HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցնող տարին բարդ ու ծանր էր, բայց մենք գնալու ենք առաջ. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ամփոփելով  անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: 

«Մենք  բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նորանշանակ նախարարներին՝  նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է  շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար: Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝  նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են. «Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:

Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝ նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով  գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը: Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու: «Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter