HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի ավագանին լուծարել է մարզամշակութային կենտրոնը և գեղարվեստի դպրոցը

Գառնի համայնքի ավագանին մայիսի 30-ին ընդունած որոշումով լուծարել է  մարզամշակութային կենտրոնը և գեղարվեստի դպրոցը։ Նախագիծն ավագանու անդամներին ներկայացնող համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը իբրև հիմնավորում հայտնում է «Լուծարում ենք, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի»։ Նույն որոշումով համայնքային երկու ՀՈԱԿ-ները միավորվելու են մեկում, որը կոչվելու է «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» Արտադպրոցական կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն: Գառնիի երաժշտական դպրոցը չի միավորվելու նորաստեղծ ՀՈԱԿ-ի հետ։

Ավագանու անդամներից միայն Անահիտ Ղազարյանն է տարակուսանք արտահայտում, թե ինչպես կարելի է բոլորովին այլ գործառույթներ իրականացնող ՀՈԱԿ-ները համատեղել մեկում։ Դրանցից մեկը դպրոց է, մուսը՝ մշակութային կենտրոն, որն իր մեջ ներառում է երկու գրադարան, մարզաձևերի և տարբեր արվեստների խմբակներ։ «Մշակութային ՀՈԱԿ-ը չի միանում դպրոցի հետ, այդ դեպքում արվեստի դպրոցը կարող ենք միացնել երաժշտական դպրոցի հետ, բայց ոչ մշակույթի կենտրոնի, դրանք լրիվ ուրիշ ուղղվածություն ունեն»,- առարկում է Ա. Ղազարյանը։

Համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանին դուր չի գալիս ավագանու անդամի դիտողությունը և նրա՝ «արվեստի դպրոցը կարող ենք միացնել երաժշտական դպրոցի հետ» տրամաբանական մտքի շուրջ քննարկումը կանխում է շատ «խորիմաստ» արտահայտությամբ «Եթե մշակույթն ու արվեստն իրար հետ կապ չունեն, ուրեմն արվեստն ու երաժշտությունը իրար հետ ընդհանրապես կապ չունեն»։

Ավագանու մյուս անդամներին, կարծես, նույնպես անհասանելի էր համայնքապետի միտքը, նրանք ժամանակը չվատնեցին այն ընկալելու ու վերծանելու վրա և անցան ավելի պարզ հարցադրումների։ «Այդպես մենք դպրոցի դասարանը խմբակի ենք վերածում»,- ասում է Անահիտ Ղազարյանը։ Ավագանու անդամներից մեկ ուրիշը ողջամիտ կասկած ունի, որ միգուցե մի տնօրենը չկարողանա ղեկավարել՝ «մի բանից գլուխ կհանի, մյուսինը՝ չի կողմնորոշվի» և այլն։ Քննարկմանը պետք է հաջորդի քվերակությունը, ինչպես օրենքն է նախատեսում, սակայն քվեարկություն տեղի չի ունենում։ Չնայած ոմանց անհամաձայնություններին, արդեն հրապարակված ավագանու որոշման տակ նիստի բոլոր մասնակիցների ստորագրությունները կան։

Կրթությունն ու մշակույթը Գառնիի համայնքային իշխանության համար երբևէ կարևորություն չի ներկայացրել։ Մարզամշակութային կենտրոնի ներկա վիճակը՝ մասնատված, խարխլված, թափոններով, աղբով ու աղբամաններով շրջապատված շենքը տեղական իշխանության՝ մշակույթի ընկալումն է, մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի ցայտուն դրսևորումը։ Վերջաբանը պետք է լիներ կենտրոնը լուծարելու որոշում կայացնելը՝ այդ էլ եղավ։

Մարզամշակութային կենտրոնի մասնատումը

Դեռևս 2010թ.-ից Գառնիի մարզամշակութային կենտրոնի (ԳՄՄ) սրահներից մեկը անհատույց օգտագործման է տրամադրվել «Զբոսաշրջության ինֆորմացիայի կենտրոն» ՀԿ-ին։ Մարզամշակութային կենտրոնի նախկին տնօրենը և հիշյալ կազմակերպությունը ղեկավարել է նույն անձը։ Այնուհետև ԳՄՄ կենտրոնի նախկին տնօրենը, համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանի հետ կենտրոնից առանձնացրել էին մարզադահլիճը, համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգել և վերածել էին հոգեհացի սրահի։ Մարզամշակութային կենտրոնի տանիքը Ա․ Վարդանյանը տրամադրել էր «Սուրիկի լավաշ» հացաթխման արտադրամասին, որտեղ նրանք մինչ օրս էլ լավաշ են չորացնում՝ հակասանիտարական պայմաններում։ Կենտրոնի հետնամասում, դահլիճի պատի տակ լավաշի արտադրամասն իր խոտանված սարքավորումներն է կուտակել։

Հաջորդ համայնքապետը՝ Ահարոն Սահակյանը (Կոտայքի ներկայիս մարզպետը), ոչ միայն չվերացրեց անօրինությունները, այլև նախորդի ոճով շարունակեց կենտրոնի մասնատումը։ ԳՄՄ կենտրոնի նախկին տնօրենի դեմ յուրացումներ կատարելու մեղադրանքով քրեական գործ հարուցվելուց որոշ ժամանակ անց մարզադահլիճը վերադարձվեց համայնքապետարանին, Ա Սահակյանն էլ այն հանձնեց Կարատեի կոնֆեդերացիային։ «Զբոսաշրջության Ինֆոկենտրոն» ՀԿ-ին ոչ միայն անօրինականորեն զբաղեցրած տարածքն ազատելու պահանջ չներկայացրեց, այլև առայսօր շարունակում են համայնքային բյուջեից վճարել կազմակերպության կոմունալ ծախսերը։

Ընդգծենք, որ մարզամշակութային կենտրոնի տարածքներն այս կազմակերպություններին և լավաշի արտադրամասին հանձնելու վերաբերյալ, առավել ևս անվարձահատույց հանձնելու վերաբերյալ ավագանու որոշումներ գոյություն չունեն։ Կենտրոնի տարածքի մասնատումները կատարվել են նախորդ համայնքապետերի ներքին համաձայնությամբ, անձնական փոխհարաբերություններ ճշգրտելու դաշտում։ Բնականաբար, նշված տարածքների կոմունալ վարձավճարներն արդեն 12 տարի համայնքային բյուջեից վճարելը ոչ այլ ինչ է, եթե ոչ յուրացում համայնքային բյուջեից, որը շարունակվում է առայսօր։ ԱՍահակյանը եղածին մեկն էլ հավելեց՝ գյուղում էլեկտրամոբիլները լիցքավորող կայան պետք է տեղադրվեր և այն տեղադրեց ամենաներկայացուցչական վայրում՝ մարզամշակութային կենտրոնի առջև։ 

Նորընտիր տեղական իշխանության առաջնային մտահոգությունը պետք է լիներ մարզմշակութային կենտրոնի հիմնանորոգումը, քանի որ մոտ կես դար առաջ՝ 1975թ-ին, կառուցված շենքը մինչև օրս անգամ կոսմետիկ նորոգում չի տեսել։ Հայաստանի անկախացումից հետո համայնքային ենթակայության անցած շենքն անխնամ մնալով կոռոզիայի է ենթարկվել, խարխլվել, ստորգետնյա ցնցումներից ճաքերն ավելացել են ու խորացել։ Միակ բանը, որ համայնքապետարանն արել է 30 տարվա ընթացքում կենտրոնում 2020թ.-ին լոկալ ջեռուցում անցկացնելն էր, նաև կենտրոնի շենքը հիմնանորոգելու նախագիծ պատվիրվեց, բայց այն մնաց գզրոցներում։ Կենտրոնի ներկայիս տնօրենը դրան հասավ իր համառությամբ, բայց շենքի մաշվածության, պատերի ճեղքերի ու խորշերի պատճառով շինության ներսում բավարար ջերմություն չի կարող ապահովվել։ 

Գառնի համայնքի ավագանին արդեն 6 ամիս գործում է, և դեռևս համայնքի հնգամյա ռազմավարական ծրագիր չի ընդունել (oրենքով սահմանված ժամեկտը մինչև չորս ամիս է) և առանց քաղաքականություն ճշտելու՝ գործող հիմնարկներ է լուծարում: Այս իրավիճակում ավագանին միայն մեկ անելիք ուներ՝ հիմնարկները լուծարելու որոշում կայացնելուց առաջ նախ՝ լսումներ նախաձեռնել ՀՈԱԿ-ների տնօրենների, աշխատակիցների, կենտրոնի և արվեստի դպրոցի ծառայություններից օգտվող երեխաների և նրանց ծնողների հետ։ Երկրորդ տարբերակը՝ ՀՈԱԿ-ների արդյունավետ կամ անարդյունավետ գործելու հարցում համոզվելու համար դիմել անկախ գնահատողի, որը մասնագիտական գնահատում կիրականացներ և եզրակացություն կտրամադրեր ավագանուն։

Ավագանուն այդ հնարավորությունները տրված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Ի դեպ, նշածս գործիքակազմը պարտավոր էր կիրառել ավագանու «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովը, եթե իրականում գործեր, և դրա հիման վրա եզրակացություն տրամադրեր համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծին։ Ժամանակին, եթե այդ ամենն արվեր՝ հազիվ թե նախագիծն ընդգրկվեր ավագանու օրակարգում, համայնքապետարանն էլ հարկադրված չէր լինի բնակչությունից թաքուն որոշումներ ընդունել։

Ի վերջո, նշածս բոլոր հնարավորություններից չօգտվելու դեպքում անգամ, որոշում կայացնելուց առաջ, կարող էին աչքի անցկացնել մարզամշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ իրականացված միջոցառումներին, դրանց հաճախականությանը ծանոթանալու համար և այն համեմատել համայնքապետարանի կայքէջի և ֆեյսբուքյան էջի հետ։ Ֆեյսբուքն եմ հիշատակում, որովհետև կենտրոնի կազմակերպած ոչ մի միջոցառման համայնքի ղեկավարը, աշխատակազմը և ավագանու անդամները չեն մասնակցել։

Համայնքային իշխանության նույնիսկ այս աստիճան անբարյացակամության ու անգործություն դրսևորելու պայմաններում՝ մարզամշակութային կենտրոնին հաջողվել է աշխատանք կազմակերպել և հաջողություններ արձանագրել մշակույթի և մարզական ոլորտներում։ Գառնիի մարզամշակութային կենտրոնին, բնականաբար, Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում չեն սպասում, իսկ հանրապետական, նույնիսկ միջազգային մրցույթների մասնակցում են և մրցանակներով ու պատվոգրերով են վերադառնում։

Վերջին երեք տարում կատարված աշխատանքի ոչ ամբողջական արդյունքներին ծանոթացեք ստորև․ 

  • 2019թ. «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական փառատոն, Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունը «Լավագույն կերպարային խաղ» անվանակարգում արժանացել է մրցանակի՝ Ջոնիի դերակատարման համար։
  • 2020թ. ֆրանկոֆոնիայի անկյան բացում Շվեյցարիայի դեսպանության հետ համատեղ 
  • 2021թ «Գլոբալ արտ ֆեստ» հանրապետական փառատոն «Էտյուդ» ժանրում ասմունքի Գրան պրի, 1-ին մրցանակ, մոնոներկայացում՝ 2-րդ մրցանակ,
  • 2022թ «Գլոբալ արտ ֆեստ» ասմունք՝ մասնակիցներից երկուսն արժանացել են՝ 2-րդ մրցանակի, ժողովրդական երգ՝ 1-ին մրցանակ, էստրադային երգ՝ 2-րդ մրցանակ,
  • 2021թ. կենտրոնի դահլիճում թատերական խմբակի սաները երեք թատերական ներկայացման առաջնախաղ են ներկայացրել,
  • 2021թ«Մինորա» մշակութային հանրապետական մրցույթ-փառատոն՝ «Գարնանային ղողանջներ» պարի խումբը պարգևատրվել է պատվոգրով և մեդալով,
  • 2021թՀայաստանի XI-րդ  Պարային օլիմպիադա  միջազգային առաջնություն՝ 2-րդ մրցանակ,
  • 2021թ. Բազմաոճ պարերի «Նազանք» հանրապետական  մրցույթ փառատոն՝ 2-րդ մրցանակ,
  • «Մինորա» մշակութային կենտրոնի «ԱՇՈՒՆ-2021»՝ պատվոգիր փայլուն մասնակցության համար,
  • 2022թ․«Ծաղկաձորյան Էսքիզներ» պարի հանրապետական փառատոն՝ պատվոգիր 
  • Վանուշ Խանամիրյանի անվ. Հայաստանի պարարվեստի գործիչների միության 20 -ամյակին նվիրված համերգ փառատոն՝ պատվոգիր:

Կենտրոնի կարատեի թիմը ներկայում հանրապետության WSKF արևելյան մարտարվեստի լավագույն թիմերից է, եթե ոչ լավագույնը: Մարզային և հանրապետական բոլոր առաջնություններում գլխավոր մրցանակային տեղերը զբաղեցնում է կենտրոնի թիմը:

  • 2019թ Կարատե-Դո-ի Արցախի բաց առաջնություն Ստեփանակերտում, երկու 1-ին մրցանակ՝ տարբեր տարիքային խմբերում, մեկ՝ 2-րդ մրցանակ, վեցը՝ 3-րդ մրցանակ,
  • 2019թ. Թեհրանի Կատո դո-Շոտոկան արևելյան մարտարվեստի «Իրանզամին» միջազգային մրցաշար՝ 2-րդ մրցանակ,
  • 2019թ. «Erevan Open» միջազգային առաջնություն՝ 1-ին և 3-րդ մրցանակներ,
  • 2022թ. «Erevan Open» միջազգային առաջնություն՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ, թիմային՝ երկրորդ մրցանակ,
  • 2022թ կարատե դո Շոտոկան Թեհրանի միջազգային առաջնություն՝ 2-րդ մրցանակ

Կենտրոնի գործունեությունից և ձեռքբերումներից անտեղյակ ավագանու անդամներն ընդամենը 5 րոպեում լուծարեցին համայնքային երկու կրթական ու մշակութային հաստատություն, իրենց հարց չտալով՝ ի՞սկ որն է այստեղ հանրային շահը կամ՝ արդյոք, այդ է պահանջում հանրային շահը։ Ի՞նչ եմ արել ես այս գյուղի համար, որ մի ստորագրությամբ ոչնչացնում եմ կենսագրություն ունեցող երկու հաստատություն, որոնց հետևում տարիների ահռելի աշխատանք կա։ Եթե այդ ամենն այդքան հեշտ ստեղծվեր՝ 30 տարիների ընթացքում Գառնիում գոնե մի շինություն կկառուցվեր։ 

Տարածքային կառավարման նախարարությունը լռությամբ աջակցում է մշակութային հիմնարկները լուծարողներին

Ավագանու կայացրած որոշման մասին գրությամբ տեղեկացրել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և խնդրել եմ նախարարին վերապահված բացառիկ լիազորությունից օգտվելով՝ կանխել «Գառնիի Մարզամշակութային կենտրոն» և «Գառնիի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների լուծարումը և երկուսը Արտադպրոցական կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում միավորելը:

Խնդրել եմ տեղեկացնել, թե իրավական ի՞նչ հիմնավորումներ կան այդպիսի գործընթաց իրականացնելու համար: Նաև պարզաբանել, թե վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության շրջանակում ընդունելի է, արդյոք, համայնքային ծառայություն մատուցող երկու տարբեր կանոնադրական նպատակ ունեցող կազմակերպությունների վերակազմակերպումը կամ միավորումը մեկ հիմնարկում:

Այս նախագիծը նախաձեռնողը, հավանաբար, կանխավ գիտեր, որ նախարարությունում պաշտպանելու են իր կամայական որոշումը և ոչ թե իրենց գրած օրենքները։ Գառնիի ավագանու այս նախաձեռնությունը հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ողջ գաղափարախոսությանը, համայնքները խոշորացնելու հայեցակարգին, բայցևայնպես ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ինձ պատասխանում է«Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը կամ լուծարումը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունն է»։

Եվ ոչ մի խոսք այն մասին, որ համայնքները միավորելու հայեցակարգը հիմնված է եղել այն գաղափարի վրա կամ գոնե իրենք հանրությանն այդպես են ներկայացրել, որ համայնքապետարանների աշխատակազմերի կրճատման հաշվին ընդլայնվելու են բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունները։ Հիմա, երբ գեղարվեստի դպրոցը լուծարում են և դասարանները վերածում են խմբակների, դա ծառայությունների կրճատո՞ւմ է, թե՞ ընդլայնում։ 

Տասնամյակներ առաջ, երբ համայնքների ղեկավարները լուծարեցին  մանկապարտեզները, գրադարանները, մշակույթի տներն ու շենքերը վաճառեցին՝ տարածքային կառավարման նախարարություն գոյություն չուներ։ Մարզպետներն իրենց հայեցողությամբ էին որոշում, թե ինչպես վարվել հանրային սեփականության հետ։ Այսօր, երբ համայնքային կառույցների անձեռնմխելիությունն օրենքներով է պաշտպանված նման կամայականություններից, նախարարությունը չի կարող արդարացումներ գտնել իր վարքագծին։ Փաստացի, ՏԿԵ նախարարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չի միջամտել և չի զսպել հիմնարկների բնականոն գործունեությունը խափանող, սերունդներին կրթություն ստանալու իրավունքից զրկող անձանց կամայականությունները։ 

Մարզամշակութային կենտրոնը և գեղարվեստի դպրոցը Գառնի խոշորացված համայնքի 6 գյուղերի համար միակն են։ Համայնքապետարանը ոչ թե պետք է միավորեր դրանք, այլ ընդլայներ՝ կազմակերպելով մյուս գյուղերի երեխաների արտադպրոցական կրթությունը համայնքային կենտրոն Գառնիում կամ՝ մասնաճյուղեր ստեղծեր մյուս բնակավայրերում։

Ամոթալի վիճակ, որը ստեղծվել է տեղական իշխանությունների մտածելակերպի արդյունքում

«Հետք»-ը նախորդ տարիներին հրապարակումներ ունեցել է երկու հաստատությունների գործունեության վերաբերյալ։ Գեղարվեստի դպրոցը 25 տարի առաջ հիմնեցին գառնեցի արվեստագետ ամուսինները՝ սեփական նախաձեռնությամբ, իրենց համախոհների նյութական աջակցությամբ։ Դպրոցը միակ հաստատությունն է, որ 30 տարիների ընթացքում հիմնվել է Գառնիում, այն էլ անհատների նախաձեռնությամբ և ոչ թե տեղական իշխանության, համայնքապետարանը միայն շենքն է տրամադրել։ Դպրոցի հիմնադիրներն արդեն 5 տարի է չեն դասավանդում, Ահարոն Սահակյանը համայնքապետի պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ հետո ազատեց նրանց աշխատանքից։ Իսկ թե ինչ դերակատարում ուներ այն համայնքային կյանքում՝ տեղեկացեք ընթերցելով այս հրապարկումը, որից մի հատված ենք ներկայացնում։

«Դպրոցը գառնեցի մանուկների ու պատանիների համար դարձել է դեպի գեղագիտություն ու առհասարակ արվեստ տանող ճանապարհի մեկնակետը: Քսան տարվա ընթացքում դպրոցի ճիշտ ձեւավորած մոտեցումներն ու սկզբունքները հիմք են դրել երեխաների՝  իրական ու ճշմարիտ արվեստի հետ շփմանը, նրանց գեղագիտական հայացքների, ճաշակի ձեւավորմանը․․․

Հաճելիորեն պետք է արձանագրել նաեւ այն փաստը, որ գեղագիտության դպրոցը դարձել է նաեւ Գառնի այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը: Նման այցերը շատ հաճախակի են, իսկ գնահատականները` նույնքան տպավորիչ: Նրանք բոլորը, գրեթե առանց բացառության, իրենց հիացմունքն են արտահայտում դպրոցի սաների աշխատանքների վերաբերյալ, լինի՝ նկարչություն, քանդակ, գոբելեն, ասեղանագործություն, թե՛ խեցեգործություն:

Գեղարվեստի դպրոցի կայանալը, կարելի է ասել, նրանց ամենակարեւոր ձեռքբերումներից է, որի ապագայի նկատմամբ միայն մի մտահոգություն ունի Ռուբեն Բաբայանը՝ իրենցից հետո պահպանվի ու շարունակվի դպրոցի ձեւավորած գեղագիտության ու արվեստի ճշմարիտ ավանդույթներն ու սկզբունքները․․․»:

Դպրոցի հիմնադրի մտահոգությունները տեղին էին, նրանց հեռացնելուց 5 տարի հետո ընդհանրապես դպրոցն են լուծարում՝ արդյունավետությունը բարձրացնեու պատրվակով։ Գեղարվեստի դպրոցն արդեն փաստել էր իր արդյունավետությունը՝ խմբակներից դպրոց դառնալով, հակառակ պրոցեսը՝ դպրոցը խմբակի վերածելը, հետընթաց է։ 

Ի տարբերություն գեղարվեստի դպրոցի, որը տպավորիչ կենսագրություն ստեղծեց և մեծ դերակատարում ունցավ գառնեցի պատանիների կրթության ու մասնագիտական կողմնորոշման հարցում, մարզամշակութային կենտրոնը միայն անկում էր գրանցում համայնքային ենթակայության անցնելուց հետո։ Կենտրոնի անցյալին ընթերցողը կարող է ծանոթանալ տարիներ առաջ արված ևս մեկ հրապարակումից ու համեմատել, թե ի՞նչ է փոխվել այնտեղ վերջին երեք տարիներին, նոր տնօրեն նշանակվելուց հետո։

Տասնամյակներով խունացած գրքերի պահոցների վերածված գրադարաններում հիմա կրթական միջավայր կա՝ ամենօրյա ուսուցումով, հուշ-ցերեկույթներով, գրողի ու ընթերցողի հետ կենդանի հանդիպում-քննարկումներով, պատանի ստեղծագործողների ու խմբագրի հետ առերես շփումներով։ Կարո՞ղ եք պատկերացնել այն պատանու հրճվանքը, որն «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսը, որտեղ առաջին անգամ տպագրվել է իր ստեղծագործությունները, անձամբ խմբագրից է ստանում, հետն էլ բազում դրվատանքի խոսքեր։ Սա անմոռանալի հուշ է նրանց համար, ում առջև առաջին անգամ բացվում են գրական աշխարհի կախարդական դռները և վստահություն ներշնչում իր ունակությունների ու կրթության նկատմամբ։ 

Համայնքային կրթամշակութային կյանքից, ցավոք, դուրս են մնացել երիտասարդներն ու տարեցները, որովհետև կենտրոնը տարածք չունի տարիքային այդ խմբերի ժամանցը կազմակերպելու համար։ «Մենք կարիք ունենք տարածքի՝ մարզամշակութային կենտրոնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու, կրթական ծրագրեր իրականացնելու համար: Կենտրոնի տարածքի մասնատումը տարբեր կազմակերպությունների միջև խոչընդոտում է մեր աշխատանքների կազմակերպմանը»,- կենտրոնի տնօրենն այս բովանդակությամբ մի քանի գրություն է ներկայացրել համայնքի նախկին ղեկավար Ահարոն Սահակյանին: Հսկայական դահլիճն անգամ հնարավոր չէ ծառայեցնել որևէ նպատակի և այս ամոթալի վիճակը, որը ստեղծվել է իրար հաջորդող տեղական իշխանությունների մտածելակերպի արդյունքում, այդպես էլ չի փոխվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter