HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ քննադատությանը

Ռուսական խաղաղապահները գործում են փաստաթղթերին խիստ համապատասխան և անում հնարավորը կարգն ապահովելու համար այնտեղ, որտեղ գործում են։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմը չի կատարում իր պարտավորությունները։

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որ ապահովեն կարգուկանոն և հանդարտություն այն տարածքներում, որտեղ գործում են: Նրանք գործում են բացառապես փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ռուսական խաղաղապահ անձնակազմին Լաչինի միջանցքի փակ մնալու և ցուցաբերվող անգործության մասով։ Փաշինյանը շեշտել էր, որ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը:

«Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում: Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողություների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասել էր Կառավարության ղեկավարը՝ առաջարկելով աշխատել Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Alexander Nemenov/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter