
Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կոչը Ռուսաստանի դեսպանին. «Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» վերնագրով ԱԺ հայտարարության նախագիծը։
Հայտարարության ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, միտումնավոր և նպատակաուղղված կերպով հումանիտար ճգնաժամ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում:
Ազգային ժողովն իր հայտարարությամբ կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արվում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Հայտարարությամբ կոչ է արվում նաև Ռուսաստանի Դաշնությանն իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ճիշտ կլիներ հայտարարության շեշտադրումները փոխվեր՝ Ռուսաստանից պահանջեին կատարել իր ստորագրած հայտարարության կատարումը, իսկ միջազգային հանրությունից ուղղակի խնդրեին:
«Եթե Միացյալ նահանգների դեսպանատունը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին վայրագություններին վերջ տալ, ինձ հասկանալի չէ Ռուսաստանի դեսպանատան լռումը, լուռ կեցվածքը Բաքվում, և հասկանալի չէ Ռուսաստանի դեսպանի պահվածքը Հայաստանում: Թող վեր կենա գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:
Պատգամավոր Արսեն Թորոսյանը ևս ճիշտ չի համարում նույն կոչով դիմել Ռուսաստանին և միջազգային հանրությանը: Նա նույնպես առաջարկում է փոխել շեշտադրումները:
Մեկնաբանել