HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մսի ապօրինի վաճառք, փաստաթղթերի կեղծում, ձկների անկում և «ոգևորիչ տվյալներ» ԵՄ-ի համար. 2022թ. ամփոփումը

2022թ. Սննդամթերքի անվտանգության տեսչությունն իրականացրել է 715 ստուգում և տնտեսվարողների 97%-ի մոտ խախտում է հայտնաբերել։ Նրանք ենթարկվել են տարբեր տեսակի պատասխանատվության՝ տուգանքների, գործունեության կամ արտադրության կասեցումների և այլն։ Սակայն որոշ տնտեսվարողներ անլուրջ են վերաբերվել տուգանքներին՝ կրկնելով խախտումները։ 

Մսի շուկայում կեղծվել են փաստաթղթեր, ինչի առթիվ կան հարուցված քրեական գործեր, ձկնաբուծարաններում վերջերս գրանցվել են զանգվածային անկումներ, ձկների մոտ հայտնաբերվել են շեղումներ՝ հիվանդություն, որը մարդկանց համար, ըստ ՍԱՏՄ պետի, «բացարձակ անվնաս է»։

Բայց ամենաշատ հանդիպող խախտումը սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխատողների սանիտարական գրքույկների բացակայությունն է։

869 ահազանգ ՍԱՏՄ-ն ստացել է թեժ գծի, սոցիալական ցանցերի և այլ պետական կառույցների միջոցով։ «Հետք»-ի «Անվտանգ սնունդ» խմբում այս տարի գրանցել ենք 68 ահազանգ, որից 31-ին ՍԱՏՄ-ն արձագանքել է, ուսումնասիրել, ընթացք տվել, վերահսկողություն իրականացրել, կատարել ստուգումներ։ Այդ ահազանգերից 10-ին արձագանքել են նաև իրենք՝ արտադրողները և իրացման ցանցի պատասխանատուները։

Ներկայացնում ենք 2022թ. սննդամթերքի ոլորտի ամփոփումը՝ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի մեկնաբանություններով։

 

 

Հոդվածում կարդացեք՝

  • 2022թ ստուգումների ամփոփումը՝ թվերով
  • Ամենահաճախ հայտնաբերվող խախտումները
  • Բարձր ռիսկային ոլորտ. մսամթերքի ապօրինի վաճառք, փաստաթղթերի կեղծում
  • Ո՞ր հիմնական ուղղություններով է Հայաստանից միս արտահանվել
  • Անկումներ ձկնաբուծարաններում և «ոգևերիչ տվյալներ» ԵՄ-ի համար
  • «Անվտանգ սնունդ/ Հետք»-ի խմբի արձանագրած խախտումների հետքերով, ՍԱՏՄ, տնտեսվարողների արձագանքները

 

Մի քանի թիվ՝ 2022-ի մասին 

Ամեն տարվա դեկտեմբերի 1-ին ՍԱՏՄ կայքում հրապարակվում է այն տնտեսվարողների ցանկը, որտեղ հաջորդ տարի պետք է պլանային ստուգումներ իրականացվեն։ Այս տարվա ցանկում ներառված է եղել 945 տնտեսվարող։ 

Մի մասի մոտ դեռ ստուգումներն ընթացքի մեջ են, դրանց արդյունքները կամփոփվեն հունվարի կեսերին։

Այս պահին ստուգումներն ավարտված են 715-ի տնտեսվարողի մոտ, որից միայն 22-ի մոտ է, որ խախտում չի հայտնաբերվել. այսինքն՝ 97%-ի մոտ եղել են խախտումներ, ինչի հետևանքով եղել են գործունեության կամ արտադրության տարբեր ուղղությունների կասեցումներ, տնտեսվարողները ենթարկվել են տարբեր տեսակի պատասխանատվության, նաև՝ տուգանքներ են վճարել. անհատ ձեռներեցները՝ 20-50 000 դրամի չափով, իսկ տնտեսվարող ընկերությունները՝ 50-100 000 դրամի։ 

2022թ.-ի ընթացքում 162 տնտեսվարող կա’մ փակվել է, կա’մ կասեցվել, կա’մ գործունեության տեսակն է փոխել։

«Շատ դեպքերում իրազեկվածության խնդիր կա. դեպքեր կան, երբ փորձում են շրջանցել օրենքը, լինում են նաև դեպքեր, որ տնտեսվարողները, որոնք մեկ անգամ տուգանվել են նույն խնդրով, չգիտեմ, երևի տուգանքը ցածր է եղել, անլուրջ են վերաբերվել և հաջորդ անգամ կրկնել են»,-ասում  է ՍԱՏՄ պետ Գ. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ստուգումների նպատակը, ամեն դեպքում, տնտեսվարողին տուգանելը չէ, այլ այն, որ մարդիկ ուտեն անվտանգ սնունդ և «չթունավորվեն»։

Տարվա ընթացքում ստուգված տնտեսվարողների 70%-ից ավելին բարձր ռիսկային գոտում գտնվողներն են եղել (մսամթերք, կաթնամթերք և այլն), մոտ 5%-ը՝ ցածր, մնացածը՝ միջին ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողներն են։ 

Բացի տարեկան ստուգումների պլանից, իրականացվել են նաև արտապլանային ստուգումներ՝ սոցիալական ցանցների, ՍԱՏՄ թեժ գծի կամ այլ պետական կառույցներից ստացած բողոքների և ահազանգերի հիման վրա։ 

Այս տարի այդ բողոքների թիվն 869 է, որից 30-ը՝ «Անվտանգ սնունդ/ Հետք» խմբի ահազանգերն են (առավել մանրամասն կանդրադառնանք ներքևում

Գեորգի Ավետիսյանն ասում է, որ այս ահանգերով խախտումներն ավելի քիչ են հաստատվում, քանի որ դրանք «սուբյեկտիվ» բնույթ են կրում։ 

«Այս դեպքում 248 տնտեսվարողի մոտ են հայտնաբերվել անհամապատասխանություններ, 20-ի դեպքում կասեցման որոշումներ են կայացվել, 186 տնտեսվարողի մոտ խախտում չի հայտնաբերվել։ Այս պահին դեռ 280 ստուգում ընթացքի մեջ է»,-ասում է ՍԱՏՄ պետը։

2022թ.ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և Առողջապահության նախարարության կողմից արձանագրվել է սննդամթերքից թունավորման 7 դեպք, ինչը, ըստ Գերոգի Ավետիսյանի, փաստում է, որ ՍԱՏՄ-ն կարողանում է ինչ-որ առումով դրական արդյուքններ գրանցել սննդամթերքի անվտանգության ոլորտում։


Ամենահաճախ հանդիպող խախտումները

Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներից ամենատարածվածը եղել է սանիտարական գրքույկների բացակայությունը կամ դրանց պարբերականության խախտումը, ինչպես նաև՝ հակամիջատային ցանցերի բացակայությունը, աշխատակիցների «ոչ պատշաճ վիճակը»։ 

«Եթե արտադրության ոլորտում ենք հայտնաբերում սանիտարահիգիենիկ նորմերի խախտում, տվյալ կազմակերպության գործունեությունը պարզապես կասեցվում է, և տալիս ենք ժամանակ, որ խախտումները վերացվեն»,-նշում է Գեորգի Ավետիսյանը։

Նմանատիպ՝ սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև՝ աշխատակիցների բուժզննման գրքույկների առնչությամբ խախտումներ ՍԱՏՄ-ն հայտնաբերել էր «Dan Dessert» ընկերության արտադրամասում՝ ընթացք տալով «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում հրապարակաված ահազանգերին։ 

Հայտնաբերված խախտումներն ընկերությունը վերացրել էր։

«Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները` սննդի շղթայում ներգրավված աշխատակիցների բժշկական զննություների պարբերականությունը խախտված է եղել, որոշ սարքավորումներ, գործիքներ և պարագաներ, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, փաթեթավորման նյութերը չեն պահվել աղտոտման վտանգը բացառող պայմաներում (դրված են եղել անմիջապես հատակին):

ՍԱՏՄ

Կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք կրկնում են նույն խախտումը և լուրջ չեն մոտենում ՍԱՏՄ տուգանքներին.

«Ցանց չլինելու պատճառով տուգանել ենք, ցանցը բերել, դրել են, հաջորդ տարի գնացել, ստուգել ենք, այդ ցանցն էլի չկա»,- օրինակ է բերում Գեորգի Ավետսիյանը։

 

Բարձր ռիսկային ոլորտ. մսամթերքի ապօրինի վաճառք, փաստաթղթերի կեղծում

Միայն 2022թ սեպտեմբերին մսամթերքի շուկայում գարնցվել է 210 խախտում, և 14 500 կգ մսեղիք չի մտել շուկա, դեկտեմբերին էլ կասեցվել է 6700 կգ սպանդանոցային մսի վաճառք։ 

Մսամթերքը բարձր ռիսկային սննդամթերք է. 2020թ հունվարից պարտադիր դարձավ կենդանիների սպանդանոցային մորթը, բացի այդ, սահմանվեց, որ իրացման կետերում վաճառվող մսամթերքը պարտադիր պետք է ունենա անասնաբուժական 5-րդ ձևը՝ փաստաթուղթ, որը նշանակում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված է և անվտանգ։

Սակայն մինչ օրս ոչ բոլոր տնտեսվարողներն են հետևում այդ պահանջին։
Գեորգի Ավետիսյանն ասում է, որ մի քանի քրեական գործ է հարուցվել կեղծ փաստաթղթերի վաճառքի մասով.

«Միս վաճառողներն ու այսպես կոչված՝ «դալալները» փորձում են ամեն ինչ անել, որ շրջանցեն օրենքը, նստում, մտածում են մեքենայություններ։ Մարդիկ կան, որ «5-րդ ձևեր» են վաճառում,-պատմում է նա։ -Այս ամենով զբաղվում է Ոստիկանությունը, կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնք, վերջ ի վերջո, անբարեխիղճ տնտեսվարողին կսթափեցնեն, որովհետև մեր տուգանքները բավարար չեն, որ տնտեսվարողներն ավելի զգոն լինեն»։

«Դալալները», ըստ Գերոգի Ավետիսյանի, խաբում են և' գյուղացիներին, երբ ասում են, որ սպանդանոցներն ավելի քիչ գումար են տալու իրենց, և' պետական մարմիններին։

Այս ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները՝ Ոստիկանության և տեղական  ինքնակառավարման մարմինների հետ շրջայցեր են կատարում են, երբեմն ճանապարհների վրա են մեքենաներ են կանգնեցնում և ստուգում. տնտեսվարողները, որոնք չեն ունենում 5-րդ ձևի սերտիֆիկատներ, տուգանվում են, մսի վաճառքը՝ կասեցվում է, տրվում են մսեղիքը ոչնչացնելու կարգադրեր։

«Ամեն դեպքում, այս խնդիրը չի լուծվի, քանի դեռ ունենք փողոցից գնող քաղաքացիներ (փողոցային առևտուրը ՏԻՄ վերահսկողության տակ է գտնվում, հեղ.)։ Փողոցից գնելու դեպքում մարդիկ ոչ միայն իրենց չեն հարգում, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին,-ասում է նա.- փողոցում 100-200 դրամ խնայելով՝ դու գնում ես առնվազն վտանգավոր միս, քանի որ անվտանգության մասին այստեղ խոսելն անիմաստ է»,-ասում է Գ. Ավետիսյանը։

Հայաստանում, 2022թ օգոստոսի տվյալներով, գրանցված է 92 սպանդանոց։ Գ. Ավետիսյանն ասում է, որ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, և ամեն ինչ անելու են, որ շուկայում  վաճառվի միայն սպանդանոցից դուրս եկած մսեղիք։

Նրա խոսքով՝ սպանդանոցային մորթի առումով՝ միակ մարզը, որտեղ խնդիր կա, Վայոց Ձորն է, քանի որ այնտեղ չկա սպանդանոց։ 

«Մնացած բոլոր մարզերում սպանդանոցների քանակը բավարար է։ Կարող է ասեն, որ Շիրակում սպանդանոցների քանակը քիչ է, բայց մենք կարծում ենք, որ ցանկության
դեպքում, այն քանակը, որը գոյություն ունի, բավարար կլինի»,-ասում է Գ. Ավետսիյանը։ 

Այնուամենայիվ, Հայաստանից միս է արտահանվում՝ հիմնականում արաբական երկրներ

2020թ.ից Հայաստանից սկսվեց իրականացվել մսի արտահանում Իրանի տարածքով՝ որպես տրանզիտային գոտի, ինչը թույլ տվեց նվազեցնել տնտեսվարողների ֆինանսական բեռը, քանի որ նախկինում արտահանվումն արվում էր հիմնականում օդային ճանապարհով։

2022թ.ին Հայաստանից արտահանվել է մոտ 100 000 կենդանի՝ հիմնականում՝ մանր եղջերավոր՝ 70 000 գլուխ, և 20 000՝ խոշոր եղջերավոր։

Խոշոր եղջերավոր անասունները հիմնականում արտահանվում են Իրաք, իսկ մանր եղջերավոր կենդնանիները՝ Քաթար, Քուվեյթ, Հորդանան, Լիբանան։

ԱՄԷ արտահանվում է մորթված մսեղիք։ 

«Ակտիվություն կա, նաև այլ շուկաներից հետաքրքրության ազդակներ կան»,-նշում է Գ. Ավետիսյանը։ 

Անկումներ ձկնաբուծարաններում և «ոգևորիչ տվյալներ» ԵՄ-ի

ՍԱՏՄ տվյալներով՝ 2022թ.ի երկրորդ եռամսյակում ձկնաբուծարաններում իրականացվել է 85  ստուգում և մշտադիրտարկում, նմուշառումներ են արվել, կատարվել են լաբորատոր հետազոտություններ։

Մոնիթորինգներ են արվել՝ ձկան մսի մեջ մնացորդային նյութեր հայտնաբերելու մասով, տվյալներն էլ ուղարկվել են ԵՄ՝ Հայաստանից ձկան արտահանումը կազմակերպելու նպատակով։ Գեորգի Ավետիսյանն ասում է, որ գնալով այս ոլորտում տվյալներն ավելի «ոգևորիչ» են լինում.

«2022թ մոնիթորինգի արդյունքում այնպիսի լավ տվյալներ ենք ստացել, որ հույս ունենք, որ ԵՄ-ից ազդակներ կունենանք, որ արդեն արտահանումը հնարավոր է։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք»,-ասում է ՍԱՏՄ պետը։

Բայց ոգևորիչ չեն հատկապես վերջին շրջանում սոցիալական ցանցերում շրջանառվող այն լուրերը, որտեղ հորդորում են փողոցից սատկած իշխան և ստերլյադ ձկնատեսակներ չգնել, քանի որ ձկնաբուծարաններում վերջին շրջանում մեծաքանակ անկում է տեղի ունեցել։

Սրան ի պատասխան՝ ՍԱՏՄ պետն ասում է, որ թեև փողոցից սատկած ձուկ չգնելու հորդոր- տեղեկությունները ողջունելի են,  քանի որ փողոցային առևտուրը, ամեն դեպքում, ցանկալի չէ, սակայն այդ պատմությունները «շարունակություն ունեն». 

«Մենք գիտենք՝ ինչ հիվանդություններից են անկումները լինում, ուրբաթ-շաբաթ օրերին անձամբ ես մոտ 20 տնտեսություն այցելել եմ, խուճապի որևէ խնդիր չկա, և հիվանդությունը, որ մենք հայտնաբերել ենք, մարդկանց համար բացարձակ անվնաս է, բայց ևս մեկ անգամ նշեմ, դա չի նշանակում, որ կարելի է փողոցից գնել սատկած ձկներ կամ կենդանական ծագման որևէ սննդամթերք»,- նշում է Գ. Ավետիսյանը,  իսկ ինչ վերաբերում է մեծաքանակ անկումներին, այո’, դրանք եղել են, բայց հիմա իրավիճակը կայուն է, ոլորտը մտահոգիչ չէ և «այս պահին և գտնվում է ՍԱՏՄ վերահսկողության տակ»։ 

«Հետք»-ի ընթերցողների արձանագրած խախտումները, ՍԱՏՄ, տնտեսվարողների արձագանքները

2022թ ընթացքում «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարյուրից ավելի թեմաներ։

68 ահազանգեր գրանցվել խմբում, որոնք վերաբերել են կաթնամթերքի, մսամթերքի, պահածոների, քաղցրավենիքի և այլ արտադրատեսակների հետ կապված խնդիրներին։ Դրանցից 31-ին արձագանքել է նաև ՍԱՏՄ-ն, ահազանգին ընթացք տվել, իրականացրել վերահսկողություն, ստուգումներ և դիտարկումներ։ Մի մասում հայտնաբերվել են խախտումներ, որոնք, ըստ ՍԱՏՄ-ի, արտադրողները վերացրել են։

Բացի այդ, խմբի հրապարակումներին արձագանքել են նաև հենց իրենք՝ արտադրողները, նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև՝ իրացման ցանցի պատասխանատուները։ Ոմանք ներողություն են խնդրել, բացատրել խախտման պատճառը, փորձել շտկել այն։ Եղել են նաև դեպքեր, երբ ընկերության ներկայացուցիչները չեն համաձայնվել արձանագրված խախտումների հետ՝ դրանք որակելով որպես զրպարտություն կամ բարի համբավի արատավորում։

Օրինակ, 2022թ հունիսին խմբի մասնակիցներից Ավետ Բրուտյանն ահազանգել էր «Բեկոն» ընկերության արտադրության բորբոսնած ջերկիից։ ՍԱՏՄ-ն արձանագրել էր ահազանգը, իսկ «Բեկոն» ընկերությունը ներողություն էր խնդրել սպառողից։

«Հարգելի' Ավետ, Բարև Ձեզ, ես «Բեկոն Պրոդուկտ» ընկերության որակի վերահսկման բաժնի ղեկավարն եմ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ նման խնդիր առաջանում է վակուում փաթեթը վնասվելու և որոշ ժամանակ վնասված մնալու դեպքում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար, գրել եմ Ձեր անձնական էջին»,-գրել էր Վահե Կազարյանը։

«Քիչ առաջ Բեկոնից կապվեցին հետս, որոշ մանրամասներ ներկայացրին արտադրական պրոցեսից ու ներողություն խնդրեցին խնդրի համար։ Շատ ուրախ եմ, որ ընկերությունը մտածում է իր արտադրանքի որակի մասին ու նման վերաբերմունք ցուցաբերում։ Միայն էն եմ ուզում ավելացնել, որ ես ի սկզբանե չեմ պնդել, որ խնդիրը արտադրողից է, դրա համար, նշել եմ, թե որ խանութից եմ գնել։ Բայց նաեւ արտադրողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել էն փաստի վրա, որ բորբոսնած կտորները բավականին մեծ էին ու ենթադրեցի, որ կարող էր արանքներում օդ մնալ ու բորբոսի պատճառ դառնալ։ Բայց էլի ոչինչ չեմ պնդում, արտադրողն ավելի լավ կիմանա պրոցեսը։ Իսկ այլ հնարավոր պատճառների համար լավ կլինի համապատասխան ստուգումներ անցկացվեն, օրինակ, խանութում, պահման պայմանների համապատասխանությունը հասկանալու համար»,-գրել էր Ավետ Բրուտյանը

Խմբի մեկ այլ անդամ՝ Սաթի Գևորգյանը, հուլիսին գրառում էր արել, որ ամուսինը թունավորվել է «Բեկոնի» «Տնակ» պելմենիներից։

ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ ստուգումներ կիրականացնեն, ընկերությունն էլ դարձյալ արձագանքել էր, ներողություն խնդրել՝ փորձելով հասկանալ խնդրի առաջացման պատճառը։

Արտադրողներից արձագանքել էր նաև «Երեմյան փրոդաքթսը», երբ խմբի անդամներից մեկն աահազնագել էր ընկերության կաթնաշոռի մեջ եղած բակտերիաներից, «Dan Dessert»-ը (ահազանգ՝ խմորեղենում հայտնաբերվել էր մազ), «SIS նատուրալ» ընկերությունը (ահազանգ՝ հյութը թթված է), «Կանաչ սնունդը» (ահազանգ՝ «Հումուսը» թթված է), «President» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը (ահազանգ՝ պանիրը բորբոսնած է), «Նոր Զովք» խանութների ցանցը (ահազանգ՝ խանութից գնված բուտերբրոդում միջատ է եղել), «Top Sun» ապրանքատեսակի պաշտոնական ներկայացուցիչը (ահազանգ՝ մայոնեզը փչացել էր, պահվել՝ ոչ ճիշտ պայմաններում, ընկերությունը խմբաքանակը հետ էր կանչել), ԱՁ Անժելա Կոստանյանը (ահազանգ՝ փչացած սուջուխ) և այլն։

Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

Շատ են եղել ահազանգեր «Արտֆուդ» ընկերությունից (6 ահազանգ), SAS-ից (3 ահազանգ),  «Dan Dessert» ընկերությունից (3 ահազանգ և 7 մեկնաբանություն), «Գրանդ Քենդի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Չանախ» «Բեկոն», «Top Sun» ընկերությունների, «Երևան Սիթիի» սուպերմարկետի ապրանանքներից և «Алексеевский» խտացրած կաթից գրանցվել է 2-ական ահազանգ։

Նշված դեպքերին և քննարկումներին մանրամասն կարող եք ծանոթանալ հենց «Անվտանգ սնունդ/ Հետք» խմբում, որտեղ գալիք 2023թ.ին նույնպես կարող եք պատմել սննդամթերքի ոլորտում արձանագրած ձեր խախտումների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter