվի 9-9.5% գնաճով

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս ամիս՝ դեկտեմբերին, Հայաստանում գնաճի տեմպերի որոշակի արագացում կլինի։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի տարեկան տվյալներով, 2021 թվականի համեմատ, գնաճը կկազմի 9-9.5%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Գլխավոր դրամատունը նկատում է, որ արտաքին գնաճային գործոնները շարունակում են ներթափանցել Հայաստանի տնտեսություն։ Դրան էլ գումարվում է Հայաստանում հատկապես ծառայությունների ոլորտում առաջացած բարձր պահանջարկը, որը կրկին գնաճի տեմպերի ավելացման հիմք է հանդիսանում։

Ծառայությունների ոլորտում բարձր պահանջարկն ու գնաճային ազդեցությունները առաջացել են հիմնականում մեծ թվով ռուսաստանցիների Հայաստան գալուց հետո։ Օրինակ՝ բանկային համակարգը այս տարի ռեկորդային եկամուտներ ու շահույթ է գրանցում։

ԿԲ-ն Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ անելիս այսօր երկու սցենար է դիտարկում։ Առաջինի պարագայում ռուսաստանցիների ներհոսքը շարունակվում է, ծառայությունների և մյուս ոլորտներում պահանջարկը մնում է բարձր, հետևաբար՝ գնաճի տեմպերը ևս մնում են բարձր։

Երկրորդ սցենարի հիմքում՝ ենթադրությունն է, որ ռուսաստանցիների ներհոսքը (կամ ինչպես ԿԲ-ն է ձևակերպում՝ միջազգային այցելուների հոսքը) կպակասի, եկածների մի մասը հետ կգնա, և գնաճի տեմպերը կմեղմվեն։ Սակայն, գլխավոր դրամատունը ավելի հակված է առաջին սցենարին։

Հետևաբար, հաշվի առնելով գնաճային բարձր ռիսկերը՝ Կենտրոնական բանկը այսօր որոշում է կայացրել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%: Դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս է բանկերին։ Դրա բարձրացումը շղթայական ազդեցությամբ կարող է զսպել գնաճը։

Մարտին Գալստյանը վստահ է, որ այս տարվա ընթացքում ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետևանքով բանկերը շատ չեն բարձրացրել քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները։

«Մենք հետևողականորեն՝ ավելի քան 7%-ով բարձրացրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վարկավորման տոկոսադրույքները, սակայն, եթե նույնիսկ աճել են, աճել են շատ ավելի ցածր տեմպով, քան ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճն է։ Ու այլ աղբյուրներից, այսինքն՝ ոչ պրոֆիլային գործունեությունից եկած եկամուտները՝ մատուցվող ծառայություններից, փոխարկումներից, կոմիսիոն վճարներից, բանկերին հնարավորություն են տվել վարկավորման տոկոսադրույքը բարձրացնել շատ ավելի մեղմ, քանի ԿԲ-ն բարձրացրել է իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- նշեց ԿԲ նախագահը։

Չնայած, որ երկրում բարձր գնաճ է, սակայն Կենտրոնական բանկի մասնագետները եկել են եզրահանգման, որ Հայաստանում այսօր գրանցվող երկնիշ տնտեսական աճը բաշխվում է ոչ միայն բիզնեսների, այլև՝ քաղաքացիների միջև։

«Ու մենք նկատում ենք, որ քաղաքացիների ու բիզնեսների մոտ կա եկամտի էական աճ։ Եկամտի աճի արդյունքում մենք տեսնում ենք մի իրավիճակ ու մեր հարցումներն են ցույց տալիս նաև բանկերի հետ խոսելիս, որ մարդիկ և բիզնեսները նախօրոք մարում են իրենց եղած վարկերը։ Այսինքն՝ ունեն բավարար եկամուտ։ Իհարկե, դա չի վերաբերում բոլորին»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter