HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մանրամասները՝ Հայաստանի պահանջով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Եղիշե Կիրակոսյանը «ճիշտ և օբյեկտիվ իրականությունն արտացոլող» որակեց ՄԻԵԴ-ի որոշումը՝ նշելով, որ դրան պետք է հետևի նաև քաղաքական ուղղությամբ աշխատանքը:

Թեև ՄԻԵԴ-ը երեկ Ադրբեջանին պարտավորեցրել է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, սակայն ճանապարհը դեռ փակ է:

ՄԻԵԴ-ի որոշումը գործում է կողմերի ծանուցման պահից, այսինքն՝ երեկվանից: Հետևաբար Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից «գերքայլեր» չեն ակնկալում, իսկ կիրառվող գործիքակազմն ունի սահմանափակումներ: Կիրակոսյանի խոսքերով՝ ֆորմալ առումով Եվրոպական դատարանը նախարարների կոմիտեին ծանուցելու հնարավորություն ունի: Վերջինս, որպես քաղաքական մարմին, հետևում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ընթացքին: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է միջամտի այդ հարցերին՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

Միջազգային դատարանների մոտեցումները տարբերվում է ներպետական դատարանների մոտեցումներից: Միջպետական հարաբերություններում իրականությունը բազմաշերտ է և այս կամ այն կերպ խոչընդոտում է գործընթացներին: Սակայն, սանկցիաները միակ ռեալ միջոցներն են, որ պետության մոտ կարող են վարքագիծ փոխվել: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ սանկցիաներին հասնելը փոքր–ինչ դժվար է, սակայն անհույս վիճակ չէ: Պետք է անընդհատ աշխատել և իրավական գործընթացների արդյունքում կայացված որոշումները կարող են ազդեցություն ունենալ տարբեր ուղղություններով:

Ե. Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում պահանջ էր դրվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն ՄԻԵԴ-ն իր երեկվա որոշման մեջ նեղացրել է շրջանակը: Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի կողմից նման ձևակերպումներով որոշումն ունի պատճառներ ու Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներ: Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը շեշտադրել է կյանքի իրավունքի և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացումները, այլ ոչ ճանապարհն ընդհանրապես բացելը:

«Դատարանը երբեք նման բան չէր ասի: Դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների հետ: Ուրիշ ձև հնարավոր չէր անել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ արժևորելով և կարևորելով կայացված որոշումը:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանում հարցն ավելի խորացնելով՝ գուցե լրացուցիչ երաշխիքներ ստանան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են:

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում այլ շեշտադրումով է գործը քննվում՝ հիմնվելով ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթների վրա:

Ինչ վերաբերում է Արցախում պարենային անվտանգության հարցին, ապա Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին ներկայացրել են տեղեկություններ, այդ թվում՝ դեղորայքի անհրաժեշտության մասին: Ընթացքում այդ տեղեկատվությունը ևս թարմացվելու է:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի որոշումը լայն ձևով կարելի է մեկնաբանել: ՄԻԵԴ-ը հղում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Կիրակոսյանն ասում է, որ ՄԻԵԴ-ը սա պատահական չի մատնանշել, ինչից կարելի է ենթադրել, որ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն Արցախ ևս պետք է ապահովվի:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի այն ձևակերպմանը, որ վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, Ե. Կիրակոսյանը նշեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ներկայացրած դիրքորոշման հետ, որ ցուցարարները իրենց հետ կապ չունեն: Սակայն, ըստ Կիրակոսյանի՝ ՄԻԵԴ-ը հիմնավոր չի համարել, որ կապ չկա, հակառակ դեպքում չէր կիրառի միջանկյալ միջոցը:

«Մենք պետք է շարունակենք աշխատելը, կարծում եմ ճիշտ չէ դադարեցնելը: Ցավոք սրտի այս իրավիճակը շարունակվում է, և փորձելու ենք ակտիվորեն ներկայացնել ապացույցները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ աշխատում են երկու ուղղությամբ՝ դատարանին ապացույցներ ներկայացնել և դրանով մաքսիմում նվազեցնել դատարանի վրա գործադրվող Ադրբեջանի մանիպուլյացիաները:

***

Միջանկյալ միջոցը հրատապ և ժամանակավոր միջոց է: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցը կիրառում է, այսինքն՝ միջանկյալ դատական ակտ է կայացնում, այն դեպքերում, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանգ: Նշված վտանգը պետք է լինի ռեալ, որի հետևանքով հնարավոր չլինի վերականգնել Կոնվենցիայի հոդվածների խախտումները: Որպես բացառիկ միջոց՝ ՄԻԵԴ-ն այն հիմնականում կիրառում է կյանքի իրավունքի և խոշտանգումների, վատ վերաբերմունքի խախտումների վտանգի դեպքերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter