HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բազմաթիվ ինքնակամ շինություններ Կոտայքում․ առաջարկվել է տուգանել Ակունք և Աբովյան համայնքների ղեկավարներին, իսկ Գառնիում՝ բնակիչներին

Կոտայքի մարզպետարանը 2022թ-ին մարզի 7 համայնքում իրականացրած իրավական և մասնագիտական հսկողության ժամանակահատվածում մեծ թվով ինքնակամ շինություններ է հաշվառել։ Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցվել են բջջային կապի աշտարակներ, բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ, գետի վրա՝ կամուրջ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայանի վահանակներ և այլն։

Ընդ որում, դրանք կառուցվել են ոչ միայն քաղաքացիներին պատկանող, այլև համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողատարածքներում։ Ավելին, Նաիրի, Ծաղկաձոր և Բյուրեղավան համայնքներում բջջային կապի աշտարակները, հիմնականում, կառուցվել են համայնքային սեփականություն հողատարածքներում, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու։

Հանձնաժողովը արձանագրության մեջ չի մանրամասնել, թե բջջային օպերատորներն ում հետ են պայմանագիր կնքել՝ համայնքապետարա՞նի, թե՞ ֆիզիկական անձանց։ Այնուամենայնիվ, դրանք, հիմնականում, կառուցվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում, և հողհատկացում կատարելու ժամանակ համայնքների ղեկավարները պետք է հողի նշանակության փոփոխություն կատարեին, սակայն չեն արել։ Բնականաբար, չեն պարտավորեցրել նաև այն բնակիչներին, որոնց սեփական հողատարածքներում են կայանները տեղադրվել։

Նաիրի համայնքի Արագյուղ և Բուժական գյուղերում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողամասերում կառուցվել է 4 բջջային կապի կայան:

Եղվարդ բնակավայրում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա է 2 բջջային կապի կայան։

Ծաղկաձոր և Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական նշանակության հողամասերում առկա են բջջային կապի կայաններ (թիվը չեն նշել):

2020թ.-ի ապրիլին Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց հանրապետության տարբեր համայնքներում բջջային կապի աշտարակների հետ կապված կոռուպցիոն գործերով քրեական վարույթներ հարուցելու մասին։ Գլխավոր դատախազի հրահանգով ուսումնասիրեցին համայնքներում տեղակայված բջջային կապի աշտարակների օրինականությունը, հարուցվեցին քրեական գործեր։ Կոտայքի մարզում այն ժամանակ խոսվում էր միայն երկու դեպքի՝ Գառնի և Կարենիս գյուղերում տեղադրված աշտարակների անօրինականության մասին։

Քրեական գործեր հարուցելուց բացի, դատախազությունն անդրադարձավ նաև հողերն իրենց նպատակային նշանակությամբ չօգտագործելու հարցին, սակայն պարզվում է, այն մինչ օրս լուծում չի ստանում։ Հսկողություն իրականացնող հանձնաժողովը շարունակում է խորհուրդներ տալ համայնքների ղեկավարներին՝ կատարել օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները՝ վերահսկողություն իրականացնել հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։

Հանձնաժողովը համայնքներում շրջայցեր կատարելու ժամանակ հողերն իրենց նպատակային նշանակությամբ չօգտագործելուց բացի, նաև մեծ թվով ինքնակամ շինություններ է հայտնաբերել։ 

Ծաղկաձոր համայնքում հաշվառվել է 70 ինքնակամ շինություն, որից 17-ը կառուցվել են համայնքային սեփականություն հողում, 3-ը՝ գյուղնշանակության հողամասերում, 50-ը՝ սեփական տնամերձ կամ հասարակական նշանակության հողամասերում: Ծաղկաձոր համայնքում գտնվող Մարմարիկ գետի վրա քաղաքացին ինքնակամ կամուրջ է կառուցել: Արտավազ գյուղում առանց հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու ինքնակամ կառուցված հասարակական նշանակության օբյեկտ է գործում:

Աբովյան համայնքում հաշվառել են 41 ինքնակամ շինություն, որից 6-ը՝ Պտղնի գյուղում, 12-ը՝ Առինջում, 7-ը՝ Վերին Պտղնիում, 7-ը՝ Աբովյան քաղաքում, 1-ը՝ Կամարիսում, 3-ը՝ Կաթնաղբյուրում, 3-ը՝ Մայակովսկի գյուղում և 2-ը՝ Արամուսում:

Նաիրի համայնքում հաշվառել են 46 ինքնակամ շինություն, որից 8-ը կառուցվել են գյուղնշանակության հողերում, 27-ը՝ սեփական տնամերձ հողամասերում և 11-ը՝ համայնքային հողերում: Նաիրի համայնքի Բուժական գյուղում, գյուղնշանակության հողամասում առկա է ինքնակամ կառուցված հասարակական նշանակության կառույց, Սարալանջ գյուղում գյուղնշանակության հողամասում առկա է ինքնակամ կառուցված գյուղարտադրական նշանակության կառույց: Քաղաքացիներն իրենց սեփական գյուղնշանակության հողամասերի (14 միավոր) հողատեսքը ինքնակամ, առանց թույլտվություն ստանալու, փոփոխել են։

Ջրվեժ համայնքում հաշվառել են 44 ինքնակամ շինություն, որից 15-ը՝ գյուղնշանակության հողերում, 28-ը՝ սեփական տնամերձ հողամասերում և 1-ը համայնքային սեփականություն հողում: Համայնքի ղեկավարը որոշ ժամանակ հետո տեղեկացրել է, որ սեփական հողամասերում կառուցված ինքնակամ շինություններից 26-ի սեփականատերերը դիմել են համայնքապետարան՝ շինություններն օրինականացնելու համար, իսկ գյուղնշանակության հողերի վրա կառուցված ինքնակամ շինություների համար 7 սեփականատեր գույքը գրանցելու համար չափագրման աշխատանքներ է կատարել: Սեփական տնամերձերում կառուցապատում իրականացրած 28 սեփականատերերից 25-ը, համայնքի ղեկավարի որոշումով արդեն իսկ օրինականացրել են ինքնակամ շինությունը, 3-ը՝ ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ է նաև 1 համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելու գործընթացը:

Գառնի համայնքում հաշվառել են 33 ինքնակամ շինություն, որից 18-ը՝ Գառնի գյուղում, 10-ը՝ Գողթում, 4-ը՝ Գեղարդում և 1-ը՝ Ողջաբերդում: Գառնի գյուղում գյուղատնտեսական նշանակության 10 հողամասերում, առկա են տարբեր նպատակային ու գործառնական նշանակության շենքեր ու շինություններ:

Համայնքի Գողթ բնակավայրում՝ 7 գյուղատնտեսական նշանակության հողամասերում առկա են տարբեր նպատակային ու գործառնական նշանակության շենքեր ու շինություններ, իսկ գյուղնշանակության 2 հողամասերում արձանագրվել է հողատեսքերի ինքնակամ փոփոխություն:

Ակունքում համայնքային սեփականություն հանդիսացող 4 միավոր՝ շուրջ 15.281 հեկտար, և քաղաքացիների սեփականություն հանդիսացող 27 միավոր՝ մոտ 8 հեկտար, գյուղատնտեսական նշանակության հողամասերում առկա են ինքնակամ կառուցված շենքեր և շինություններ: Քաղաքացիներն իրենց սեփական վարելահողերում և արոտավայրերում շուրջ 24 հեկտար (88 միավոր), առանց հողամասի հողատեսքերի փոփոխության՝ հիմնել են բազմամյա տնկարքներ: Համայնքային սեփականություն հանդիսացող հողերում, ավելի քան 15 հեկտար հողատարածքի վրա, իրականացվում են հուղարկավորություններ:

Այս դեպքում հանձնաժողովն առաջարկել է Ակունք համայնքի ղեկավարի նկատմամբ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածը և համայնքի ղեկավարին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Միաժամանակ, համայնքի ղեկավարին առաջարկվել է սեղմ ժամկետում իրականացնել վերը նշված հողամասերի նպատակային նշանակությունների և հողատեսքերի փոփոխությունները:

Գառնի և Գողթ գյուղերում բացահայտված օրինախախտումների համար առաջարկվել է տուգանքներ կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Աբովյան համայնքում քարի արտադրամասի ջարդոնը 1600 քմ գյուղատնտեսական նշանակության  հողամասում կուտակելը և 897 քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը մետաղի ջարդոնի պահեստավորման տարածք օգտագործելը չկանխելու համար առաջարկվել է Աբովյան համայնքի ղեկավարին նույնպես տուգանել նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter