HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը

սկիզբը

Դեկտեմբերի 12-ից Արցախ-Հայաստան ցամաքային միակ ճանապարհը փակած ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստներին Բաքվից ղեկավարող Ալիեւը, ինչպես արդեն գրել ենք, Սոթքի հանքի մի մասի (Ադրբեջանի վերահսկողությանն անցած) փոխարեն բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ին է «հանձնել» հանքարդյունաբերությամբ զբաղվելու 3 այլ տարածք, որոնցից մեկը Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան մասն է՝ Կաշենի հանքով (ադրբեջանցիները կոչում են Դեմիրլի):

«Anglo Asian»-ի իրացրած օգտակար հանածոներից հասույթ է ստանում նաեւ Ադրբեջանը

Հիշեցնենք, որ ընկերության «ստացած» 8 տարածքներից 2-ը գտնվում են Արցախում: Խոսքն այսպես կոչված Ղզլբուլաղի (ներառում է Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասը) ու Դեմիրլիի մասին է, որոնց հանդեպ ախորժակ ունի ոչ միայն բրիտանական ընկերությունը, այլեւ հենց Ադրբեջանը, քանի որ «Anglo Asian Mining»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն (այն կոչվում է «Production Sharing Agreement»՝ արտադրանքի բաժանման համաձայնագիր)՝ այդ երկրի կառավարությունն ու բյուջեն եւս շահ են ակնկալում:

Ըստ այդ պայմանագրի՝ բրիտանական կողմը կարող է ստանալ օգտակար հանածոների վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 75 տոկոսը, ինչի նպատակն ընկերության կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելն է: Մնացած հասույթը (նվազագույնը 25 տոկոս) բաժանվում է կողմերի միջեւ հետեւյալ կերպ՝ Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանը՝ 51 տոկոս, բրիտանական արդյունաբերողին՝ 49: Այսինքն՝ օգտակար հանածոյի վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 87,75 տոկոսը բրիտանական կողմինն է, իսկ մնացածը (12,25 տոկոս)՝ Ադրբեջանինը:

Բացի դրանից՝ ընկերությունը վճարում է 32 տոկոս շահութահարկ:   

Բրիտանական արդյունաբերողն առաջին անգամ դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից 

Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գործունեության հասցեն Բաքուն է, ավելին՝ մինչեւ այս տարվա հունվար ամիսը բրիտանական ընկերությունը հանքարդյունաբերական գործունեություն է ծավալել բացառապես Ադրբեջանում:

Բանն այն է, որ այս տարվա հունվարին «Anglo Asian Mining»-ն ավարտին է հասցրել կանադական «Libero Copper & Gold Corporation»-ում 19,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու գործարքը, որը պղնձամոլիբդենային եւ պղինձ-ոսկու հանքավայրեր է հետախուզում Կոլումբիայում, Կանադայում եւ Արգենտինայում:

Ընկերության 43 տոկոսը պատկանում է տնօրեններին

2022 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ «Anglo Asian Mining»-ի բաժնետոմսերի 43 տոկոսը կենտրոնացած է դրա տնօրենների եւ սրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում:

Իրանի շահի հպատակը՝ հեղափոխությունից հետո ԱՄՆ-ում տեղավորված Ռեզա Վազիրին

Գլխավոր բաժնետերը 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին է (Mohammad Reza Vaziri), որն ունի 28,67 տոկոս: Վերջինս նաեւ ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է:

Ազգությամբ պարսիկ Վազիրին, հիշեցնենք, դեռ 1997-ին էր ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ով մտել Ադրբեջանի հանքարդյունաբերության ոլորտ՝ պայմանագիր կնքելով այդ երկրի կառավարության հետ, սակայն ակտիվ գործունեությունը սկսել է միայն 2000-ականների երկրորդ կեսին բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի միջոցով: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «RV Investment Group Services»-ը հիմնադրվել է 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ»: Ըստ «Anglo Asian Mining»-ի կայքի՝ ամերիկյան ընկերությունը ներկայում իր դուստր ձեռնարկությունն է:

Ռեզա Վազիրին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից տուժածներից մեկն էլ Ռեզա Վազիրին էր, որն այնուհետ արմատներ գցեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Ադրբեջանում. երկրներ, որոնց հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր, մեղմ ասած, ոչ բարեկամական են:

Վազիրին նաեւ ԱՄՆ-Ադրբեջան առեւտրային պալատի հիմնադիր է ու տնօրենների խորհրդի ցմահ համանախագահը, ու ինչպես ասվում է «Anglo Asian Mining»-ի կայքում, «իր ժամանակի մեծ մասը նվիրում է այդ երկու երկրների գործարար հարաբերությունների զարգացմանը»: Այդ նույն պալատն ունի խորհրդականների պատվավոր խորհուրդ, որում ներգրավված են ԱՄՆ նախկին պետքարտուղար, ֆինանսների նախկին նախարար (քարտուղար), Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջեյմս Բեյքերը, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն, որին կանդրադառնանք ստորեւ, ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը: Առեւտրային պալատն ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ են Իլհամ Ալիեւը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, Ադրբեջանի նախկին փոխարտգործնախարար Հաֆիզ Փաշաեւը:  

«Anglo Asian Mining»-ի կայքում նշվում է նաեւ, որ Ռեզա Վազիրին բնակվում է Բաքվում, Լոնդոնում եւ Վաշինգտոնում: Բրիտանական ռեգիստրում առկա փաստաթղթերում Ռեզա Վազիրին նշվում է որպես ԱՄՆ քաղաքացի, բնակության երկիրը՝ Ադրբեջան, սակայն իբրեւ կոնտակտային հասցե ներկայացվում է «Anglo Asian Mining»-ի լոնդոնյան գրանցման հասցեն: Այդուհանդերձ, այնպես չէ, որ ԱՄՆ քաղաքացի Վազիրին ԱՄՆ-ում տուն չունի: Նրա ընտանիքին է պատկանում մայրաքաղաք Վաշինգտոնին կից Մերիլենդ նահանգի Բետեսդա (Bethesda) քաղաքի առանձնատներից մեկը (տես ստորեւ): 

Մոհամադ Ռեզա Վազիրին, սակայն, չի սահմանափակվում «Anglo Asian Mining»-ում իր անունով գրանցված 28,67 տոկոսով: Բանն այն է, որ բրիտանական հանքարդյունաբերողի 3,53 տոկոսը պատկանում է «Limelight Industrial Developments Limited»-ին, որի շահառու սեփականատերն այս տարվա ապրիլից Յասամին Վազիրի Լոթֆինեժադն է (Yasamin Vaziri Lotfinezhad): Վերջինս փոխկապակցված է Ռեզա Վազիրիին, ըստ ամենայնի, նրանք հարազատական կապ ունեն: Այսինքն՝ Վազիրիների ձեռքում է «Anglo Asian Mining»-ի 32,2 տոկոսը:

Յասամին Վազիրին իր ֆեյսբուքյան էջում 2019 թ. լուսանկարներ է հրապարակել Գեդաբեկի փակ հանքից ու ֆաբրիկայից, ինչպես նաեւ Բաքվից:

Սունունու գերդաստանը

Բրիտանական ընկերության մյուս խոշոր բաժնետերը, որին պատկանում է 9,38 տոկոս, 83-ամյա Ջոն Հենրի Սունունուն է (John Henry Sununu), որը նաեւ դրա տնօրենների խորհրդի անդամ է որպես ոչ գործադիր տնօրեն (non-executive director): Հանրապետական Սունունուն, որը հոր կողմից հունական եւ լիբանանյան ծագում ունի, իսկ մոր կողմից՝ հունական եւ իսպանական, 1983-1989 թթ. եղել է ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի նահանգապետը, իսկ 1989-1991 թթ. (Ջորջ Բուշ ավագի օրոք)՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը:

Ընդ որում՝ 2017-ից Նյու Հեմփշիրի նահանգապետը Սունունուի որդին է՝ նույնպես հանրապետական Քրիստոֆեր Սունունուն (Christopher Thomas Sununu):

«Anglo Asian Mining»-ի տնօրենների խորհրդում որպես ոչ գործադիր տնօրեն տեղավորվել է նաեւ Ջոն Սունունուի 8 զավակներից Մայքլ Սունունուն (Michael Charles Sununu), որն իր հերթին Նյու Հեմփշիրի Նյուֆիլդս (Newfields) քաղաքի խորհրդի նախագահն է այս պահին, այլ կերպ ասած՝ քաղաքագլուխը: Մ. Սունունուն նաեւ վերոնշյալ կանադական «Libero Copper & Gold Corporation»-ի տնօրենների խորհրդի անդամ է:

Փոքր բաժնետերերը

«Anglo Asian Mining»-ում 1,24 տոկոս բաժնեմաս ունի 80-ամյա Խոսրով Զամանին (Khosrow Zamani), որը ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է. Զամանին այս խորհրդում ներգրավված է որպես անկախ ոչ գործադիր տնօրեն (independent non-executive director): Ազգությամբ պարսիկ Զամանին, որն ԱՄՆ քաղաքացի է, ֆինանսական եւ բանկային համակարգում է աշխատել, այդ թվում՝ Թուրքիայում ու Սերբիայում:

Բրիտանական ընկերության 0,3 տոկոսն էլ պատկանում է Լոնդոնի կայսերական քոլեջի 80-ամյա բրիտանացի պրոֆեսոր Ջոն Մոնհեմիուսին (John Monhemius), որը նաեւ տնօրենների խորհրդի անդամ է որպես անկախ ոչ գործադիր տնօրեն: Մոնհեմիուսը լեռնամետալուրգիայի ոլորտում ակադեմիական ու արդյունաբերական հետազոտությունների ավելի քան 40 տարվա փորձ ունի:  

Վազիրին ու Սունունուն «Ottoman Mining»-ը դարձրել են «Anglo Asian Operations»

«Anglo Asian Mining Plc»-ի դուստր ձեռնարկություն է լոնդոնյան մեկ այլ հանքարդյունաբերական ընկերություն՝ «Anglo Asian Operations Limited»-ը, որը հիմնադրվել է 7 ամիս ավելի շուտ, քան առաջինը: Դա բնական է, քանի որ 2004-ի փետրվարին գրանցում ստացած ընկերությունն ի սկզբանե կապ չի ունեցել Մոհամադ Ռեզա Վազիրիի հետ, անունն էլ այլ է եղել՝ «Ottoman Mining Limited»:

Օսմանյան կայսրության հիշատակումն անվան մեջ հուշում է, որ ընկերությունն, ըստ էության, կապ է ունեցել թուրքերի հետ: Այդուհանդերձ, դրա սկզբնական մեծ ու փոքր բազմաթիվ բաժնետերերի մեջ միայն 2 թուրքի անուն կա, որոնց բաժնեմասերը մեծ չեն:

2005 թ. հունվարին «Ottoman Mining Limited»-ում տնօրեն են դարձել Ռեզա Վազիրին ու Ջոն Սունունուն, իսկ մի քանի ամիս անց այն անվանափոխվել է՝ դառնալով «Anglo Asian Operations Limited»: Ներկայում ընկերության տնօրենները հայր ու որդի են՝ Ջոն եւ Մայքլ Սունունուները:

Այսպիսով՝ տեսնում ենք, որ Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության 2 հիմնական բաժնետերերն են Բաքվի ռեժիմի հետ սերտ կապեր կապող պարսիկ գործարար Ռեզա Վազիրին՝ իրեն փոխկապակցված ընկերության հետ միասին, ինչպես նաեւ ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում ավանդաբար մեծ իշխանություն ունեցող Սունունու ընտանիքը՝ Ջոն Սունունուի գլխավորությամբ: 

Առաջին լուսանկարում՝ «Anglo Asian Mining»-ի կողմից շահագործվող Գեդաբեկի հանքարդյունաբերական համալիրը

Մեկնաբանություններ (3)

Arik Harutunyan
These comments are factless and biased opinions. The soviet union collapsed and Nagorno Karabakh/Artsakh is part of today Azerbaijan. Armenia and Azerbaijan need to get along.
Artin Terhakopian, MD
I agree with Dr. Antonian. Your exellent research will reach a larger audience if it is placed on Wikipedia. This is how we know who the backroom and often corrupt actors are. Thank you.
Lida Antonian
Dear Mr. Vahe Sarukhanyan, I am following the news about the Lachin Corridor blockade. Your investigative journalism has published valuable facts about the Anglo-Asian mining activities, which are having a direct impact on the blockade. The world at large is ignorant of these facts. I urge you to include these facts on Wikipedia. Wikipedia is a fact-driven source and often used by all in the United States. https://en.wikipedia.org/wiki/2022_blockade_of_the_Republic_of_Artsakh Thank you for your excellent work. Lida Antonian, PhD California, USA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter