HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բաքվի պահվածքը հստակորեն միտված է լայն իմաստով տարածաշրջանն ապակայունացնելուն»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ հաջորդ օրը արգելափակել են դեպի Արցախ գազի մատակարարումը: Որո՞նք են Արցախի հայությանն ահաբեկելու Բաքվի նման փորձերի մոտակա եւ հեռահար նպատակները:

-Բաքվի պահվածքը հստակորեն միտված է լայն իմաստով տարածաշրջանն ապակայունացնելուն: Դրան են միտված նաեւ Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Իհարկե, Իլհամ Ալիեւը հույս ունի այս միջոցով լուծել նաեւ իր համար դեռեւս չլուծված Արցախի խնդիրը՝ արցախահայության բռնագաղթը կամ ոչնչացումը եւ հայկական մնացած տարածքների նկատմամբ իր վերհսկողության հաստատումը: Այսինքն՝ կա խոշոր արտաքին դերակատարների շահերի սպասարկումն ապահովող մեծ պատերազմ հրահրելու խնդիր, որի շրջանակներում Բաքուն կփորձի նաեւ իր նեղ հարցերը լուծել:

-Բաքուն փաստացի սադրում է ռուս խաղաղապահ ուժերին, ինչին Ռուսաստանից դեռ արձագանք չի եղել: Ինչո՞վ եք պայմանավորում Ռուսաստանի լռությունը:

-Ռուսական կողմը տեղում ո՛չ ունակ է համարժեք արձագանքել սադրանքներին, ո՛չ էլ կարող է անտեսել դրանք: Միաժամանակ տեսանելի է, որ լարվածության աճ է տեղի ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում: Դա նշանակում է, որ իրավիճակն առավել է թեժանալու գլոբալ մակարդակում, եւ ադրբեջանական սադրանքներն Արցախում դրան են միտված:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով, որ փորձագիտական շրջանակներն անընդհատ զգուշացնում էին Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին:

-Վաղուց դադարել եմ իշխանություններին հրապարակավ խորհուրդներ տալուց, քանի որ դրա իմաստը չեմ տեսնում: Մարդիկ, միեւնույն է, անում են այն, ինչ բխում է իրենց խմբակային շահերից ու կենցաղային բնույթ ունեցող պատկերացումներից: Ու խոսքս միայն գործող իշխանություններին չի վերաբերում, նախկինում էլ էր այս վիճակը:

-Եվրամիությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու Հայաստան ուղարկված դիտորդական առաքելության մանդատը՝ չպատճառաբանելով դա: Ինչո՞վ եք պայմանավորում սա, եւ արդյոք դա կարող է ոգեւորել Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ ունեցող ադրբեջանցիներին:

-Ես դա գնահատում եմ որպես պատերազմի վտանգի աճը հաշվի առնող եւ անգամ խրախուսող գործողություն ԵՄ-ի կողմից: Չեն ուզում այս սրվող իրավիճակում իրենց դիտորդներին հարվածի տակ թողնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter