HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ընդունելի չէ մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը». Մարիա Զախարովան համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը

Ռուսական խաղաղապահ առաքելությունը իրականացնում է Լաչինի միջանցքում իրավիճակի վերահսկողության իր պարտականությունները։ Նման կերպ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր առավոտյան ռուս խաղաղապահների հասցեին արված քննադատությունը։ 

«Ես կարող եմ հակառակն ասել, իրենց առաքելությունը ռուսական խաղաղապահներն իրականացնում են»,- արձագանքել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ էլ բազմիցս եղել են սրացումներ, խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց։ Եվ հենց ռուսական խաղաղապահներն են արել ամեն ինչ իրավիճակի կայունացման համար, նրանց դա հաջողվել է»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի համար ընդունելի չէ «մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ռուսական խաղաղապահ անձնակազմին Լաչինի միջանցքի փակ մնալու և ցուցաբերվող անգործության մասով։ Փաշինյանը շեշտել էր, որ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը:

«Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում: Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողություների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասել էր Կառավարության ղեկավարը՝ առաջարկելով աշխատել Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

Փաշինյանի քննադատությանն անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «ռուսական խաղաղապահները գործում են փաստաթղթերին խիստ համապատասխան և անում հնարավորը կարգն ապահովելու համար»։ «Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որ ապահովեն կարգուկանոն և հանդարտություն այն տարածքներում, որտեղ գործում են: Նրանք գործում են բացառապես փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»,- ասել էր Պեսկովը։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկման ժամանակ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի վերաբերյալ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի քննադատությանը։ Զախարովան նշել է, որ ծանոթ չէ ռուսական կողմի ելույթին և Սիմոնյանի քննադատությանը կարող է արձագանքել միայն դրան ծանոթանալուց հետո։ Նրա խոսքով՝ հարցը պետք է ուղղել նաև հայկական կողմին հասկանալու, թե ինչն է մտահոգության տեղիք առաջացնում հայկական կողմի մոտ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter