HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը

Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «էկոակտիվիստ» ու պահանջում իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են, սովորական խամաճիկներ Ալիեւի եւ նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար:

Քաղաքական շարժառիթների մասին շատ է խոսվել այս ընթացքում՝ գլխավոր նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ ահա տնտեսական շարժառիթը Կաշենի հանքավայրն Արցախից զավթելն է, ինչի ուղղությամբ առաջին քայլը, ըստ էության, ադրբեջանցիներն արել են դեռ այս տարվա հուլիսի 5-ին:

Այդ օրը փոփոխություն է կատարվել Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում, ինչով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area): Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարեւանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը:

Դրմբոնն ու Կաշենը շահագործել ու շահագործում է արցախյան «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն

Կաշենի հանքը շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ Մեթըլս» («Base Metals») ՓԲԸ-ն: Վերջինս հիմնադրվել է 2002-ի օգոստոսին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի հիման վրա լեռնահանքային համալիր կառուցելու եւ հանքարդյունաբերություն իրականացնելու նպատակով: ՓԲԸ-ն սկզբում իրականացրել է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի վերագնահատողական ուսումնասիրություն, հանքավայրը նախապատրաստել արդյունաբերական շահագործման ու սկսել հարստացուցիչ համալիրի կառուցումը: Շինարարությունն սկսելուց 13 ամիս անց համալիրում մեկնարկել է պղինձ-ոսկու ապրանքային խտանյութի արտադրությունը: Դրմբոնի ստորգետնյա հանքավայրից արդյունահանվել է շուրջ 2,9 մլն տ հանքաքար, արտադրվել է մոտ 206 հազ. տ խտանյութ:

2007-ից «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն եր­կրաբա­նահետախուզական աշխա­տանք­ներ է սկսել Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել է շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար: 2012 թ. վերջին եռամսյակում Կաշենի հանքավայրում սկսվել են կապիտալ մակաբացման աշխատանքները, իսկ արդեն 2013 թ. ապրիլից հանքավայրում արդյունահանվում է պղինձ-մոլիբդենային հանքաքար, որը վերամշակվել է Դրմբոնի ֆաբրիկայում, մինչեւ Կաշենի հանքավայրի մոտ հարստացուցիչ ֆաբրիկա կկառուցվեր: 2014 թ. ապրիլին մեկնարկել են Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքները, իսկ 2016-ի հունվարին լեռնահանքային համալիրը պաշտոնապես գործարկվել է տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքարի վերամշակման մեկնարկային հզորությամբ:

«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն ունի շուրջ 2000 աշխատող: Այս ընկերությունն Արցախի ամենամեծ հարկատուն է: ՓԲԸ-ն գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Վալլեքս» խմբի ընկերություններից է:

Ադրբեջանն «Anglo Asian»-ին էր «հանձնել» 6 տարածք, այդ թվում՝ Արցախում

«Anglo Asian Mining»-ն իր կայքում հայտնում է, որ դեռ 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ն: Իսկ նրանց կապողը սեփականատերն է՝ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը: Վերջինս հիմնադրվել էր 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ», ինչպես օֆշորային գոտիները:

Ամերիկյան ընկերության ձեռք բերած տարածքներն էին Գեդաբեկը (հայկական պատմական Գետաբակն է), Գոշան, Օրդուբադը, Սոյուդլուն (նույն Սոթքն է), Ղզլբուլաղն ու Վեյնալին: Սրանցից վերջին երեքը Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում էին ԼՂՀ-ի վերահսկողության ներքո. այսպես՝ Սոթքի հանքի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզում է, մնացածը՝ պատմական Քարվաճառում, Ղզլբուլաղի տարածքը ներառում է Արցախի Մարտակերտի շրջանի մի մասը (Սարսանգի ջրամբարից հարավ) ու որոշ հատված Ասկերանի շրջանից, սակայն դրա հիմնական ռեսուրսը Դրմբոնի հանքն է, Վեյնալին էլ (այլ աղբյուրներում՝ Վեջնալի) պատմական Կովսականում է (Զանգելան):  

Այդուհանդերձ, Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական «Anglo Asian Mining»-ով: Վերջինս մինչեւ 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում:

Գեդաբեկի պայմանագրային տարածքում, որն ավելի քան 300 քկմ է, հետախուզություն եւ արդյունահանում կատարելու իրավունքները «Anglo Asian Mining»-ն ստացել է 2007-ին 25 տարի ժամկետով: Հանքարդյունաբերական գործունեությունն այստեղ սկսվել է 2008-ին: Հիմնական մետաղներն են ոսկին, պղինձը, արծաթը:

Գեդաբեկն, ըստ էության, բրիտանական ընկերության գործունեության գլխավոր շրջանն է:

Գեդաբեկի համալիրում մշակվում է նաեւ հարեւան Գոշայի պայմանագրային տարածքից (300 քկմ) արդյունահանված ոսկին, պղինձն ու արծաթը: Գոշան շահագործվում է 2014-ից:

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Օրդուբադի պայմանագրային տարածքում (462 քկմ) դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում:

Խեղաթյուրելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը՝ բրիտանական ընկերությունը նշում է, թե իբր այդ համաձայնության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջեւան միջանցք է գործելու, ինչը մեծապես կօգնի «Anglo Asian Mining»-ի կողմից Օրդուբադի ռեսուրսների արդյունահանման ծրագրին: Այսինքն՝ տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի (եւ նրանց հայտնի ու անհայտ աջակիցների) այդքան փափագած «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը ոչ միայն քաղաքական ու ռազմական, այլ նաեւ տնտեսական բաղադրիչ ունի, որի ապացույցներից մեկն էլ «Anglo Asian Mining»-ի յուրատեսակ խոստովանությունն է:    

Բրիտանական ընկերությունը Սոթքի հանքի փոխարեն «ստացել է» 3 նոր տարածք

2022 թ. հուլիսի 5-ին «Anglo Asian»-ը Գեդաբեկի ու Գոշայի հարեւանությամբ 2 նոր տարածք է ստացել՝ Ղարղարն ու Ղարադաղը: Սրանցից առաջինը պղնձի հանքարդյունաբերական գոտի է, երկրորդը՝ պորֆիրի, որը հրաբխածին ապար է եւ ծառայում է որպես շինանյութ, չնայած պորֆիրի որոշ տեսակներ ներառում են նաեւ գունավոր մետաղներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, պալադիմում, ռենիում:

Բրիտանական ներդրողները բավական ոգեւորված են այս նոր ձեռքբերմամբ: Ընկերության կայքում նշվում է, որ Ղարադաղի պորֆիրի հանքավայրում կա 300 հազ. տոննա պղինձ, որի գինը գնահատվում է ավելի քան 3 մլրդ դոլար:  

Հուլիսին իբր ձեռք բերված երրորդ գոտին Դեմիրլին է՝ Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածը՝ Կաշենի հանքով, որը եղել ու մնում է հայկական վերահսկողության ներքո, ինչով էլ դարձել է Բաքվի ռեժիմի ու նրա հետ համագործակցող բրիտանական ձեռնարկության աչքի փուշը: «Anglo Asian»-ը, խոսելով Կաշենի պաշարների մասին, մեջբերում է 2016-ի հունվարին՝ Կաշենի համալիրի բացման ժամանակ, «Բեյզ Մեթըլսի» տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Կաշենում պղնձի պաշարները գնահատվում են 275 հազ. տոննա, իսկ մոլիբդենինը՝ 3200 տ: Բրիտանական ընկերությունը չի մոռանում նշել, թե սա իբր չհիմնավորված գնահատական է:

Ըստ «Anglo Asian»-ի՝ Ղարղարի, Ղարադաղի ու Դեմիրլիի հանքարդյունաբերական գոտիների ընդհանուր տարածքը 882 քկմ է: Ընկերությունը նաեւ նշում է, որ 2022 թ. հուլիսի 5-ի պայմանագրային փոփոխությամբ ինքը հրաժարվել է Սոթքի հանքից: Ըստ էության, Հայաստան-Ադրբեջան շփման գծով կիսված հանքը բրիտանական արդյունաբերողի համար գլխացավանք էր, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաեւ, թե ինչ ծրագրեր ունի Ալիեւն այս հանքի մասով. ի վերջո, Սոթքը տարածաշրջանում ոսկու ամենամեծ հանքավայրերից է: Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Սոթքի հանքը շահագործում է ռուսական արմատներով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն:

Ամեն դեպքում, «Anglo Asian»-ը դատարկաձեռն չի մնացել ու Սոթքի փոխարեն ստացել է Ղարղարը, Ղարադաղն ու Դեմիրլին:

Այսպիսով՝ նախկին 6-ի փոխարեն այժմ բրիտանական ընկերությունը թղթի վրա ունի 8 պայմանագրային տարածք, որոնց ընդհանուր մակերեսը, ըստ «Anglo Asian»-ի, 2544 քկմ է: Դրանցից 3-ը, ինչպես նշեցինք վերը, շահագործվում կամ հետախուզվում են:

«Վերականգնված» տարածքները

Մյուս երկու տարածքները, որոնք բրիտանական ընկերությունը ներկայացնում է որպես «վերականգնված», Վեյնալին (Վեջնալի) ու Ղզլբուլաղն են, որոնք դեռ 1997-ին Ադրբեջանը թղթով հանձնել էր ամերիկյան «RV Investment Group Services»-ին:  

Վեյնալին ոսկու արդյունահանման գոտի է պատմական Կովսականում (Զանգելան): Քանի որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Կովսականն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, Վեյնալիի հանդեպ իր ունեցած իրավունքները «Anglo Asian»-ը համարում է «վերականգնված»: Ընկերությունն ասում է, թե «հայկական օկուպացիայի» ժամանակ այստեղ հանքարդյունաբերական որոշ գործունեություն է ծավալվել, որը հետո դադարեցվել է (նկատի ունեն 2020 թ.), եւ հիմա իբր շրջանը պաշտպանված է Ադրբեջանի կառավարության կողմից, ու իրենք մուտք ունեն հանքավայր:

Ըստ «Anglo Asian»-ի՝ Վեյնալիում կուտակված հանքաքարը (չի ասվում, բայց տրամաբանական է՝ հայերի կողմից արդյունահանված) տեղափոխվել ու մշակվել է Գեդաբեկի համալիրում 2021-ի դեկտեմբերին: «Ներկայում տեխնիկական ուսումնասիրություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք տնտեսապես շահավետ է վերսկսել արդյունահանումը գոյություն ունեցող ստորգետնյա հանքից»,- նշվում է «Anglo Asian»-ի կայքում:

Եթե Վեյնալին փաստացի ադրբեջանցիների վերահսկողության տակ է, եւ դրա հանդեպ «Anglo Asian»-ի իրավունքները «վերականգնված» են, ապա Ղզլբուլաղ կոչվող պայմանագրային տարածքը ներկայում Ծաղկաշենի (Դեմիրլի) նման անհասանելի է բրիտանական ձեռնարկությանը, ու անհեթեթություն է դրա հանդեպ ինչ-որ «վերականգնված» իրավունքների մասին խոսելը: Այդուհանդերձ, Արցախի Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասն ընդգրկող այս պայմանագրային տարածքը համեղ պատառ է «Anglo Asian»-ի համար, ինչի մասին խոսում է վերջինիս կայքում առկա ինֆորմացիան:

Ըստ այդմ՝ Ղզլբուլաղը ներառում է մի քանի հանք եւ ունի հետախուզման հրաշալի ներուժ: Նշվում է, որ այստեղ կա պղնձամոլիբդենային հանքավայր եւ գործարան (նկատի ունեն Դրմբոնի հանքն ու ֆաբրիկան): «Տվյալներ կան, որ Ղզլբուլաղի պղինձ-ոսկու հանքավայրից տարեկան մինչեւ 35 հազ. ունցիա (շուրջ 1 տոննա - «Հետք») ոսկի է արդյունահանվել, մինչեւ հանքը կփակվեր մի քանի տարի առաջ»,- իր կայքում նշել է «Anglo Asian»-ը՝ նկատի ունենալով Դրմբոնի հանքի ու ֆաբրիկայի շահագործումը «Բեյզ Մեթըլսի» կողմից: «Ներկայում այս տարածքում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են ռեգիոնի անվտանգությունը,- ասվում է բրիտանական արդյունահանողի կայքում, ապա անդրադարձ է կատարվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերին,- կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ընկերության համար ֆիզիկապես մուտք ապահովվի ռեգիոն՝ օգտակար հանածոների հետախուզում իրականացնելու համար»:

Շարունակելի

Առաջին լուսանկարում՝ Կաշենի բաց հանքավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter