
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը։
Այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է արդյոք Փաշինյանը հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կառավարության մամուլի ծառայությունից նշել են, որ այս պահին օրակարգում է միայն ԱՊՀ առաջնորդների ձևաչափով հանդիպմանը մասնակցությունը։
Ամեն տարի դեկտեմբերին վերջին ԱՊՀ երկրների առաջնորդներն ունենում են ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում քննարկվում է այդ տարվա ընթացքում ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը և նախանշվում առաջիկա տարվա անելիքները։ Հանդիպմանը մասնակցում են ԱՊՀ երկրների բոլոր առաջնորդները, սակայն վերջին տարիներին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրաժարվում է մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել