
Ռուսաստանն ու Ադրբեջանն ափսոսում են, որ Հայաստանը չի մասնակցի եռակողմ հանդիպմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ափսոսում են, որ Երևանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որին մասնակցելու էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ու քննարկելու էին խաղաղության պայմանագրի թեման։ Այդ մասին նշվում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Ափսոսանք են հայտնել դեկտեմբերի 23-ին, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը քննարկելու համար, Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղված իրավիճակն ու «տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունները»։
«Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Բայրամովը Լավրովին ասել է, որ «ադրբեջանական կողմը, պարտավորություններին համապատասխան, երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։ Բայրամովը հայտարարել է, թե, իբր, Լաչինի միջանցքը բաց է։ «Բացի այդ, ընդգծվել է, որ ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիան իրականացվում է Ադրբեջանի տարածքում հայերի անօրինական տնտեսական գործունեության դեմ»,- ասված է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ «Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել