
Ազգային ժողովն ընդունեց Լաչինի միջանցքին վերաբերող հայտարարությունը
Ազգային ժողովը 57 կողմ, 0 դեմ, 0 դեմ ձեռնպահ ձայներով ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» վերնագրով ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին նախագիծն ու քննարկումը՝ կոչ անելով իրենց կողմնակիցներին այսօր Հանրապետության հրապարակում գալ հանրահավաքի:
Ազգային ժողովն իր հայտարարությամբ կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արվում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Հայտարարությամբ կոչ է արվում նաև Ռուսաստանի Դաշնությանն իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
Մեկնաբանել