HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի համայնքապետարանը հանրային լսումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ է ներկայացրել Կառավարությանը

Գառնիի համայնքապետարանը 2023թ․-ին պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար չորս ծրագիր է հաստատել։ Սուբվենցիայի ծրագրերը կազմելուց առաջ համայնքապետարանը հանրային լսումներ չի իրականացրել, որը սուբվենցիայի հայտն ընդունելու փաստաթղթային փաթեթի պահանջներից մեկն է։ Սուբվենցիայի հայտերն ընդունելու կարգի վերաբերյալ Կառավարության 2019թ․ հունվարի 31-ի N 62-Ն որոշման 12-րդ կետի համաձայն՝ սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներառում է նաև ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպված հանրային լսումների արձանագրությունը։

Գառնի համայնքի ավագանին 2022թ․ հոկտեմբերի 11-ի որոշումով հաստատել է ծրագրերը։ Ավագանու հաստատելուց մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 14-ին, համայնքապետարանի պաշտոնական կայքում հանրային լսում հրավիրելու հայտարարություն են տեղադրել։

«Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև մինչև 17-ը կայանալիք սուբվենցյաների ծրագրերի՝ այդ թվում, Գառնի համայնքում ճանապարհների ասվալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցյաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև մայիսի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով ([email protected]), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:

Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում ՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Գառնի համայնքապետարանում ՝ Ստ. Շահումյան 4, 2-րդ հարկ՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում:

Գառնիի համայնքապետարանը 2022թ․-ի սուբվենցիայի ծրագրերի համար նույնպես հանրային լսումներ չէր իրականացրել, սակայն միջգերատեսչական հանձնաժողովը դրանք հաստատել էր։ Ընդգծենք, որ սուբվենցիայի ծրագրերի փաթեթը մինչև միջգերատեսչական հանձնաժողովին հանձնելը մի քանի խողովակով է անցնում՝ ներկայացվում է Կոտայքի մարզպետարան, որը ստուգում է փաստաթղթային փաթեթի ամբողջականությունը, որից հետո փոխանցվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ)։ Նախարարությունը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկմանը։

Տվյալ դեպքում, Կոտայքի մարզպետարանը, լավատեղյակ լինելով, որ հանրային լսումներ չեն կազմակերպվել, կեղծ արձանագրություն է դրված հայտի փաթեթում, այն ներկայացրել է նախարարությանը։ Այստեղ էլ գիտեն, որ լսումներ չեն իրականացվել, բայց անտեսում են համայնքներում բնակչության մասնակցայնության օրեսդրական պահանջը չկատարելը։

Բայցևայնպես, որտե՞ղ են ծնվել այդ չորս ծրագրերը, ինչպե՞ս է հիմնավորվել դրանց կարևորությունն ու առաջնահերթությունը, որտե՞ղ են իրականացվելու դրանք։ Գառնին 6 բնակավայրից կազմված համայնք է, իսկ ավագանու որոշման մեջ չի նշվում՝ բոլորը Գառնի գյուղո՞ւմ են իրականացվելու, թե մյուս բնակավայրերը նույնպես ընդգրկված են ծրագրերում։ 2023թ․-ին նախատեսում են՝ 

  1. Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում (ծախսերի 65%-ը հատկացվելու է համայնքային բյուջեից),
  1. Գառնի համայնքի ճանապարհային լուսավորության անցկացման աշխատանքներ (ծախսերի 55%-ը հատկացվելու է համայնքային բյուջեից),
  2. Գառնի համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ (ծախսերի 65%-ը հատկացվելու է համայնքային բյուջեից),
  3. Գառնի համայնքի ջրագծերի կառուցում և ջրի ջրավազանների վերանորոգում (ծախսերի 40%-ը հատկացվելու է համայնքային բյուջեից):

2022թ․-ին Գառնիի համայնքապետարանը տարեկան աշխատանքային պլան չի հաստատել, որի համար նույնպես պարտավոր էին հանրային լսումներ կազմակերպել։ Այսինքն, ներկայացված ծրագրերն այդ փուլում էլ բնակիչների հետ չեն քննարկել։ 

Համայնքի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը հաստատելուց առաջ նույնպես հանրային լսում չի հրավիրվել։ Բացի այդ, հաստատված ծրագրում չկա միավորված 6 գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունը, բնակավայրերի կարիքների գնահատում չի արվել, որից հետո միայն հնարավոր կլիներ որոշել տարեկան սուբվենցիոն հայտերի առաջնահերթությունները։ 

Այսինքն, նշված բոլոր փաստաթղթերը՝ տարեկան բյուջե, հնգամյա ծրագիր, տարեկան աշխատանքային պլան, սուբվենցիոն հայտեր, ընդունելուց առաջ օրենքով սահմանված պարտադիր պայման են հանրային լսումները, որը երբևէ Գառնիում չի իրականացվել։ Այնուամենայնիվ, եթե հանրային լսումները կարևոր չեն, ինչո՞ւ է համայնքապետարանը կեղծիքների դիմում և հետին թվով հայտարարություններ տեղադրում կայքում, ինչը արել է նաև համայնքի հնգամյա ծրագրի առնչությամբ՝ դարձյալ հետին թվով հանրային լսում հրավիրելու մասին հայտարարություն տեղադրելով պաշտոնական կայքում։ 

«Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 09-ը ներառյալ կազմակերպվող Գառնի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին ․․․»: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2022 թվականի օգոստոսի 04-ը ներառյալ ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի օգոստոսի 12-ին ժամը 16:00-ին Ստ. Շահումյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Գառնիի համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում  տեղի կունենան հանրային բաց լսումներ:  

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի օգոստոսի 4-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Իրականում բնակիչները, նրանց թվում՝ նաև ես, Ֆեյսբուք սոցիալական ցանցի համայնքային էջից տեղեկացանք, որ համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային լսում են իրականացրել։ Այն տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 09-ը, ինչպես նշված է հայտարարության տեքստում, այլ՝ օգոստոսի 12-ին։ Համայնքապետարանի և համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների մոտ 20 աշխատակիցներ հավաքվել են ոչ թե համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում, այլ Ս. Շահումյան 11 հասցեում գտնվող Գառնիի գեղարվեստի դպրոցի դահլիճում։ Լսված բան չէ հանրային լսումներին մասնակցելու համար դիմում ներկայացնելը, բայց այս դեպքում պահանջվել է։ Ցանկալի կլիներ օրենքի հղումն էլ տեսնել հայտարարության տեքստում։ 

«Բնակիչների կողմից բարձրացված մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկումներ: Նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու առաջարկություններ չկայացվեցին, ընդհանուր քննարկման արդյունքում Գառնի համայնքի 2022-2026թթ. Զարգացման ծրագիրը համարվեց իրատեսական և ընդունելի»,- տեղեկացրեց համայնքապետարանի աշխատակազմը (տեքստի ուղղագրությունը և շարադասությունը նույնությամբ պահպանել ենք-Ս․Պ․): Նշենք, որ Գառնի համայնքը մոտ 13 հազար բնակիչ ունի։

Առաջարկիս՝ ծրագրի նախագիծը քննարկման դնել սոցիալական ցանցում, չարձագանքեցին։ Այն բավականին ուշացումով տեղադրվեց պաշտոնական կայքում։ Ընթերցելուց հետո հասկացա, թե ինչու ծրագրի հանրային լսում չիրականացրին, ինչու հաստատելուց հետո էլ երկար ժամանակ չէին հրապարակում այն։ Շարադրված 73 էջերում, որը նրանք «ռազմավարական ծրագիր» են կոչել, չկա մի նախադասություն, որ միտք արտահայտի։ Առաջին դասարանցու համար անգամ ամոթալի ուղղագրական սխալներով այս շարադրանքում, իհարկե, անիմաստ էր ծրագիր որոնելը, առավել ևս՝ ռազմավարական  պլանավորում։ 

Բայց անդրադառնանք փաստաթղթում տեղ գտած ծրագրերից մեկին, որը ներկայացրել են պետական բյուջեից համաֆինանսավորում ստանալու համար։ «Գառնի համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ» հայտը 65 մլն դրամ են գնահատել, որի 65%-ը համայնքի բյուջեից են հատկացնելու։ Ամենից առաջ նշենք, որ հաստատության անվանումը սխալ է գրված, այն արդեն նոր անուն ունի՝ «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ (մանրամասներին ծանոթացեք այստեղ)։   

Հիշյալ շինությունը մոտ կես դար առաջ՝ 1975թ․-ին է կառուցվել, մինչ օրս անգամ կոսմետիկ նորոգում չի արվել այնտեղ։ Նախատեսված 65 մլն դրամը, հնարավոր է, կբավականացնի կենտրոնի դահլիճը վերանորոգելուն, իսկ շենքը չի՞ վերանորոգվելու։ Ծրագիրը կցված չէ որոշմանը, հետևաբար, բնակիչները չեն կարող անգամ տեղեկանալ, թե հայտում ինչ է ներկայացվել և ինչ հիմնավորումով։ Նախարարությունը սուբվենցիայի հայտին կցված շինարարական նախագիծը պետք է քննարկի ոլորտային պետական կառավարման մարմինների հետ։ Հիմնավորվա՞ծ են համարելու ընդամենը 65 մլն դրամով այդ շենքի հիմնանորոգումը, թե՞ մերժելու են ծրագիրը՝ գումարը չփոշիացնելու և կառույցը հիմնանորոգելու պատրանք չստեղծելու համար։

Իրավական հսկողություն իրականացնող հանձնաժողովն անտեսել է օրինախախտումներն ու կեղծիքները

Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող հանձնաժողովն այս տարի հսկողություն է իրականացրել Գառնի համայնքում։ Հանձնաժողովն արձանագրել է, որ   ավագանու որոշումների նախագծերը կազմվել են 14-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի պահանջների խախտումով։ «Բացակայում են նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը, ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը, ինչպես նաև նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ ստացված առարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ ամփոփաթերթը»,- նշված է արձանագրության մեջ։

Նշենք, որ հսկողություն իրականացնող հանձնաժողովը չի կատարել իր աշխատանքը։ Մասնավորապես՝ չի անդրադարձել այն հարցին, թե ընդհանրապես ավագանու հանձնաժողովներ գոյություն ունե՞ն, հանձնաժողովներում իրավասո՞ւ անձինք են ընդգրկված, որտե՞ղ և ի՞նչ պարբերությամբ են նիստեր գումարում, նիստերի արձանագրություններ կազմվո՞ւմ են, քանի՞ նախագծի վերաբերյալ են կարծիք ներկայացրել և այլն։ Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովները «քննարկման արդյունքում» կարծիք են ձևավորել, բայց թերացել են այն ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցին կցել։ 

Հանձնաժողովի մյուս դիտողության վերաբերյալ՝ «նախագծին կցված չեն նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ ստացված առարկությունները, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ ամփոփաթերթը», պետք էր պարզել՝ իսկ ընդհանրապես հանրային քննարկումներ եղե՞լ են, ո՞ր փաստաթղթերի նախագծերն են դրվել քննարկման և այլն։

Հանձնաժողովը, եթե Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի և Գառնիի ավագանու ոճով չգործեր, կարձանագրեր, որ պարտադիր հանրային քննարկում պահանջող նորմատիվ իրավական ակտերն ընդունվել են առանց հանրային լսումների։ Ավագանու հանձնաժողովները փաստացի չեն գործում, այդ պատճառով էլ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ եզրակացություններ չեն ներկայացվում։ 

Եվս մի քանի կարևոր փաստարկ․ 2022թ․-ին Գառնիի համայնքապետարանը տարեկան աշխատանքային պլան չի հաստատել, իսկ հանձնաժողովն այդ կարևոր փաստաթղթի բացակայությունը բացթողում չի համարել։ 2021թ․ դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններով ձևավորված տեղական իշխանությունը միայն ութ ամիս հետո համայնքի հնգամյա ռազմավարական ծրագիր ընդունեց, բայց սահմանված ժամկետի խախտումով փաստաթուղթն ընդունելու մասին չի նշվում։

Հանձնաժողովը նշում է, որ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացվել սահմանված ժամկետի ուշացումով։ Մարզպետարանում նույնիսկ ուշացումով ուղարկված որոշումներում չեն նկատե՞լ, որ համայնքի բյուջեում փոփոխությունները կատարվում են ավագանու որոշումով, մինչդեռ Գառնիում համայնքի ղեկավարն իր որոշմամբ է անում։

Հանձնաժողովը հնգամյա ծրագրի միակ թերությունը համարել է սոցիալական  աջակցության ծրագրի  բացթողումը՝ «համայնքում չկա կազմած սոցիալական ծրագիր»։ Այդուհանդերձ, առանց ծրագիր ընդունելու գումարներ են բաժանել, ինչո՞ւ չեն անդրադարձել դրա օրինականությանը։

Մարզպետարանի հանձնաժողովը նաև արձանագրել է, որ համայնքապետարանը ուռճացված հաստիքացուցակ ունի։ Ըստ ՏԿԵ նախարարության մեթոդական ուղեցույցի՝ «հաստիքացուցակով հաստատված տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների թիվը 12 է, առավելագույնը պետք է լինի 9»։

Ի դեպ, մարզպետարանի հսկողության ժամանակահատվածն ընդգրկում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի՝ Գառնիի համայնքապետի պաշտոնում գործունեության ժամանակահատվածը, և սա նաև նրա գործունեության գնահատականն է։

Հնգամյա ծրագիրը և անգամ հայտարարությունների տեքստերը Գառնի համայնքի ղեկավարի ու նրա աշխատակազմի կրթական ցենզի մասին բավարար պատկերացում են տալիս։ Այս աշխատակազմին, որն ունակ չէ անգամ մի փաստաթուղթ կազմել, հարկատուներս տարեկան 117 մլն դրամ աշխատավարձ ենք վճարում, չհաշված պարգևավճարները։ Բայց նրանք պարտավորություն են ստանձնել՝ 5 տարի իրականացնելու Գառնի համայնքնում միավորված 6 գյուղերի կառավարումը։

Հանձնաժողովը չի նշել, թե մեթոդական ուղեցույցը ինչ է նախատեսում նման դեպքերի համար՝ համայնքապետարանի աշխատակիցներին ատեստավորե՞լ, թե՞ լիկկայան բացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter