HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պետական կառույցները չեն կարողանում փակել ապօրինի գործող բենզալցակայանը

Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող «Տիտան» բենզալցակայանը ապօրինի է գործում։ Բենզալցակայանի գործունեությունը փաստաթղթերով կասեցվել է, բայց այն անխոչընդոտ շահագործվում է։

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մերի Գևորգյանը «Հետք»-ին տրամադրել է մի շարք փաստաթղթեր, որոնք հիմնավորում են բենզալցակայանի ապօրինի գործունեությունը։ Փաստաբանի և մեր կատարած ուսումնասիրությունն էլ թույլ է տալիս ենթադրել, որ բենզալցակայանի սեփականաշնորհումը մութ գործարքներով է իրականացվել։

Այսպես՝ վարչապետի ենթակայությամբ գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ խախտումներ է գտել Արաբկիր վարչական շրջանում գործող «Տիտան» բենզալցակայանում։ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը որոշել է «Տիտան օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի շահագործումն արգելելու մասին կարգադրագիր ստորագրել։

Ըստ կարգադրագրի՝ Հրաչյա Քոչար և Վահրամ Փափազյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գործող բենզալցակայանում վառելիքի պահեստավորման տարաները գտնվում են բենզալցակայանի տանիքին։ Դա այն դեպքում, երբ Հայաստանում արգելված է բենզալցակայանում վառելիքի վերգետնյա պահեստավորումը (թույլատրվում է միայն ստորգետնյա պահեստավորումը)։ Դրանից բացի՝ հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ։ Օրինակ՝ հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքի վրայով էլեկտրահաղոդրման գծեր են անցում։ Պարզ ասած՝ բենզալցակայանի տանիքին մի քանի տոննա ծավալով տարաներում բենզին է պահեստավորվում, որի վրայով հոսանքի լարեր են անցնում։ Տեսչական մարմինը բենզալցակայանում ևս 9 խախտում է հայտնաբերել։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կարգադրագրում նշված է, որ կարգադրագիրը ստանալու պահից պետք է այն անհապաղ կատարել։ Իսկ իրականո՞ւմ։ Իրականում կարգադրագիրը մնացել է թղթի վրա։ «Տիտան օիլ» ՍՊԸ-ն այսօր էլ՝ դեկտեմբերի 16-ին, ինչպես դրան նախորդող բոլոր օրերին, բենզալցակայանն անխափան շահագործում է։ 

Այդուհանդերձ, «Տիտան օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Օնանյանը նոյեմբերի 25-ին դիմել է Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արամ Ազատյանին, հայտնել, որ տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով բենզալցակայանի շահագործումն արգելվել է։ Ընկերության տնօրենը վարչական շրջանի ղեկավարին խնդրել է վերը նշված հիմքի առկայությամբ պայմանավորված՝ ՍՊԸ-ին վերադարձնել բենզալցակայանի գործունեության համար վճարված տեղական տուրքն ու 24:00-ից հետո աշխատելու թույլտվության վճարը։ 

Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը նոյեմբերի 22-ին «Տիտան օիլ» ՍՊԸ-ի տնօրենին գրավոր հայտնել է, որ տեսչականի արգելքից հետո բենզին վաճառելու դեպքում վարչական տույժի կենթարկվի։ Արդեն դեկտեմբերի 8-ին վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը վարչարարություն է սկսել՝ ՍՊԸ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս ամենը նույնպես չի անհանգստացնում ընկերությանը, հրդեհավտանգ կոպիտ խախտումներով բենզալցակայանը շարունակում են շահագործել։

Տեղեկացանք նաև, որ բենզալցակայանի ապօրինի շահագործման վերաբերյալ փաստաբան Մերի Գևորգյանը դիմումներ է հասցեագրել Պետեկամուտների կոմիտե (արգելքի պայմաններում տնտեսական գործունեություն ձեռնարկելու փաստով), հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դիմել է նաև առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին (բենզալցակայանի աշխատակիցների անվտանգության հարցով)։ Պետական կառույցներում, հավանաբար, դեռ ծանոթանում են փաստաթղթերին։

Ո՞ւմ է պատկանում բենզալցակայանը

Հրաչյա Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանը սեփականության իրավունքով պատկանում է «Սիվաս» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունից է տարածքը վարձակալել «Տիտան օիլ» ՍՊԸ-ն։ «Սիվաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող բենզալցակայանը կառուցված է մայթի տեղում։ Թե ինչպես է «Սիվաս» ՍՊԸ-ին հաջողվել մայթի տեղում բենզալցակայան կառուցել և սեփականաշնորհել այն, իրավապահները կարող են պարզել։ Նշենք միայն, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Սիվաս» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի։ Ընկերության բաժնետոմսերը հավասարապես (50/50) պատկանում են Տիգրան Դարբինյանին ու Առաքել Հարությունյանին։ Տիգրան Դարբինյանը ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս հայ–ռուսական համալսարանի (Սլավոնական) ռեկտոր Արմեն Դարբինյանի եղբայրն է։

Գլխավոր լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արամ Ազատյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը (ձախից աջ)

Տեսանյութի մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter