HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Վիգեն Խաչատրյան. «Ռուսաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից շարունակեց իր կոշտ հայտարարությունը՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունների դեմ՝ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: Նա նշեց, որ ԱԺ հայտարարությունը պետք է լինի կշռադատված և զուսպ, սակայն մյուս կողմից չեն կարող իրականությանն ուղղակի չնայել:

«Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասեր՝ ճանապարհը մի՛ փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, այս բոլորը դրան է ուղղված»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» վերնագրով ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու և ընդունելու համար:

Պատգամավորը նշեց, որ անհամբեր սպասում են, որ ղարաբաղցիները չդիմանան մի նռնակ պայթեցնեն կամ այլ սարերով նոր Լաչինի ճանապարհ փնտրեն:

«Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից: Սա մենք պիտի հասկանանք և ուղղակի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի հետ և մեր գործընկերների հետ: Ռուսաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե Ռուսաստանը 20-րդ դարի քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին:

Վիգեն Խաչատրյանը «ռևանշիստ» անվանեց ընդդիմադիրներին՝ կոչ անելով գնալ Ռուսաստանի դեսպանատան դիմաց պայքարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter