HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստեղծվում է նոր ծառայություն՝ արտաքին հետախուզություն

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության» մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Օրենքով ստեղծվում է արտաքին հետախուզություն, որը, ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է: Այն ուղղված է լինելու արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը:

Այն լինելու է վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն: Բաղկացած է լինելու կենտրոնական, հատուկ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև ուսումնական կենտրոնից:

Ծառայության լիազորություններից է լինելու վարչապետին արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը: Բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնելու է արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատելու է համագործակցային հարաբերություններ:

Որպես առանձին կառույց Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը, ըստ նախագծի՝ բխում է հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման, դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացման, տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ հետախուզական հանրության բնականոն ստեղծման հրամայականներից:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ ծառայություններ գործում են Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում: Արմեն Գրիգորյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունում նույն գործառույթն իրականացվելու է 3 տարի անց, ԱԱԾ-ում այն չեն իրականացնի, և ամբողջությամբ կգործի նոր ծառայությունը: Մինչ այդ զուգահեռ հնարավոր է, որոշ գործառույթներ կրկնվեն:

Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե նոր ծառայության ստեղծման համար որքան գումար է անհրաժեշտ լինելու: Արմեն Գրիգորյանը նշեց, որ շարունակում են հաշվարկներ կատարել, մեծ ծավալի ազդեցություն չի ունենա:

Որպես օրենքի հիմնավորում՝ նշված է, որ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը: Բացի այդ, 2019թ. օգոստոսի 5-ին, այնուհետև՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որտեղ նույնպես խոսվել է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալու մասին:

«Հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման  նպատակով»,-նշված է հիմնավորման մեջ:

Կառավարությունը նշում է, որ հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:

Նշվում է, որ այն լինելու է «հիբրիդ» ծառայություն՝ և՛ զինվորական, և՛ այլ տեսակի։

Պատգամավորներն իրենց քննարկումները հիմնականում ծավալեցին Արցախի անվտանգության, Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ նման կարևոր հարցը՝ շրջանցելով ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկումը, բերում են խորհրդարան, ինչն արդեն խոսուն է: Նա, խոսելով նախագծի մասին, ասաց, որ ծառայության ստեղծումը իշխանությունները պայմանավորել են քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ ի հայտ եկած խնդիրներով:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ արդեն 10 ամիս է՝ Ռազմական հետախուզության պետ չունենք, նախկին պետն էլ բանտարկված է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ արձանագրեց, որ իշխանությունը հերթական մանիպուլյացիան է անում, որ Արցախի պատասխանատուն Ռուսաստանն է: Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանությունն է հանձնել Քաշաթաղի շրջանը, Լաչինի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհը: Հետևաբար, ըստ պատգամավորի, պետք չէ «լոլոներ» կարդալ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս օրենքը պետք է ունենայինք շատ վաղուց՝ անկախությունից ի վեր: Քառօրյա պատերազմի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, ինչն էլ անհրաժեշտություն առաջացրեց այս նախագծի ընդունելու:

Նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ծափերով «շնորհավորեց» ընդդիմադիրներին՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու համար: Ապա ձեռքը խփելով ամբիոնին՝ ասաց, թե «30 տարի Արցախի ճանաչման հարց ինչու չեք դրել»: Վարդանյանը նշեց նաև, որ Արմեն Գրիգորյանը մեղադրեց Ադրբեջանին էթնիկ զտումների՝ ցեղասպանության նախապատրաստելու մեջ, ինչը լրջագույն հանցագործություն է:

Խմբակցության անունից Արծվիկ Մինասյանն ասաց, որ 30 տարի Արցախը փաստացի անկախ է դարձել, բնակչությունն աճել է: Իսկ այսօր անվտանգությունը թուլացել է, ոչնչացվել է ամեն ինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter