HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Կիև վերադարձի ճանապարհին հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ուկրաինա վերադարձի ճանապարհին կանգ է առել լեհական Ժեշուվ քաղաքում, որտեղ հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այդ մասին հայտնում են երկու երկրների նախագահների մամուլի ծառայությունները։

«Ամփոփել ենք տարվա արդյունքները, որը պատմական մարտահրավերներ բերեց լայնամասշտաբ պատերազմի պատճառով։ Քննարկել ենք ապագայի ռազմավարական պլանները, երկկողմ հարաբերությունները և 2023 թվականին միջազգային մակարդակում փոխգործակցությունը»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին։

«Նախագահները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ շեշտադրումը դնելով ուկրաինական պետության պաշտպանունակության ուժեղացման և չափազանց կարևոր մարդասիրական հարցերի վրա, մասնավորապես, ուկրաինացի ժամանակավոր տեղահանվածների խնդիրների, որոնք ստիպված են եղել հեռանալ Ուկրաինայից՝ փրկվելով պատերազմից»,- նշվում է երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի և նրա քաղաքացիների կողմից ուկրաինացիներին տրամադրված աջակցության համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ, դեկտեմբերի 21-ին Վլադիմիր Զելենսկին լքել էր Ուկրաինայի տարածքը և պաշտոնական այց կատարել Վաշինգտոն, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ ունեցել Կոնգրեսում։ Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ազդարարել էր 1,85 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Դրանով առաջին անգամ նախատեսվում է Կիևին փոխանցել Patriot տեսակի զենիթահրթիռային համալիրներ, որոնք կնպաստեն ուկրաինական տարածքի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացմանը։

Լուսանկարը՝ Jakub Szymczuk/KPRP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter