HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Թաղավարդի առօրյան շրջափակված Արցախում

«Կարո ջան, զկեռը, մեկ էլ կրմնձուկի արմատներն են լավ»,- ասել էր Մոսկվայում բուժվող Պետոն, Թաղավարդում ապրող մարտական ընկերոջը, ճանապարհը փակվելուց առաջ։

Պետոն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Կարմիր Շուկայի տանկային վաշտի հրամանատարը, վերջին տարիներին իր մոտ հայտնաբերվել է քաղցկեղ․ բուժում է ստանում Մոսկվայում։ Թաղավարդից Կարոն պատմում է, որ եղբոր պես է Պետոյի հետ։ Իր հարազատ չորս եղբայրներից հիմա Կարոն մնացել է մենակ․ եղբարներից մեկը զոհվել է առաջին պատերազմում, մյուսը՝ վերջին պատերազմում՝ գյուղի պաշտպանական մարտերում։

«Գյուղում՝ տանս դիմաց, թփուտներ կան, էնտեղ ծառների վրա հասած զկեռ կա, հավաքեցի, որ ուղարկեմ Պետոյին՝ Մոսկվա, բայց իմացանք, որ ճանապարհը փակ է»,- պատմում է Ադրբեջանի հետ այժմյան սահմանին ամենամոտ տներից մեկում ապրող Կարո Ալավերդյանը։

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը 44-օրյա պատերազմից հետո բաժանվել է երկու մասի․ գյուղի վերին հատվածը՝ մոտ 132 տուն, գյուղի եկեղեցին եւ գերեզմանատունը, անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Գյուղի ներքևի հատվածը՝ Կալերը՝ 135 տուն, մնացել են հայկական վերահսկողության տակ։

Կարոն իր տան մոտ ունի փոքրիկ կրպակ, ի տարբերություն այժմ շրջափակման մեջ հայտնված Արցախի մյուս շրջանների, Թաղավարդի սահմանի մոտ գտնվող թաղամասի կրպակը համեմատաբար «առատ է»․ Կարոյենց ընտանիքից բացի, գյուղի այս թաղամասում ապրում են ընդամենը երեք ընտանիք։

«Խանութում վերմիշել ունենք, բրինձ ունենք, պեսոկն է պրծել, ծխախոտ ունենք, ձեթը երեկ է պրծել, բայց գյուղում ձեթի գործարան կա, Կարմիր Շուկայի փռին վառելիք են հատկացրել օրական 10 հաց բերում են»,-ներկայացնում է իրավիճակը Կարո Ալավերդյանը։

Նա վերջին պատերազմից առաջ հողագործությամբ էր զբաղվում, ուներ գյուղտեխնիկա։ Այս ամսվա սկզբին փորձել էր ցորեն ցանել, բայց սահմանից դիտարկվող դաշտի ուղղությամբ ադրբեջանցի զինվորները կրակ էին բացել։

Կարոն չորս երեխա ունի (երկու տղա, երկու աղջիկ) աղջիկները ամուսնացած են, մեկը Երևանում է ապրում, մյուսը՝ Ստեփանակերտում, այնտեղ է նաև մեծ տղան, որը ուսանող է։

Թաղավարդի իրենց հայրական տանը Կարոն ապրում է կնոջ, մոր և փոքր տղայի՝ 14-ամյա Աշոտի հետ, ում խնդրել էինք այսօրվա Թաղավարդից լուսանկարներ անել։ Աշոտը գյուղում հեծանիվով իր հերթական զբոսանքների ժամանակ նկարել է գյուղը։ 

«Մենք, որ ավելի մեծ դժվարությունների միջով ենք անցել, մեզ համար անսովոր չէ էս վիճակը՝ շրջափակումը։ Ամենամեծ խնդիրը վառելիքն է։ Մայրս 81 տարեկան է, շատ ցավ է տեսել կյանքում, անկողնային հիվանդ է, վառելիք են հատկացրել մեքենայի համար, որ անհրաժեշտության դեպքում կարենամ հասցնել Ստեփանակերտ»,- ասում է Կարոն ու վերջում լավատեսությամբ շարունակում․ «Արցախի առատ հողից՝ տանձի, խնձորի, շլորի, դամբուլի, հոնի, թթի բերքից ընտիր օղի եմ քաշել, ճամփեքը բացվի, եկեք Թաղավարդ մի լավ քեֆ անենք»։

Արդեն 9-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է․ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այդպիսով ստեղծել հումանիտար ճգնաժամ։

Գլխավոր նկարը՝ Ռիմա Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter