HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Այնուամենայնիվ, մավրը պետք է հեռանա

Արցախի ու Հայաստանի ապագան  բնորոշող հավանական սցենարներից մեկը «ցեղասպանություն»-ն է: Այս բառով է ՀՀ վարչապետը նկարագրում այն հեռանկարը, որը սպառնում է Արցախի (և ոչ միայն) հայությանը: 

Եթե վարչապետը գիտակցում է նման հեռանկարի հավանականությունը  պիտի նաև գիտակցի իր անձնական պատասխանատվությունը՝ Հայաստանն ու Արցախը լինել-չլինելու վտանգի առաջ կանգնեցնելու հարցում:

Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվող օղակը ենթադրում է Հայաստանի, Արցախի իշխանություններից անհնարն իրականություն դարձնելու, նոր լուծումներ փնտրելու օրակարգեր: 

Դեկտեմբերի  12-ից Արցախի շրջափակումը Հայաստանի իշխանությունները հասցեագրում են միջազգային հանրությանը և ռուս խաղաղապահներին: Չգերագնահատելով Հայաստանի հնարավորությունները եռացող կաթսա հիշեցնող աշխարհում, այդուհանդերձ, կարևոր է հասկանալ՝ գոնե պատերազմից հետո  իշխանությունը համարժե՞ք է իրականությանը: 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին  ՀՀ կառավարությունը փոփոխեց 2002 թ.-ի  «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշումը։ Այն ենթադրում է էլ ավելի բարելավել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունը, կեցությունն ու սննդի ապահովումը:

Լինել անվտանգ, ունենալ հարմարավետ կեցություն և անհրաժեշտ սնունդ, կառավարական առանձնատների շահագործման և սպասարկման ծախսերը նախորդ տարիների 450-470 միլիոն դրամից դարձնել 542 միլիոն դրամ: Եվ այս ամենը՝ չզեկուցվող, «Գաղտնի» նշանագրով հարցերի շարքում:

Նկատենք, որ այս որոշումը կայացվել է 2021-ի մայիսից հետո. ադրբեջանական զորքն արդեն գրավել էր  Սև լճի տարածքը և այնտեղ է մինչ օրս:

Օպերատիվ տեղեկատվությանը տիրապետող երկրի ղեկավարն ինչո՞վ է զբաղված Հայաստան-Ստեփանակերտ կյանքի ճանապարհը փակելու նախօրեին:

Ընտանեկան ալբոմը վկայում է՝ առավոտյան՝ զբոսանք, կեսօրից հետո՝ մասնակցություն մանկական «Եվրատեսիլ»-ին,  երեկոյան՝ հարսանիք՝ «Դվին» հյուրանոցում:

Կիրակին հիմնավորում չէ. պատերազմող երկրի ղեկավարի դեպքում օրվա նման գրաֆիկը մերժելի է:

Երկրի համար ծայրահեղ վտանգի դեպքում անգամ չի մոռանում շտապ-շտապ աշխատանքից ազատել իր կապրիզը չբավարարած պաշտոնյային:  

Օրերս հրաժարական ներկայացրեցին ԿԳՄՍ նախարարն ու  փոխվարչապետը: Որևէ բացատրություն չեղավ՝ ո՞ր թերացման համար հատկապես ազատվեցին: Մամուլում նշվեց պատճառը՝ վարչապետին չի բավարարել, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է վերընտրվել՝ իշխանությունների համար անցանկալի թեկնածուն:

Պաշտոնանկ արված ԿԳՄՍ նախարարն ու փոխվարչապետը չեն նշում՝ ինչու՞ են հրաժարականի դիմում գրել, բայց շնորհակալություն են հայտնում վարչապետին՝ իրենց հանդեպ (թող որ՝ կարճատև) վստահության համար:

Յուրաքանչյուր ազգի, ժողովրդի հանդեպ աշխարհի վերաբերմունքը, ինչպես տեսնում ենք,  արդար-ոչ արդար գրական-գեղարվեստական  տիրույթից դուրս է: Հարգանքի արժանի է այն ազգը, որն ունի  կենսունակության ձգտում, արևի տակ տեղ ունենալու անսպառ համառություն, սեփական խնդիրները ձևակերպելու և ներքին ու արտաքին ողջ ռեսուրսը դրան ուղղելու հանդուգն կամք :

Միակ կուռ համակարգը, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. հավաքվել են կյանքում ոչինչ չստեղծած, սպառողի հոգեբանությամբ, ամեն ինչի պատրաստ (հիշենք ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարայնի դեմ հարուցված քրեական գործը՝ իր իսկ թիմակից Արսեն Թորոսյանի մատուցմամբ), չվաստակած բարձր աշխատավարձով մարդիկ:  

Պետության համար գոյաբանական խնդիրներն անգամ չեն խամրեցնում վարչապետի հետաքրքրությունը ներքաղաքական մանր-մունր խնդիրների հանդեպ: 

Օդում արդեն կար պատերազմի վտանգը, իսկ 2019-ին նա  դատարանները շրջափակելու կոչ է անում, 2020-ի պատերազմից առաջ պետական ողջ մեքենան Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու հանրաքվեին էր ուղղված: 

Վարչապետը մասշտաբային մտածողություն չունի: Իշխանության պահպանումը՝ դատելով պետական պահպանության ենթակա պաշտոյաների հանդեպ հարկատուների հաշվին քնքուշ կենցաղ կազմակերպելու ջանքերից, գերնպատակ է:  

Փաշինյանն ունի հիմնավորում՝ իր իշխանությունը լեգիտիմ է:

Աշխարհը այդպես էլ ընդունում է նրան: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի, Արցախի վրա կախված վտանգին իշխանությունների արձագանքը բացարձակ համարժեք չէ:

Եղած ընդդիմությունը նրան այլընտրանք չէ: Եվ հետո՝ չունի խելքին մոտ  գործողությունների ծրագիր. ընդդիմության օրակարգը ևս գեղարվեստական է: 

Նախկին ու գործող իշխանությունների հետ չասոցացվող, հանրային հեղինակություն ունեցող որևէ  գործիչ եթե փորձ անի իրեն առաջադրել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, դժվար հանդուրժվի վարչապետի կողմից. քրեական գործը այն դագանակն է, որով Փաշինյանը ասպարեզից հեռացնում է անցանկալի գործիչներին: Իսկ Քրեական օրենսգրքում, ցանկության դեպքում, բոլորի համար հոդված կգտնվի: Նապոլեոնի ոստիկանության նախարար Ֆուշեին են վերագրվում խոսքերը, «Ասեք մեկ բառ, և ես կապացուցեմ, որ հայրենիքի դավաճան եք»:

Մարդկության պատմության ընթացքում գրեթե բոլոր պետությունները, ազգերը ունեցել են պատմական վերելքի, վայրէջքի շրջաններ: Որոշները՝ դիմացել են, որոշները մնացել միայն պատմության դասագրքերում: Կքայլե՞նք՝ պատմությանը զուգահեռ, թե՞ կմնանք դասագրքերում: Պիտի վեր կենանք ընկած տեղից ու շարժվենք առաջ: Դա հնարավոր է, և պատմական նախադեպերը հիմք տալիս են այդպես մտածելու: Սակայն կա կարևար հանգամանք՝ երկիրը ոտքի կանգնեցնելու համար պետք են մասշտաբային մտածողության, քաջ, պատասխանատու մարդիկ:

Նիկոլ Փաշինյանը չի ձգում իր պաշտոնին, քանի որ չունի ամենակարևորը՝ անձնական պատասխանատվության գիտակցություն:

Դա այն չէ, երբ հանրահավաքներին բացականչում է, թե՝ լավ-լավ, թող բոլոր պարտություններն ինձ վերագրվեն: Դա նշանակում է՝ ես  պատասխանատվություն չունեմ: 

Հեռանալ առանց ցնցումների՝ հեղինակություն, համակարգված մտածողություն ունեցող մարդկանց հնարավորություն տալով ինքնադրսևորվել: Փաշինյանի դեպքում կա մտավախություն, որ նա կգնա քրեական գործեր հարուցելու ճանապարհով, միայն թե իրենից ներկայանալի, հավասարակշռված մեկին ընտրողներն աչքի առաջ չունենան:

Սա Փաշինյանի վտանգավոր կողմերից մեկն է:

Փաշինյանը չի ձգում իշխանության նաև այն պատճառով, որ կոտրել է  Հայաստանի, Արցախի արժանապատվությունը: Կոտրված արժանապատվությունը թույլ չի տալիս լուծումների հարցում համարձակ լինել: Պատերազմում պարտվելն արժանապատվության կորուստ չէ: Դա պատահել ու պատահում է բոլոր ժողովուրդների հետ: Արժանապատվության կորուստը մեր պետության անունից մուրացկանությունն է, անօգնականության աղերսները, պետության անվտանգությանն ուղղված քայերը՝ կառավարական ամառանոցների, սննդի  սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի ավելացմամբ փոխարինելը:  

Կաֆկան ունի ընտիր մի գործ՝ «Ուղղիչ գաղութում»: Դատապարտյալին սպանող հատուկ սարքի մեջ են դնում, որը դանդաղորեն ճզմում է նրան: Առաջին վեց ժամերին դատապարտյալը ոչինչ չի զգում: Սարքն այնպես է կառուցված, որ դատապարտյալի առաջ տաք շիլայով պնակ են դնում: Ու ճզմվող դապարտյալն անգամ այդ վիճակում փորձում է վայելել շիլան…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter