HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողը չի վիրավորել և չի զրպարտել Լեռնապատի գյուղապետին

Ստացվել է Լեռնապատի գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով մայիսի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի կայացրած վճիռը, որով մերժվել է լրագրողի դեմ հայցը:

Անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը, հիմք ընդունելով «Հետք» թերթում լրագրող Ադրինե Թորոսյանի տպագրած մի հոդվածը, վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ լրագրողի`թերթին ներգրավելով որպես երրորդ անձ: Գյուղապետը պահանջում էր նույն թերթով հրապարակայնորեն հերքել հոդվածում իր կողմից զրպարտություն որակված փաստացի տվյալները, վիրավորելու համար ներողություն խնդրել իրենից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Նախնական դատական նիստին, փոփոխելով 1 միլիոնի դրամական պահանջը, դարձրեց 1 լումա: Գյուղապետը կանխավ պատրաստել և դատարանին էր ներկայացրել նաև ներողության տեքստ, որը լրագրողի անունից ցանկանում էր տպագրել տալ «Հետք» թերթում:

Ողջ դատավարության ընթացքում Վանո Եղիազարյանը պնդեց, որ լրագրողը կանխամտածված է ընտրել հոդվածի վերնագիրը`«Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն», որով զրպարտել է իրեն: Միաժամանակ նույն վերնագիրը նա վիրավորանք էր դիտում`հիմնավորելով. «Իբրև վերնագիր ընտրված հրապարակային արտահայտությունը հիմնված չէ ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված չէ գերակա հանրային շահով, ուստի համարվում է վիրավորանք»:

Հոդվածից հետևյալ մեջբերումն էլ`«Արտահայտություններից մեկն էլ`«Մենք ուզում ենք իմանալ`ըդտեղ արածողը Սամվե±լն ա լինելու, գյուղապե±տը, թե± ավագանին», գյուղապետ Վ. Եղիազարյանը որակել է վիրավորական`չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված», Վ. Եղիազարյանը վիրավորական էր համարում հետևյալ հիմնավորմամբ. «Ընդգծված արտահայտությունից և հատկապես որակել բառից պարզ է դառնում, որ լրագրողը համաձայն չէ, որ այն վիրավորանք է, որն ինքնին վիրավորական է»: 

Գյուղապետի համար «ինքնին վիրավորական» էր նաև լրագրողի կողմից իր գործունեության մասին գյուղի բնակչի կարծիքը մեջբերելը, որի վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

Պնդում էր, որ «հրապարակվել են փաստացի այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը, կրում են իրենց մեջ արատավորող որակ`նվազեցնելով հասարակության լայն շրջանակներում իր`որպես անձի, գիտնականի և քաղաքական գործչի մասին ստեղծված օբյեկտիվ կարծիքը»: Զրպարտություն էր դիտում մասնավորապես հետևյալ արտահայտությունը. «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար`2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»`ասելով, թե ինքը գումարային պահանջ չի ներկայացրել համագյուղացուն: Ըստ նրա`լրագրողն իրեն զրպարտել էր նաև հետևյալ տեղեկությամբ. «…չնայած ինքը`գյուղապետը, նշված արտահյատությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված», քանի որ, իր ասելով, հայցադիմումի մեջ նման բան չկա: 

Դատարանի վճռով, սակայն, «Հետքի» լրագրողի հրապարակած տեղեկությունները զրպարտիչ և վիրավորական չեն: Իր իրավական վերլուծություններում դատավոր Հովնանյանը վկայակոչել է երկու քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի հրապարակած նախադեպային որոշումներ`Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մեկնաբանությամբ: Գյուղապետի կողմից վիճարկվող արտահայտությունները քննարկելով այդ որոշումների համատեքստում`դատավոր Հովնանյանը հանգել է հետևության, որ հոդվածի վերնագիրը զրպարտություն չէ, քանի որ այն չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ. այն վերացական է և չի ներկայացնում գյուղապետի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ: Նշված վերնագիրն իրականում չի արատավորում և չի էլ կարող արատավորել գյուղապետի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Դատարանն արձանագրել է` իրականությանը համապատասխանում է լրագրողի հրապարակած տեղեկությունը, որ իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետն իր գյուղի բնակչից 1 միլիոն դրամ էր պահանջում, իսկ զրպարտության համար`2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Միաժամանակ դատարանը նշել է, որ գյուղապետը, որպես քաղաքացիական գործով հայցվոր, նշված պահանջով երկու անգամ է դիմել դատարան: «Անգամ նման հանգամանքից ելնելով`պատասխանողի (լրագրողի) մոտ կարող էր կարծիք ձևավորվել, որ հայցվորն ինքը (գյուղապետը) ևս իր հասցեին կատարված արտահայտության համար պատասխանատվության ողջամիտ չափ, ի թիվս այլ միջոցների, համարել է նաև նշված չափով գումարի բռնագանձման հնարավորությունը»,-վճռի մեջ նշել է դատավոր Հովնանյանը:

Գյուղապետի մատնանշած մյուս արտահայտության վերաբերյալ, ըստ որի`որակել բառով լրագրողն անհամաձայնություն է հայտնել գյուղապետի կողմից արտահայտությունը վիրավորանք դիտելու կապակցությամբ, դատավորը նշել է, որ որևէ հարցի կապակցությամբ լրագրողի չհամաձայնվելը գյուղապետի հետ չի կարող դիտվել վերջինիս ուղղված վիրավորանք, քանի որ լրագրողն ընդամենը լուսաբանել է դատարանում քննված գործը`դրա վերաբերյալ տեղեկացնելով հասարակությանը: Տվյալ դեպքում դատավորը վկայակոչել է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և ՀՀ  սահմանադրության 27-րդ հոդվածները, որոնցով ամրագրված են խոսքի, սեփական կարծիքի արտահայտման, տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունները:

Ինչ վերաբերում է լրագրողի կողմից «հռետորական» հարցի ձևակերպման հետ կապված մտքին, դատավորը նշել է, որ չնայած այն չի եղել հայցադիմումում, սակայն արտահայտվել է գյուղապետի կողմից դատարանում տված ցուցմունքի մեջ, որն էլ արձանագրվել է դատական ակտի համապատասխան հատվածում:

Այսպիսով`դատավոր Հովնանյանը գյուղապետի հայցադիմումը վիրավորանքի և զրպարտության մասով մերժել է, իսկ հայցադիմումով ներկայացված`գումարի բռնագանձման մասով`կարճել գործի վարույթը, քանի որ հայցվորը հրաժարվել է գումարային պահանջից: Տվյալ դեպքում էլ վկայակոչվել է Քաղ. դատ. օր.-ի 109-րդ հոդվածի 6-րդ կետը, համաձայն որի`դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Հայցադիմումի մասնակի մերժման և գործի վարույթը գումարային պահանջի մասով կարճման պայմաններում դատավորը, հաշվի առնելով, որ հայցվորը վճարել է պետտուրքի գումարը, դատական ծախսերի հարցը համարել է լուծված: Նաև վճռով ամրագրել է Վ. Եղիազարյանից հօգուտ Ադրինե Թորոսյանի բռնագանձել 150 000 դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Մեկնաբանություններ (2)

Garo
Why is Hetq trying to exonerate itself? Is it because there is too much of BS it is writing about, or because its reporter truly did insult the mayor of the town? I believe Hetq has lost its moral compass as a mouthpiece to all ill in this world and trying to wear a pseudo-justice on its ugly face.
Hetq
Come again Garo? The judge in the case exonerated the reporter of all charges...Please read the article again and get your facts straight. Have a good day and thanks for reading Hetq!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter