HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Ջո Բայդենի հետ և ելույթ ունեցել Կոնգրեսում

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ լքել է իր երկրի սահմանները։ Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, որի մասին առավել վաղ չէր հայտարարվել։ Politico-ն գրում է, որ կողմերը Զելենսկու այցը քննարկել ու նախապատրաստել են մի քանի շաբաթ շարունակ։ Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրը CNN-ին էլ հայտնել է, որ մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է հարձակում իրականացնել Ուկրաինայի նախագահի նկատմամբ՝ ԱՄՆ-ում ուժեղացվել էին անվտանգության միջոցները։ Ավելին, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցները ևս տեղեկացված չեն եղել նախագահի այցի ժամանակացույցի մասին։ Associated Press-ի տվյալներով՝ Զելենսկին Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով լեհական Ժեշուվ քաղաքից, որտեղ ժամանել էր գնացքով։

Վաշինգտոն ժամանելուն պես Զելենսկին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Իր բացման խոսքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին Ուկրաինային աջակցության համար, ինչպես նաև փոխանցել նրան HIMARS ՀՕՊ միջոցների ուկրաինական մարտկոցի կապիտանի շքանշանը, որը կռվում է ներկայում ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածում՝ Բախմուտի մոտ։ Ի պատասխան Բայդենը վստահեցրել է, որ լինել Կիևի կողքին Պուտինի հրահրած պատերազմի դեմ պայքարում, «մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել Կիևի պաշտպանունակությունը և կաջակցի «արդար աշխարհին» Կիևի ձգտմանը։

Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ է։ Բացի դա, ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի Patriot համակարգերը։ Բայդենը նաև նշել է իր անկախության և ազատության համար Ուկրաինայի պայքարի կարևորությունը։ Իր հերթին Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և դաշնակիցներին տրամադրված աջակցության համար՝ հայտարարելով, որ այդ օգնության յուրաքանչյուր դոլարը հանդիսանում է ներդրում միջազգային անվտանգության մեջ։

Բայդենի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Կոնգրեսում։ Իր 20 րոպեանոց ելույթում Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի ելքն ունի կարևոր նշանակություն ողջ աշխարհի ապագայի համար։ Զելենսկու խոսքով՝ հիմա պատերազմը ծավալվում է ոչ միայն Ուկրաինայի տարածքի և անկախության համար, այլև «ինչպիսի աշխարհում կապրեն մեր երեխաներն ու թոռները»։ Նախագահը նաև հայտարարել է, որ այս պատերազմը «պատերազմ է բռնապետության դեմ» և չի կարող սառեցվել կամ հետաձգվել՝ նշելով, որ հաջորդ տարին բեկումնային կլինի։ Դրա հետ կապված Զելենսկին կրկին ընդգծել է Ուկրաինա զենքի նոր մատակարարումների կարևորությունը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացումը։ Իր ելույթի վերջում նա պնդել է, որ Ուկրաինան երբեք չի հանձնվի։ «Մենք կհաղթենք, որովհետև միասնական ենք. Ուկրաինան, ԱՄՆ-ն և ողջ ազատ աշխարհը»,- պնդել է նա։ Զելենսկու ելույթի վերջում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պարզել են Ուկրաինայի դրոշը։

Ակնկալվում է, որ Զելենսկին առաջիկայում հնարավոր է այցելի նաև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա։

Լուսանկարը՝ AP Photo/Patrick Semansky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter