Ալիև. «Ադրբեջանը 2024 թվականին կավարտի Զանգեզուրի միջանցքի ստեղծման բոլոր աշխատանքները»
Ադրբեջանը 2024 թվականին իր տարածքում կավարտի բոլոր աշխատանքները, որոնք կապված են «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ներկայումս մենք ակտիվոերն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացմամբ։ Զանգեզուրի միջանցքի հատվածում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, իրականացվել է երկաթուղու գցման աշխատանքների 40 %-ը և ավտոճանապարհների կառուցման 70 %-ը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որի արդյունքում ի հայտ կգա տրանսպորտային նոր միջանցք»,- ասել է Ալիևը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայկական կողմի համար Ադրբեջանի հետ բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկն է։ Ադրբեջանը Սյունիքի մարզում պահանջում է ճանապարհ, որն ուղղակիորեն չի վերահսկվի Հայաստանի կողմից, իսկ ադրբեջանական մեքենաները, առանց հայ մաքսավորների կամ ոստիկանության հետ առնչվելու, կկարողանան անարգել երթևեկել այդ ճանապարհով։
Հայաստանը տարբեր մակարդակներով, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ միջանցք տրամադրել Ադրբեջանին, սակայն դեմ չեն Բաքվի հետ բացել հաղորդակցային բոլոր ճանապարհները, որի հետևանքով յուրաքանչյուր երկրի ճանապարհ կլինի իր իրավասության ներքո։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանը ձգտում է ցամաքային կապ ունենալ Նախիջևանի հետ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիա։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել