
Ազգային ժողովը հաստատեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը՝ 400 հզր եվրո վճարով
Ազգային ժողովը 10 րոպեի ընթացքում քննարկեց և ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Ազգային ժողովը հարցն ընդունեց 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներով:
Հիմնական զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարեւանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:
Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, սակայն ընդհանուր 2.2 մլրդ դոլարանոց ծրագիր է ամբողջ Եվրոպայի համար: Նախարարի տեղակալը նշեց, որ 400 հազ. եվրո մասնակցության վճարով կարող են շատ ավելի գումարներ գեներացնել մշակութային ոլորտի համար:
Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի եւ այլ ոլորտների ամրապնդմանը եւ զարգացմանը:
Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) մասնակցությունը կաջակցի մշակութային բազմազանությանը և կխթանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտների մրցակցությունը:
Համաձայնագիրն իրականացվում է 2005թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված՝ Կողմերի պարտավորություններին համապատասխան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր՝ արդյոք ազատ ենք լինելու մշակութային ծրագրերի հարցում և չի պարտադրվի «կասկածելի մշակույթի» քարոզ:
Նախարարի տեղակալը նշեց, որ խիստ սուբյեկտիվ է «կասկածելի մշակույթ» ասելը:
Մեկնաբանել