HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միջազգային հանրության կոչերը լուրջ ճնշում չեն կարող դառնալ Ադրբեջանի վրա, եթե չվերածվեն իրական գործողությունների»

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանցի «բնապահպանների» պահանջները փոխվել են: Եթե շրջափակման առաջին օրերին նրանց կոչերը «բնապահպանական» կեղծ նարատիվներով էին՝ զուգահեռաբար նաեւ ազգայնական կոչեր էին հնչում, ապա հիմա պահանջների ձեւակերպումները փոխվել են:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ դեկտեմբերի 15-ին ականատես դարձանք պահանջների փոփոխության, երբ ակցիայի կազմակերպիչներից եւ կոորդիանցնողներից մեկը, որն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործող կառույցի ղեկավար է, «ցուցարարների» դիմաց կանգնելով, հայտարարեց, թե պահանջները փոխվում են, ու այժմ պահանջում են Ադրբեջանի սահմանապահ եւ մաքսային ծառայութունների անցակետերի տեղադրում Լաչինի միջանցքում, բացի դրանից՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանից պահանջում են լքել տարածքը: Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական հստակ պահանջները ամբողջությամբ համընկնում են ադրբեջանական իշխանությունների հնչեցրած պահանջներին:

Հովհաննիսյանն ասում է, որ Ադրբեջանի իշխանություններն են ուղղակիորեն ֆինանսավորում, հովանավորում այդ «ակցիան»: Իսկ քաղաքական քայլի նման ձեւ ընտրվել է՝ խուսափելու համար ակնհայտ ագրեսոր հռչակվելուց: Սրա այլընտրանքը կարող էր լինել զորքի միջոցով միջանցքը փակելը, սակայն ադրբեջանցիները սադրանք են ծրագրել՝ այնտեղ ուղարկելով պետական եւ ոչ պետական կառույցների աշխատակիցների՝ իբրեւ թե «բնապահպանական» ցույց անելու համար:

Ո՞վ է փակել ճանապարհը

Տարոն Հովհաննիսյանը շեշտում է՝ միջանցքը փակել են ադրբեջանական իշխանությունները: Վերջիններս նարատիվ էին առաջ քաշել, թե իբր ռուսներն են փակել այն, ինչը, Հովհաննիսյանի բնորոշմամբ, կեղծ է: Ռուս խաղաղապահ զորախումբն այդտեղ երկու կողմից կանգնած է՝ թույլ չտալով սադրիչների խմբին իջնել Արցախի՝ իրենց կողմից չօկուպացված տարածք:

«Այո, խնդիր տեսնում ենք, որ 10 օրից ավել է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը փաստացի չի կարողանում (ուզում եմ այդպես մտածել, որ ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանում) բացել միջանցքը, որը նրա պատասխանատվության գոտում է: Սա այլ հարց է: Սակայն այն, որ միջանցքն առանց որեւէ երկմտանքի փակել են Ադրբեջանի իշխանությունները, ակնհայտ է»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետը:

«Միայն հայտարարությունները հարցի լուրջ կարգավորում չեն կարող լինել»

«Հետքի» զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային հանրության կոչերը լուրջ ճնշում չեն կարող լինել Ադրբեջանի վրա, եթե չվերածվեն իրական գործողությունների, ինչպես օրինակ, պատժամիջոցների կամ ճնշման այլ մեխանիզմների, որոնց միջազգային կառույցները տիրապետում են: Հակառակ դեպքում այդ կոչերի արդյունքում Ադրբեջանն առանձնապես պարտավորված չի զգա բացել միջանցքը:

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բազմաթիվ անդամներ քննադատեցին Ադրբեջանին՝ կոչ անցելով բացել միջանցքը, սակայն մինչեւ հիմա չենք տեսել դրա կատարումը: Տարոն Հովհաննիսյանը նշում է՝ այդ կոչերը, հայտարարությունները, արձագանքը շատ կարեւոր է, որպեսզի հեռանկարային կտրվածքում կարողանանք օգտագործել հօգուտ մեզ՝ ցույց տալու համար Ադրբեջանի իրական քաղաքականությունը Արցախի բնակչության նկատմամբ:

«Մյուս կողմից՝ եթե այս պահին խոսում ենք իրական արդյունքի մասին, ապա միայն հայտարարությունները հարցի լուրջ կարգավորում չեն կարող լինել: Դրանց պետք է հետեւեն հստակ գործողություններ, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի վերանայելու իր քաղաքականությունը»,- նկատում է ադրբեջանագետը:

«Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չի կատարում»

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու միջանցքը բացել ծանր հիվանդների համար, Տարոն Հովհաննիսյանը նկատում է՝ եթե չի սխալվում, Ադրբեջանն աշխարհի 10 երկրների ցանկում է, որոնք չեն կատարում ՄԻԵԴ-ի որոշումները: «Սա առաջին դեպքը չէ: Մինչ այս էլ եղել են դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացրել, բայց Ադրբեջանի իշխանությունները կա՛մ չեն կատարել, կա՛մ պատշաճ կերպով չեն կատարել: Կարծում եմ՝ այստեղ եւս կարիք կա ճնշումային մեխանիզմներ ներդնելու, որպեսզի այդ որոշումները չկատարելու համար Ադրբեջանը հստակ ենթարկվի պատասխանատվության»,- ասում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ քանի դեռ այդ որոշումները, հայտարարությունները չվերածվեն իրական գործողությունների, եւ Ադրբեջանը չզգա, որ պատժվելու է պարտավորությունները չկատարելու համար, պարտավորված չի զգա այդ ամենի նկատմամբ:

Ի՞նչ պետք է արվի կարճաժամկետ եւ հեռանկարային կտրվածքով

Փորձագետի խոսքով՝ ցավոք, կարճաժամկետ կտրվածքով գործիքակազմը շատ չէ, պետք է շարունակել աշխատանքը միջազգային խաղացողների հետ՝ փորձելով հասնել հայտարարությունները գործողությունների վերածելուն, կամ առնվազն Ադրբեջանը պետք է զգա այդ վտանգը: Այդ թվում, ըստ նրա, աշխատանք պետք է տարվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, որովհետեւ նրա պատասխանատվության գոտին է:

Հեռանկարային կամ երկարաժամկետ քայլերին անդրադառնալով՝ «Հետքի» զրուցակիցը նշում է, որ դիվանագիտական աշխատանքին զուգահեռ պետք է աշխատանքներ իրականացվեն ռազմական ոլորտում: «Ադրբեջանը պարզ հասկացնում է, որ ինքը որեւէ կառուցողականության պատրաստ չէ, հետեւաբար, նրա ապագա մեծ սադրանքները կանխելու լավագույն քայլը ռազմական հավասարակշռությունն է»,- ասում է Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ լիարժեք ռազմական հավասարակշռություն չլինի, Հայաստանը գոնե պետք է ունենա Ադրբեջանին լուրջ վնաս պատճառելու ներուժ: «Դա կլինի միակ ռեալ կանխարգելիչ գործոնը Ադրբեջանի համար: Հակառակ դեպքում մենք տեսնելու ենք նույն ագրեսիան Արցախի, Հայաստանի նկատմամբ»,- ավելացնում է նա:

Կարեւոր խնդիրներից է Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցումը, որն ամրագրված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: «Այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Ադրբեջանի համար շատ ավելի բարդ կլինի նման շոուներով փակել ճանապարհը, եթե այն անցնի իրենց վերահսկած տարածքներից, օրինակ 2-3 կմ հեռավորության վրա, իսկ այժմ ճանապարհի հատվածները բառացիորեն իրար կողքով են անցնում»,- նշում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե որ դեպքում Ադրբեջանը կբացի ճանապարհը, Տարոն Հովհաննիսյանը պատասխանում է, որ այդ երկիրը փորձում է արցախյան կողմին դրդել զիջումների, բայց պահանջած զիջումները շատ ծանր զիջումներ են, որոնք ամենեւին վերջինը չեն լինելու: Եվ փաստացի այս պահին Արցախն ընտրել է պայքարի, զիջումների չգնալու տարբերակը: Դա, իհարկե, ծանր է, բայց այնտեղ շատ լավ հասկանում են, որ եթե այս պահին գնան զիջումների, միառժամանակ կարող է ավելի թեթեւ լինի, բայց հետո տասը կամ հարյուր անգամ ավելի ծանր զիջումներ են լինելու: Ի վերջո, Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ անեքսիայի ենթարկել Արցախն ու ամբողջությամբ հայաթափել: Դրա ուղղությամբ են իրենց բոլոր քայլերը:

Նրա կարծիքով՝ նախընտրելի լուծումներից մեկը Ռուսաստանի հետ աշխատանքն է, քանի որ, ի վերջո, Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին է: Հետեւաբար, իրենք պետք է ապահովեն Արցախի բնակչության անխափան տեղաշարժն այդ տարածքով:

Ի՞նչ է կատարվում Նախիջեւանում

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մեջլիսի խոսնակ Վասիֆ Թալիբովը 27 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել:

Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ այդ գործընթացը երկար ժամանակ էր սկսվել: Նախ՝ քայլեր էին արվում նրա թիմի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ էին՝ նպատակ ունենալով թուլացնել Թալիբովի դիրքերը Նախիջեւանում: Ապա ականատես եղանք Թալիբովի հրաժարականին, ինչը եղավ նրա՝ Բաքու կատարած այցից 8 օր հետո:

«Այստեղ, հանավաբար, ապագայում ականատես ենք լինելու քայլերի, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն առնվազն զգալիորեն իջեցնելու Նախիջեւանի ինքնավարության կարգավիճակը եւ շատ ավելի ուղիղ ենթարկելու Բաքվին, որովհետեւ դրա տարրերն արդեն տեսնում ենք: Եթե նախկինում Նախիջեւանում շատ կառույցներ նախարարության կարգավիճակով ենթարկվում էին Նախիջեւանի ղեկավարին, իսկ վերջինս էլ ենթարկվում էր միայն Ադրբեջանի նախագահին, ապա այժմ այս փոփոխությունների արդյունքում տարբեր կառույցներ հանվել են Նախիջեւանի նախագահի ուղիղ ենթակայությունից եւ դրվել են Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների ղեկավարության տակ: Այսինքն՝ փաստացի, սա արդեն ինքնավարության իջեցում է»,- մեկնաբանում է փորձագետը:

Նրա խոսքով՝ դա կարող է դիտարկվել թե՛ որպես Ադրբեջանի նախագահի կողմից առնվազն վերջին 10 տարիներին տարվող քաղաքականության շրջանակներում, թե՛ զուգահեռաբար դրանով փորձ է արվում վերացնել այս պահին Ադրբեջանում միակ ինքնավար միավորի գոյությունը, որպեսզի հետագայում փորձեն կանխարգելել Արցախի որեւէ կարգավիճակի մասին հարցերը, եթե իրենց հաջողվի անեքսիայի ենթարկել Արցախը. այդ դեպքում հղում կկատարեն, որ անգամ Նախիջեւանն իրենց մոտ ինքնավար չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter