
ԻՏՁՄ-ն ևս արձագանքեց Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությանը
Ս.թ. մայիսի 31-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվել է Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը, որում, մասնավորապես, բացասական որակավորումներով անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակին, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը:
Ելնելով վերոգրյալից, հայտարարում ենք հետևյալը.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս 2000թ.-ից հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և այս տարիների ընթացքում, չնայած առկա որոշ խնդիրների, տարեց տարի արձանագրում է կայուն աճ (տարեկան միջինում 25%), և այս տենդենցը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում: Ավելին, 2011թ. ոլորտի աճը շուրջ 30% էր:
Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է միջինում 30-40 նոր ընկերություն)՝ ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ:
Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր «հիմա ցավով արձանագրել, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է»:
Կարծում ենք, որ նշված եզրակացությունը Հայտարարության հեղինակի թյուրիմացության մեջ գտնվելու արդյունք է, որն էլ իր հերթին հետևանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր և այլն) վերջինի՝ բավական երկար ժամանակ անմասն լինելու:
Հարկ ենք համարում նաև նշել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005թ.-ից հանդիսանում է ՏՀՏ և Բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ:
Վերջին տասը տարիների ընթացքում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունն, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում:
Հայաստանյան և միջազգային մասնավոր, պետական, հասարակական և այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ի կողմից նախաձեռնվել և իրականացվում են ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին են որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձևավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորումն ու բարձրացումը:
ՁԻՀ-ն իր մասնագիտական թիմով միշտ վստահելի և կայուն գործընկեր է եղել Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների և միությունների համար: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև օտարերկրյա գործընկերների կողմից, և այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում:
ՁԻՀ-ի գործունեությամբ հիրավի հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտայինք այցելել հիմնադրամի պաշտոնական կայքէջը (www.eif.am), որտեղ մանրամասնորեն նկարագրված են իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել