
Արմեն Գրիգորյան. «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է»
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկվել է 8 հարց:
«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ արդեն 9-րդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Քանի որ, ըստ պատգամավորի, «ներքին խողովակներով» Արցախի հետ շփվելու փորձը կա, ապա նախագծի զեկուցող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը:
Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» ակցիայի անվան տակ փակել է էթնիկ զտումներ իրականացնելու համար: Ըստ Գրիգորյանի՝ քայլեր են ձեռնարկվում միջանցքը բացելու համար:
Ագնեսա Խամոյանն ասաց, որ չկա որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը հրաժարվել է Ազգային անվտանգության երաշխավորը լինելուց, թեև իշխանությունը փաստացի հրաժարվել է: Այս պարագայում ինչ է անում Հայաստանը:
Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մեկնաբանությունը պատգամավորինն է, Հայաստանը շարունակում է Արցախի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները կատարել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է:
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանից պահանջեց հստակ ասել՝ արդյոք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ ոչ:
Արմեն Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց: Ըստ նրա՝ դա ասելով չէ, իշխանությունները գործով ապացուցում են: Գրիգորյանը շեշտեց, որ անցյալ տարի 200 մլրդ դրամ է տրվել Արցախին, որով լուծվել է նաև անվտանգության հարցեր:
Գեղամ Մանուկյանին դուր չեկավ պատասխանը՝ շեշտելով, որ ամեն ինչ կապում են գումարի հետ՝ «հող փողի դիմաց» սկզբունքով:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե Արմեն Գրիգորյանի մայրն ապրելով Արցախում ևս շրջափակման մեջ է:
Մեկնաբանել