HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ծառայողական առանձնատների սննդի ապահովումը․ Կառավարության անհասկանալի որոշումն ու մեկնաբանությունը

2021 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով փոփոխություն կատարվեց Կառավարության մեկ այլ՝ 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1635-Ա որոշման մեջ։

Մասնավորապես, փոփոխությունը կատարվեց 2002 թվականի որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում, որը սահմանում էր հետևյալը․

««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկումը և շահագործումն են»։

2021թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ այդ ենթակետը շարադրվեց այս խմբագրությամբ․

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է»:

Որոշման մեջ նշված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձինք հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահն ու որոշ դեպքերում նաև վարչապետի թեկնածուն են։ 

Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ 2021թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ կառավարությունը հիշյալ պաշտոնատար անձանց սննդով ապահովելու օրենսդրական հիմքեր է ստեղծել: Եվ քանի որ որոշման նախագծի հիմնավորումը կրկին տարընթերցումների տեղիք էր տվել, գրավոր հարցում ուղարկեցինք նախագծի հեղինակ հանդիսացող վարչապետի աշխատակազմ։ 

Հարցրել էինք՝ արդյոք սա նշանակու՞մ է, որ նախկինում հիշյալ անձանց սննդի ապահովումը չի կատարվել պետական բյուջեի հաշվին, իսկ այդ փոփոխությամբ այն արվելու է պետբյուջեի հաշվին, և եթե այդպես է, ապա ո՞րն է այս որոշման շարժառիթը։ 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ իրավական հիմքեր են ստեղծել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7․2 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 7․6 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 7․7 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներիի լիարժեք կատարումն ապահովելու համար, և ըստ վարչապետի աշխատակազմի՝ փոփոխության նպատակը հիշյալ հոդվածներում ներկայացված «համապատասխան սպասարկմամբ» ձևակերպման շրջանակի հստակեցումն է։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7․2, 7․6 և 7․7 հոդվածների այդ կետերը վերաբերում են համապատասխանաբար Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի նախագահների սպասարկմանը։ Վերոնշյալ կետերով սահմանվում է, որ հանրապետության նախագահին / վարչապետին / ԱԺ և ՍԴ նախագահներին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում՝ համապատասխան սպասարկմամբ։ 

Վարչապետի աշխատակազմը հենց այս ձևակերպումը նկատի ունի՝ նշելով, թե 2021թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ այն հստակեցվում է։ 

Սննդով ապահովման վերաբերյալ էլ վարչապետի աշխատակազմն ընդգծել է, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք, այսինքն՝ հանրապետության նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը չեն օգտվում սննդի ապահովման ծառայությունից։ 

Այսինքն՝ կառավարության որոշումից և վարչապետի աշխատակազմի պարզաբանումից այդպես էլ չի հասկացվում՝ սննդի ապահովման համար օրենսդրական հիմքեր են ստեղծվել կամ դրանք եղել են նախկինում և հիշյալ պաշտոնատար անձինք իրենց ցանկությամբ չեն օգտվում այդ ծառայությունից, թե պարզապես հնարավորություն էլ չունեն օգտվելու, մինչդեռ այդ մասին վարչապետի աշխատակազմին շատ պարզ հարցեր էինք ուղղել։ 

Բացի այդ, ՀՀ վերջին տարիների պետական բյուջեներով (2020, 2021, 2022) բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների շահագործման և սպասարկման համար նախատեսվել է 450-470 միլիոն դրամ, սակայն 2023 թվականի բյուջեով՝ գումարն ավելացել է՝ կազմելով 542 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմից խնդրել էինք պարզաբանել նաև, թե ինչով է պայմանավորված այս ավելացումը։ 

Այս հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել է, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

Այսպիսով, եթե կառավարությունն այս փոփոխությունը մեկնաբանում է խմբագրական և որոշ ձևակերպումների հստակեցման պատճառաբանությամբ, անհասկանալի է մնում, թե ինչու է 2021թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ ավելացվել սննդի սպասարկման տողը, այն դեպքում, երբ հիշատակված պաշտոնատար անձինք, ինչպես վարչապետի աշխատակազմն է նշում, չեն օգտվում սննդի ապահովման ծառայությունից։ «Ձևակերպումների հստակեցման» հիմնավորմամբ ընդունված որոշումը միայն նոր հարցեր է առաջացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter