HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ըստ Խուռհատի գործով վկայի՝ շրջափակման մեջ հայտնված գումարտակի միակ ելքը ձորը թռնելն էր

2020թ.-ի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա թշնամին հարձակում է սկսել։ Սարի վրա գտնվող Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը ստիպված նահանջել է։ Հարձակման պահին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Նորակոչիկների գումարտակի անձնակազմը ցաքուցրիվ է եղել։ Նրանց մի մասը, չիմանալով թշնամու տեղակայման վայրը, գնացել է Վանք գյուղ և զոհվել, մի մասի ճակատագիրն էլ անհայտ է։

Սխալ ուղղությամբ գնացած և փրկված Սամվել Հովասյանը, ով նաև գործով վկա է, դատարանում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է գումարտակի անձնակազմը բաժանվել և գնացել տարբեր ուղղություններով։

Նորակոչիկների գումարտակի անձնակազմը չի ցանկացել մարտական առաջադրանք կատարել նոր հրամանատարի հետ

Վկան նախ նշեց, որ մինչ Խուռհատ սարը բարձրանալը, բարձր սպայակազմից իրենց ասել են, որ 3-րդ, 4-րդ բնագիծ են տանելու, որտեղ հանգիստ է լինելու։

Ըստ Հովասյանի՝ երբ դեռ Իշխան Վահանյանը չէր նշանակվել գումարտակի հրամանատար, իրենց հրամանատար Գարիկ Վարդերեսյանը խոսել է Վահանյանի հետ, հարցրել՝ արդյոք պատրաստ է ստանձնել գումարտակի հրամանատարի պաշտոնը, թե՞ ոչ։ Վահանյանը պատասխանել է՝ կխոսեն, կհասկանան, ինչից հետո անձնակազմն այլևս չի ցանկացել նրա հրամանատարության ներքո առաջադրանք կատարել։

«Անձնակազմից եղել են, որ ասել են՝ չենք ուզում էս մարդը մեզ կամբատ լինի, բարձրանանք դիրք ինչ-որ գործողության մասնակցենք իր հետ, բայց բանի տեղ չդրեցին․․․ Վահանյանը շատ վատ սպա էր, իր պահվածքի պատճառով իրեն ոչ մեկ լուրջ չի վերաբերվել»,- պատմում է Սամվելը։

Խուռհատ սարի վրա անձնակազմը մի օր է մնացել, հաջորդ օրն առավոտյան 10-ին թշնամին հարձակվել է։

«Ձայներ էինք լսում, զեկուցեցինք, զինվորներին փոխանցել էին, որ մեր ռազվեդկեն ա, հանկարծ չկրակեք։ Դրանից մի կես ժամ հետո հարձակում սկսվեց։

Մեզ տեղակայված դիրքից իջացրին ներքև, էդ ժամանակ արդեն կռիվ էր գնում, մի պահ մեզ իջացրին վիշկի մոտ, մի հոգի եկավ, ասեց՝ խի եք իջել, վերևը սաղ մեր տղերքն են։ Արդեն վերև բարձրանալիս սկսեցին կրակել մեր վրա, խուճապ սկսվեց, սաղ ցրվեցին։

Վահանյանն ասեց՝ կրակե՛ք, կրակե՛ք, ինքն իջավ ներքև։ Ուղղություն ցույց չէր տալիս, մենակ ասում էր՝ կրակե՛ք»,- հայտնեց վկան։

Նրա խոսքով՝ թշնամին այդ ժամանակ հրաձգային տեսակի զենքերից էր կրակում, և ինքը չի կարծում՝ բեկորային վիրավորում հնարավոր էր ստանալ։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործում առկա տեղեկության՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է եղել։

Խուռհատում նորակոչիկների 5-րդ գումարտակի աջ կողմում գտնվել է 3-րդ գումարտակը։ Որոշել են բարձրանալ 3-րդ գումարտակի մոտ, հետո եկել է մի կամավորական, ասել, որ Հադրութի դպրոցի մոտ մեքենաներ կան, պետք է այնտեղ գնալ։

-Ով կար էդ պահին, իրա հետ իջել ենք կամավորականի հետևից, մեկ էլ կապի դասակի հրամանատար Հովհաննեսի հետ, գնացինք դեպի Հադրութ։ Ճանապարհին կանգնեցինք անձնակազմը հաշվելու, 100 հոգի էինք, էդ կամավորականը բարձրախոսով զանգեց Իշխան Վահանյանին, ասեց՝ ո՞ւր ես Իշխան, ոչ մեկ չգիտի՝ որտեղ ա զորքը, ասեց՝ ես վիրավոր եմ, իջնում եմ ներքև,- պատմեց վկան։

-Պատասխան հնչե՞ց դրան,- հարցրեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Հնչեց, բայց ցենզուրայից դուրս։

Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը մի խումբ զինծառայողների հետ, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ գնացել է դեպի Վանք գյուղ և զոհվել։

Վկան նշեց, որ Հադրութ գնալու ճանապարհին մի քանի անգամ ընկել են շրջափակման մեջ, մի կերպ դուրս պրծել։

Դատախազը փորձեց պարզել այն զինծառայողների անունները, որոնք այդ ուղղությամբ են գնացել։ Վկան միայն երկուսին հիշեց՝ Սարգիսին, որի ազգանունը չկարողացավ մտաբերել և Գևորգ Վարդանյանին։

«Միակ տարբերակը զորքով ձորի մեջ թռնելն էր»․ վկա

Զինծառայողներին հաշվելուց հետո կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը և զինծառայողներից Սարգիսը գնացել են ճանապարհը ստուգելու, վերադարձել և շշուկով ասել, որ պետք է ներքև իջնել։

«Մեզ առաջնորդում էր գյումրեցի կամավորականը, մեկ էլ Հովոն։ Ես հետևներն էի մի քիչ, իջնելու պահին ճանապարհին տեսանք՝ կամավորականը վիրավոր ընկած ա, բայց խոսում էր, չեմ հիշում՝ ինչ էր ասում, իջանք ռովի (փոս) մեջ։ Հետո սաղս մնացինք ռովի մեջ, վերևից սկսեցին կրակել մեր վրա։

Ռովի դիմաց ճանապարհն էր, ճանապարհից այն կողմ՝ ձորը։ Կամավորականն ընկած էր ճանապարհին, Հովոն մեր հետ էր, հետո Հովոյին էլ խփեցին։ Չգիտեինք՝ ինչ անենինք, միակ տարբերակը մնում էր, որ զորքով թռնեինք ձորի մեջ։ Թռնելու ժամանակ սկսեցին կրակել զորքի վրա, ու ցրվեց զորքը։

Ես, Գևը, Սարգիսը, մեկ էլ 10 հոգի իջնում էինք դեպի Վանքի կողմ, զանգեցին, ասեցին սենց նշանաբառ գոռացեք, գոռալով իջեք ներքև, կիմանանք, որ դուք եք, գոռալով իջնում էինք, էլի կրակում էին մեր վրա, էլի մի կերպ դուրս պրծանք։ Իջանք Հադրութի սկզբում մի գյուղ կա, էդ գյուղից մտանք Հադրութ, էդտեղից ձախ ճանապարհ կար, մեկն էլ տանում էր Հադրութի մեջ։ էդ վախտ էլ Գևը մեկին զանգեց, ասեցին՝ մտեք Հադրութի մեջ։

Հադրութ մտնելիս աջի վրա խանութ կար, մեր հետի մալադոներին ասեցինք՝ մտնեն էդ խանութի մեջ, մենք էլ իջանք ճանապարհը նայելու, ասել էինք, որ մարդ դուրս գա, գոռացեք՝ հայ ենք, չկրակե՛ք։ Էդ ժամանակ մի հոգի դուրս եկավ դեմներս, գոռում ենք, սկսում ա կրակել մեր վրա, էդ ընթացքում ես մտնում եմ պատի արանքը, իսկ Գևն ընկնում ա։ Կրակոցներ են լսվում, տեսնում եմ, որ իրան կպնում ա մի բան, ու էլ ձենը չի լսվում։ Սկսում են կրակել իմ կողմ։ Մի կերպ դուրս եմ գալիս, գնում եմ մեր զորքի մոտ, որ խանութում էր, էդ ժամանակ դեպի անտառ էին գնացել, գնացի անտառ, սաղ սփրթնած նայում են ինձ, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ․․․»։

Հաջորդ օրն առավոտյան վկա Սարգիս Հովասյանը զինծառայողներից մեկի հեռախոսով կապ է հաստատել գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ, որն էլ հետախուզությունից մի քանիսի համարն է տվել Սարգիսին։

«Զանգեցի, ասեցին բարձրացեք վերևի գյուղը մինչև տեսնենք՝ ինչ ենք անում։ Բարձրանալիս ձեներ եկավ, գնացինք, տեսանք ճանապարհի տակ ՄՈԲ կա մի 3-4 հոգի, իրենք էլ մեզ միացան, բարձրացանք մի տուն կար, մնացինք էդտեղ, սպասում էինք հրահանգների։

Սպասելու ընթացքում մոտավորապես 30 հոգի իջնում էին սարի դոշից, չգիտեինք՝ մեր գումարտակից են․․․ Ճանաչել էին տղերքին, տղերքն ասել էին, որ էս տան մեջ սպասում ենք։ Եկան, միացան մեզ, սպասեցինք էդ մարդկանց։

Զանգեցի նորից, ասեցին՝ սպասեք, մի ժամ հետո էլ զանգեցի, ասեց՝ Հադրութի դպրոցում ենք, բոյ ա գնում ստեղ, մի բան արեք, դուրս եկեք։ Վարդերեսյանն ուրիշի համարը տվեց, զանգեցինք, դեպի «Թութակների» կողմ գնացող սար կար, էդ մարդը ճանապարհն ասեց, բարձրացանք»,- հայտնեց վկան՝ նշելով, որ բոլորին տեղեկացրել է, որ մարդիկ կան մնացած, եթե հնարավորություն կա, մտնեն, հանեն․

«Սաղ էլ ասել են՝ հա, սաղ լավ կլինի, դուք մենակ մեզ լսեք»,- պատմեց Սարգիսը։

Վկա Հովասյանի խոսքով՝ գումարտակի հրամանատարի հեռանալն իր ազդեցությունն ունեցել է։

«Նենց հոգեբանական վիճակ էր, որ կարող ա մեկը գնար, իրեն գցեր ձորից»․ վկա Վարուժան Մարգարյան

Մյուս վկա Վարուժան Մարգարյանը նշեց՝ երբ Խուռհատում մարտերը սկսել են, խառը վիճակ է ստեղծվել, ինքն անձամբ չի տեսել, բայց ծառայակիցները տեղեկացրել են, որ գումարտակի հրամանատարը հեռացել է․

«Սաղ գումարտակը խառը վիճակում էր, մի հատ ֆորմով տարօրինակ մարդ կար ոչ հայկական էր, ոչ թուրքական, ոնց որ ռազվեդչիկ լիներ։ Հարցրեց՝ վաշտում քանի հոգի ա, քանի զոհված կա, մենք չպատասխանեցինք, գնում էինք մեր ճամփով։ Մեկ էլ շրջվեցինք, տեսանք՝ չկա։ Կարող ա էդ բլիժնի բոյի վախտերը թուրք ռազվեդչիկը մտած լինի մեր մեջ, տվյալներ էր ուզում հավաքել, ոչ մի բան չենք ասել»։

Վկայի խոսքով՝ Խուռհատում գումարտակը Վահանյանի հրամանով պիտի դիրքավորվեր մինչև մարտը սկսեր։

Վարուժանը նշեց՝ դիրքավորվելիս տեսել են, որ ադրբեջանցիները մեքենաներով գալիս են, և սպասել են, թե երբ են մոտենալու։

Վկայի հավաստմամբ՝ վերադաս հրամանատարությունն իրենց հետ հավասար տեսնում էր այդ ամենը։ Սպաներից մի քանիսն իրենց հետ են եղել, այդ թվում՝ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։

«Մի գիշեր մնացել ենք սարում, առավոտը սկսավ։ «Ալլահ աքբար» գոռացին, եկան։ Արդեն սկսեցինք կրակել, շատերի փամփուշտները վերջացել էին, խառը իրավիճակ էր։ Ներքևում 3-4 մեքենա կար, որ իջանք, տեսանք էդ մեքենաներն էլ չկային։ Տղերքը խառը խոսում էին՝ «Վահանյանը ավտոն նստեց, թռավ»։ Մի պահ մտածում էինք կարող ա հետ գա, էն էլ չեկավ»,- նշեց Վարուժանը։

Ինչպես հայտնեց վկան, այդտեղ հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ։

Վարուժանը չկարողացավ նշել, թե ինչպես է գումարտակի անձնակազմի մի մասն առանձնացել ու գնացել ուրիշ ուղղությամբ և ընկել շրջափակման մեջ։

Դատախազը հարցրեց, թե հետագայում չեն պարզել՝ ի՞նչ հանգամանքներում են առանձնացել։

«Չեմ կարող ասել, նենց հոգաբանական վիճակ էր, որ կարող ա մեկը գնար իրեն գցեր ձորից, սպաներ իրեն։ Մեկն իր կոկորդը կտրել ա, մեռել ա»,- վրդովված և հուզված հայտնեց վկան, ինչից հետո դատավոր Ջոն Հայրապետյանը ժամանակ տվեց նրան հանգստանալու համար։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը նիստին տեղեկացրեց՝ սպայակազմի անգործության վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախորդ դատական նիստին դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնել էր՝ մինչ այս հրավիրված վկաները, որոնք դատական նիստին չեն ներկայացել, բերման կենթարկվեն։ Արդեն այս նիստում դատավորը հայտնեց՝ վերջիններս գտնվում են Արցախի Հանրապետությունում, և փակ ճանապարհով պայմանավորված՝ նրանց բերման ենթարկել չի հաջողվել։ Հաջորդ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter