HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլոն Մասկը խոստացել է հեռանալ Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Twitter-ում կազմակերպված հարցման արդյունքներից հետո Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, բայց միայն այն բանից հետո, երբ գտնի «այն հիմարին, որը կհամաձայնի այդ աշխատանքին»։

«Ես հրաժարական կտամ ղեկավարի պաշտոնից, հենց գտնեմ այն հիմարին, որը կհամաձայնի հանձն առնել այդ աշխատանքը։ Դրանից հետո ես կմնամ միայն ծրագրային ապահովման և սերվերների թիմերի ղեկավար»,- գրել է Մասկը՝ իր հարցման մեկնաբանություններում։ Հիշեցնենք, որ Մասկը թվիթերյան օգտատերերին հարցրել էր, թե արդյոք ինքը պետք է լքի իր կողմից գնված սոցցանցի ղեկավարի պաշտոնը։

Հարցման արդյունքների համաձայն՝ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը՝ մոտ 57,5 %-ը, կողմ է արտահայտվել Մասկի հեռանալուն։ Հարցմանը մասնակցել է 17,5 միլիոն օգտատեր (չնայած շատերը կարծիք էին հայտնել, որ քվեարկածների թվում շատ են եղել բոտերը)։

Ավելի վաղ հայտարարելով քվեարկության մասին՝ Մասկը խոստացել էր, որ կանի այնպես, ինչպես կորոշի մեծամասնությունը, սակայն քվեարկության ավարտից հետո բավականին երկար չէր գրում այն մասին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ։

Իլոն Մասկը 44 միլիարդ ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Twitter-ը։ Մասկը խոստացել էր արմատապես վերակառուցել Twitter-ի աշխատանքը, սակայն բոլոր փորձերը վեր էին ածվել խոշոր սկանդալների։ Մամուլը թվարկել է Մասկի և Twitter-ի մասնակցությամբ սկանդալային բոլոր դեպքերը. մեծ թվով աշխատակիցների հեռացում, իսկ մյուսների գերծանրաբեռնված աշխատանք, Թրամփի օգտահաշվի վերականգնում (ԱՄՆ նախկին նախագահը դեռևս չի օգտագործում իր այդ օգտահաշիվը), օգտատերերի վճարովի վերիֆիկացման ներդրում։ Լրագրողների կատարած ուսումնասիրությունները հանգել են այն եզրակացության, որ Մասկի կիրառած այս մեթոդներն աստիճանաբար կործանում են սոցիալական ցանցը։

Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic/Illustration 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter