HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Մենք մեր հողում խաղաղ ապրել ենք ուզում». Մարտակերտի բնակիչ 

«Սրանա ավելի տիժեր օրերնք քաշալ։ Ամեն հինչին տեմ կկենանք, թաքի վերջը լյավ ինի։ Պեն չինի ուտելի, ծյու կոտինք, վեր ծյուն ինի վեչ, հավերը կմրթոտինք, օտինք, վեր հավերն էլ պրծնե, արդեն կննչեղանը տուսեկածա իննան, էն վախտն էլ արդեն կննչեղանը կոտինք»,- այսպես է արձագանքել մարտակերտցի Մելանյա տատը, երբ իմացել է, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Մելանյա տատի թոռնուհին՝ Անի Ավետիսյանը, ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Նա ընտանիքի հետ ապրում է Մարտակերտում։ Արցախից դուրս չեն պատկերացնում իրենց կյանքը։

«Պատերազմների միջով ենք անցել, մերոնք իրենց տունն են կորցրել, բայց երբեք չեն մտածել Արցախից դուրս ապրելու մասին։ 44-օրյայի ժամանակ էլ, պատերազմն ավարտվելուց հետո անմիջապես Արցախ ենք վերադարձել, քանի որ սա է մեր տունը»,- ասում է Անին։ 

Նրանք հույս ունեն, որ ճանապարհը շուտով կբացվի: Ամանորյա տրամադրությունն ըստ Անիի՝ կախված է երկրում տիրող իրավիճակից, միակ ցանկությունը խաղաղությունն է։ 

«Ամեն ինչին էլ կդիմանանք, միայն թե խաղաղություն լինի, ու վստահ լինենք, որ մենք մեր երկրում խաղաղ ենք ապրելու։ Հիմա ամենատարրական բաները խանութներում արդեն չկա, էսպես ի՞նչ Ամանոր»,- ասում է Անին։

Մարտակերտի խանութներում բանջարեղեն, միրգ չի մնացել։ Դեղատներում դեղորայք գրեթե չկա։ Կաթնամթերքի պակաս կա, նախկինում այն բերվում էր նաեւ Հայաստանից։ Խանութներում ձեթը սպառվել է, դեկտեմբերի 29-ին բերել են արցախյան ընկերության արտադրած բուսայուղը, ամեն ընտանիքի վաճառում են 1 շիշ։ Սահմանափակ քանակով են վաճառում նաեւ շաքարավազը։

Ըստ Անիի` այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանների կեղծ պահանջները Կաշենի հանքի շահագործնման վերաբերյալ, միայն բնակչությանը ճնշելու և Արցախը հայաթափելու նպատակ ունեն։ Միևնույն ժամանակ, Անին համոզված է, որ չնայած ճանապարհի փակվելու պատճառով առաջացած դժվարություններին, ամեն ինչ լավ է լինելու։ Տան անդամներն էլ փորձում են լավատեսությամբ տրամադրվել։ 

«Արխայի՛ն եղեք, ուտելու բան կգտնվի։ Մենք մեր հողում խաղաղ ապրել ենք ուզում»,- ասում է Անին։

Լուսանկարը՝ «Ազատ Արցախ» թերթի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter