HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրավիճակի հանգուցալուծման կարելի է հասնել միայն քաղաքական եւ անվտանգային լուծումներով»

Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը արգելափակված է ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների կողմից:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի առաջնային նպատակը Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելն է: Այդ ճանապարհին Ադրբեջանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որոնք, ըստ պատգամավորի, նման են ահաբեկչության, ագրեսիայի, հարձակման: Իսկ դրսեւորումները կախված են կոնկրետ իրավիճակից:

«Այս փուլում դրված է խնդիր՝ այդ նպատակին (վերահսկողություն հաստատելուն) հասնել Արցախի հայաթափման միջոցով: Դա արտահայտվում է ինչպես Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողության, իսկ իրականում՝ Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների փակման միջոցով, այնպես էլ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի նկատմամբ վերահսկողության որեւէ միջոցով: Դա կարող է արտահայտվել բեռնափոխադրումների նկատմամբ օնլայն ռեժիմով վերահսկողությամբ, ֆիզիկական իմաստով՝ անցակետի տեղակայման միջոցով եւ այլն, այսինքն՝ ամեն դեպքում Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցներն Ադրբեջանի համար մեծ խնդիր են, եւ իր վերջնական նպատակին հասնելու համար փորձելու է դիմել ամենանենգ, ամենաանամարդկային ձեւերին»,- նշում է Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորում Ռուսաստանի լռությունն այս իրավիճակում, պատգամավորը պատասխանում է, որ տեղյակ չէ, թե Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ ինչ բանակցություններ է վարում, քանի որ դրանք չեն հրապարակվում: Նրա դիտարկմամբ՝ միայն ճանապարհը փակելու առաջին օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահն առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ, սակայն այդ զրույցների մանրամասները մինչեւ այս պահը հայտնի չեն: Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակի մեծաքանակ բաղադրիչներ դեռեւս հանրայնացված չեն, եւ տվյալ դեպքում դժվար է ասել, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ստեղծված իրադրության վերաբերյալ ու ինչ ջանքեր է գործադրում միջանցքի բնականոն շարժը վերականգնելու ուղղությամբ:

Իսկ հարցին, թե ինչ քայլեր պետք է անեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները ստեղծված իրավիճակում, մեր զրուցակիցը պատասխանում է. «Իրականության մեջ մեր գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն իրենց քայլը կատարել են դեռեւս 2020 թ. պատերազմական գործողություններից հետո՝ ստորագրություն դնելով նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի տակ, որը կանաչ լույս է վառել Ադրբեջանի՝ տարբեր փուլերում դրսեւորվող  ագրեսիայի համար: Եվ ՀՀ իշխանությունները իրավիճակը բերել հասցրել են մի կետի, երբ ընտրությունը դարձել է վատի եւ շատ վատի միջեւ, այսինքն՝ եթե ուզում եք խոսել, թե ինչ պետք է անենք, առաջին հերթին պետք է խոսել, թե ինչ չպետք է արվեր ժամանակին, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն խայտառակ էր նրանով, որ նոր տարածքներ ու շրջաններ էին հանձնվում Ադրբեջանին, այլեւ նրանով, որ մեծ թվով հոդվածներ, որոնք որեւէ ձեւով կարող էին ծառայել Հայաստանին եւ Արցախին, կա՛մ ժամկետներ ամրագրված չեն, կա՛մ հստակություն չկա, եւ Ադրբեջանն, այդ ամենն օգտագործելով, սեփական օրակարգի պայմաններում իրավիճակ է թելադրում»:

Տիգրան Աբրահամյանն ավելացնում է, որ Հայաստանի ներկա իշխանության դեպքում շատ դժվար է ասել, թե ինչ պետք է արվի: «Դրա համար նախ պետք է ցանկություն, կամք, կոմպետենտություն իրավիճակին համարժեք արձագանքելու համար, ինչը գոյություն չունի»,- նկատում է ընդդիմադիր պատգամավորը:

«Հետքի» զրուցակցի խոսքով՝ եթե չլինի միջազգային հանրության եւ հատկապես Ռուսաստանի գործուն ներգրավվածությունը կամ միջամտությունն այս գործընթացում, ապա իրավիճակը դանդաղ տանելու է դեպի Արցախի եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով այլընտրանք պարզապես չի թողնում:

Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանի առաջադրած պայմանները կամ պահանջները կատարվեն, միեւնույն է՝ դա պարզապես որոշակի կարճ ժամանակով է պահելու Ադրբեջանին ռազմական գործողություններից, իսկ վերջինս, մեր զրուցակցի կարծիքով, շտապում է, ինչի պատճառը Հայաստանում ձեւավորված քաղաքական մեծամասնության ստեղծած բարենապաստ պայմաններն են ադրբեջանական առավելապաշտական օրակարգն իրացնելու համար:

Դիտարկմանը, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծվում, հետեւաբար ի՞նչ է ակնկալում Աբրահամյանը հանրությունից, նա պատասխանում է. «Առաջնայինը՝ չպետք է դիտարկել որպես հումանիտար ճգնաժամ, որովհետեւ սա առաջին հերթին անվտանգային եւ քաղաքական խնդիր է, որը բերել է նաեւ հումանիտար ճգնաժամի: Եվ անկախ նրանից, որ տարբեր խողովակներով միջազգային կառույցները պետք է աշխատեն նաեւ այդ ուղղությամբ, չպետք է մոռանալ, որ իրավիճակի հանգուցալուծման կարելի է հասնել միայն քաղաքական եւ անվտանգային լուծումներով»:

Այդուհանդերձ, ըստ Տիգրան Աբրահամյանի, հայ հասարակությունն օգտագործում է իր ռեսուրսները, ինչը դրսեւորվում է ՀՀ տարբեր մարզերում արցախցիներին սատարելով, հատկապես՝ Սյունիքում, որտեղ նրանց կեցության եւ մի շարք այլ հարցեր են լուծվում: Երկրորդը՝ եթե պետությունը պատերազմի մեջ է կամ պատերազմական իրավիճակում, կարեւոր է, թե հասարակությունն ինչքանով է պատրաստ այդ իրավիճակին ու նաեւ, թե ինչպես է գործելու տարբեր իրադարձային սցենարների դեպքում: «Բայց երբ պետությունը բացակայում է, երբ Հայաստանում այս ամենի գլխավոր պատասխանատուն՝ իշխանությունը, իրավիճակին համարժեք չի գործում, ապա այս իրավիճակում հանրության իրական ռեսուրսն իրացնելու հնարավորություն պարզապես չի լինում»,- հավելում է ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter