HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլորս՝ «սև ցուցակում»

Վանաձորի բժշկական կենտրոնը  (այսուհետ՝ ԲԿ) 24.11.2020-ին «Վագա ֆարմ» ՍՊԸ-ին  ծանուցել է, որ միակողմանի լուծում է մատակարարման պայմանագիրը և նախաձեռնել  է Ընկերութանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում» ներառելու գործընթաց: 

Սա նշանակում է՝ Ընկերությանը երկու տարով զրկել պետական գնումների բացարձակ բոլոր մրցույթներին մասնակցելու իրավունքից: 

Նախապատմություն

1) 27.07.2022 թ.-ին «Վագա ֆարմ» ՍՊԸ-ն, ըստ  պայմանագրի պահանջների,  Վանաձորի ԲԿ-ին մատակարարել է «Ֆրաքսիպարին 0,6 մլ» դեղը: 

2) 20.07. 2022  թ.-ին ԲԿ-ն տեղեկացրել է, որ չի ընդունում դեղը, քանի որ այն  ՀՀ-ում գրանցված չէ: Իր գրության մեջ ԲԿ-ն «հուշել» էր, որ  շուկայում առկա է այլ մատակարարի կողմից շրջանառվող համանուն դեղը, որը  համապատասխանում է «Դեղերի մասին» օրենքին և կառավարության պահանջներին՝  Ընկերությանը, այսպիսով, փորձելով ուղղորդել դեղը գնել իր համար նախընտրելի մատակարարից:   

3) 29.07.2022 թ.-ին «Վագա ֆարմ»-ն, ի պատասխան ԲԿ-ի 20.07. 2022  թ գրության՝ նշել է, որ անընդունելի է ԲԿ–ի առարկությունն առ այն, որ որ տվյալ դեղը ՀՀ-ում գրանցված չէ՝ կցելով Դեղերի փորձագիտական կենտրոնի եզրակացությունը և Առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագիրը, որով հավաստվում է դեղի՝ ՀՀ-ում գրանցված լինելը և այն՝ դեղ գնելու իրավունք ունեցող բոլոր կազմակերպություններին վաճառելու իրավունքը:

Միաժամանակ, արձանագրել ենք, որ ԲԿ-ի այն նկատառումը, որ այլ ներմուծողի կողմից մատակարարված «Ֆրաքսիպարինը» շուկայում առկա է, ակնհայտ է դարձնում ԲԿ-ի ղեկավարության հակվածությունը՝ դեպի շուկայի այլ մասնակից, ինչն էլ բացատրում է «Վագա ֆարմ»-ի կողմից մատակարարվող դեղորայքը մտացածին ամենատարբեր փաստարկներով չընդունելու՝ ԲԿ-ի ղեկավարության գործելաոճը: Վերոգրյալի հիմքով՝ «Վագա ֆարմ»-ը ևս մեկ անգամ առաջարկել է ընդունել մատակարարված դեղը: 

4) «Վագա-Ֆարմ» -ի վերոգրյալ գրությունից հետո ԲԿ–ն տեղեկացրել է, որ հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նախարարությունը ԲԿ-ին հանձնարարել է շարունակել հանձնման-ընդունման գործընթացը: Թեև ԲԿ–ի ստեղծած քաշքշուկի  հետևանքով, դեղորայքի հանձնման-ընդունման գործընթացը անհարկի ձգձգվել էր գրեթե մեկ ամսով:

5) ԲԿ-ին սա բավարար չէր, և առաջ է քաշվում երբևէ որևէ մատակարարի՝ երբևէ   չներկայացված  պահանջ՝ ՀՀ կառավարության 05.12.2019 թ.-ի թիվ 1732-Ն որոշման 8-րդ կետի համաձայն՝ ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության  «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիրաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի (այսուհետ՝ Փորձագիտական կենտրոն) կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացություն:

6)  Ընկերությունը 29.08.2022 թ.-ին դիմել է Փորձագիտական կենտրոնին՝ դեղերի լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այս պահանջը ներդրվել էր 2019 թ.-ին և մինչև այս դեպքը չէր կիրառվել: Դեռևս այն ժամանակ անդրադարձել ենք խնդրին՝ հիմնավորելով, որ այն կիրառելու դեպքում կպարալիզացվեն դեղերի պետական գնումները։

7) Փորձագիտական կենտրոնը՝ «Վագա-Ֆարմ»-ին ուղղված 30.08.2022թ.-ի գրությամբ, հայտնել է, որ դեղերի լաբորատոր փորձաքննություն այս պահին հնարավոր չէ իրականացնել՝ դրա համար անհրաժեշտ ստանդարտի և այլ սպեցիֆիկ ռեակտիվների բացակայության պատճառով, և որ գանք ու փորձաքննության համար ներկայացրած դեղի նմուշները իրենցից ետ վերցնենք՝ չթողնելով ոչ մի հույս, որ դեղերը երբևէ կփորձաքննվեն: Այս գրությունը «Վագա-ֆարմ»-ը ուղարկել է ԲԿ–ին՝ խնդրելով ընդունել մատակարարված ապրանքը։

8) 06.09.2022 թ.-ին, հանձնման-ընդունման գործընթացը ձգձգելով, ԲԿ-ն հիմա էլ դիմում է Լոռվա մարզպետին՝ «պարզելու մատակարարված դեղի համապատասխանությունը գործող օրենսդրությանը»: Հիմա էլ մարզպետն է նորից դիմում Փորձագիտական կենտրոնին ու Առողջապահության նախարարությանը:

9) Փորձագիտական կենտրոնն ու Առողջապահության նախարարությունը մարզպետարանի գրությանն ի պատասխան՝ հայտնել են, որ փորձաքննության համար անհրաժեշտ  ռեակտիվների ձեռքբերման համար անհրաժեշտ է 1,5-2 ամիս:

10) 28.09.2022 թ.-ին ԲԿ-ն պահանջել է օրացուցային 7 օրվա ընթացքում մատակարարված ապրանքը փոխարինել «պատշաճ որակի» ապրանքով:

11)  03.10.2022 թ.-ին գրությամբ «Վագա ֆարմ»-ը  կրկին դիմել է Փորձագիտական կենտրոնին՝ կցելով ԲԿ–ի 28.09.2022 թ.-ի գրությունը՝ խնդրելով կատարել ներկայացված դեղորայքի փորձաքննություն: 

12) Դրանից հետո, նույն օրը՝ 3.10.2022-ին, գրությամբ դիմել ենք ԲԿ տնօրենին՝ արձանագրելով, որ ԲԿ–ն նպատակ ունի «Վագա–Ֆարմ»-ին  ներառել «սև ցուցակում»,  դրանով իսկ մեկուսացնել վերջինիս դեղերի պետական գնումներից: Այնուամենայնիվ, առաջարկել ենք Ընկերությանը տրամադրել ողջամիտ ժամկետ՝ փորձագիտական կենտրոնից փորձաքննության եզրակացությունը ստանալու համար՝ մինչև Փորձագիտական կենտրոնի կողմից փորձաքննության արդյունքների տրամադրելը: 

13) Նույն օրը, 3.10.2022-ին, դեղ ներմուծողների ու Առողջապահության նախարարի հանդիպման ժամանակ բարձրացրել եմ հարցը՝ ինչպե՞ս բավարարել ԲԿ-ի պահանջը, եթե Դեղերի փորձագիտական կենտրոնը չունի համապատասխան ստանդարտներ և քիմիական ռեակտիվներ՝ կառավարության որոշման պահանջը կատարելու համար: 

14)  28.10.2022թ.-ին  Փորձագիտական կենտրոնը  գրությամբ ներկայացրել է ներկայացված դեղորայքի (թեև նախկինում նշել էր, որ փորձաքննություն իրականացնել հնարավոր չէ) փորձաքննության եզրակացություններ՝ նշումով՝ «Փորձանմուշը համապատասխանում է»: Միաժամանակ՝ փորձաքննության եզրակացությունում նշված չէ, որ այն լաբորատոր փորձաքննության արձանագրություն է, ինչպես նաև նշված չէ, որ փորձաքննություն անցած դեղը համապատասխանում է կառավարության ներկայացրած պահանջին : 

Մատակարարը փաստացի հայտնվում է ծուղակում. մի կողմից՝ ԲԿ-ն, կառավարության որոշման համաձայն, իրավունք ունի պահանջել լաբորատոր փորձաքննության եզրակացություն, որն, ի դեպ, երբևէ չի պահանջել, քանի որ լաբորատոր փորձաքննության կենտրոնն ի վիճակի չէ նման փորձաքննություն իրակացնել: Մյուս կողմից՝ սա հաղթաթուղթ է  անցանկալի մատակարարից ազատվելու և նրան սև ցուցակում ներառելու համար:  Միաժամանակ, պայմանագրի խախտման համար՝ որպես տույժ, գանձելով պայմանագրի արժեքի 25 %-ը:  

Փորձաքննությունն իբրև թե կատարվել էր, և  փաստաթուղթը տրվել էր՝ պարզապես ԲԿ-ի ներկայացված պահանջները ձևական բավարարելու համար: Հակառակ պարագայում՝ ակնհայտ կլիներ կառավարության՝ անիրատեսական պահանջների համատարած չկատարումը:  

«Վագա ֆարմ»-ից պահանջվող բոլոր, այդ թվում՝  անիրատեսական պահանջները կատարելուց հետո  անգամ, ԲԿ-ն որոշում է ընդունել «մատակարարված անպատշաճ որակի ապրանքը չընդունելու» պատրվակով՝ պայմանագիրը միակողմանի լուծել և Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև  ցուցակում» ներառելու մասին: 

«Վագա ֆարմ»-ը երկար տարիներ պետական գնումների հիմնական մասնակիցներից ու մատակարարներից է: Այս  կամայականությունը ԲԿ-ի կողմից նպատակաուղղված է   Ընկերությանը երկու տարով զրկել պետական գնումների գործընթացին մասնակցելու հնարավորությունից: Սա ոչ միայն Ընկերությանն է մեծ վնասներ տալիս, այլև հավակնում է պետությանը զրկելու մրցակցային, արդյունավետ գնումներ կատարելուց: 

Սույն  ԲԿ-ի ղեկավարն՝  իր պատասխանատվությամբ, չէր նախաձեռնի նման  կամայականություն՝  մատի վրա պտտեցնել, Ընկերությանը գցել «սև  ցուցակ»:  

Առանց այն էլ պետական գնումների գործընթացը միտված է նրան, որ մասնակիցները կախվածության մեջ լինեն իշխանության  կապրիզներից: Կախվածություն չունեցողները ցանկալի չեն: 

Նախ՝ ներդրվում են անիրատեսական կանոնակարգեր: Անիրատեսական պահանջները կոռուպցիաի բաղադրիչն են: Նախկինում այդպես էր, այժմ էլ շարունակվում է կատարելագործվել:

Այն, որ դու կախվածության մեջ ես, ստիպում է մատակարարին «խոնարհ» լինել: Եթե այս կանոնակարգերով էլ չեն կարողանում իրենց ցանկացածին հասնել, հեռացնել ասպարեզից անցանկալի մասնակցին՝ կացնով կտրում են գնումների գործընթացին մասնակցելու նրա հնարավորությունը:   

«Վագա ֆարմ»-ին «սև ցուցակ» գցելու գործընթացը նույն ԲԿ-ն կիրառել է ևս մեկ՝ նույն ժամանակահատվածում կնքված պայմանագրով՝ նույնանման «հիմնավորումներով», որպեսզի եթե դատարանում մի դեպքում հաղթենք, նույն պրոցեսը հիմա էլ անցնենք մյուս պայմանագրով:  

«Վագա ֆարմ»-ը ԲԿ-ի այս որոշումներ, բնականաբար, այժմ վիճարկում է դատարանում: Այժմ, երբ պետությունը կորցնում ենք, նման խնդիրները բոլորիս համար երկրորդ պլանում են: 

Բայց և նման կամայականությունների, պետական ապարատը պարալիզացված, մանր կապրիզների, ինտրիգների դաշտում պահելու  պատճառով է նաև, որ  այսօր  «սև ցուցակում» ենք բոլորս:

Վահե Վարսանյան   

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter