
Ժոզեպ Բորելն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը
Նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, այսպես կոչված «էկոակտիվիստների» ակցիան, Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեությունը, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը։
Ադրբեջանական կողմը դարձյալ պնդել է, թե իբր, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ցույցն ուղղված է «Լեռնային Ղարաբաղում հանքերի ապօրինի օգտագործման հետ»։ «ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ առաջ քաշված մեղադրանքներն այն մասին, որ իբր Լաչինի ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից, անհիմն են, և օրվա ընթացքում ճանապարհին կանոնավոր կերպով անարգել անցնում են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք կապված են տեղի բնակիչների օգտագործման համար ապրանքների մատակարարման կամ անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման հետ»,- իր հաղորդագրության մեջ պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իր հերթին Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջանում ներկայիս լարվածությունը անհանգստություն է առաջացնում՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության ներկայիս օրակարգին հավատարիմ մնալու կարևորությունը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել