HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ինչ էլ լինի, մի’ դադարեք երազել». կիթառահար Ռոբերտի մաղթանքը՝ Արցախից

Արցախցի Ռոբերտ Մելքումյանը էլեկտրո կիթառահար է, ապրում է Ստեփանակերտում։ Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո՝ 2020թ․-ից, վերադարձել է Արցախ, աշխատում է ջազ նվագախմբում։

Արդեն 19-րդ օրը շրջափակման մեջ հայտնված Արցախում Ռոբերտը պատրաստվում է մագիստրատուրայի առցանց քննություններին։ Նա արդեն ընդունվել է Լոնդոնի երաժշտական ինստիտուտներից մեկը (The Institute of Contemporary Music Performance),  դիմել է նաև Ուելսի, Դանիայի, Հոլանդիայի կրթական  հաստատություններ։ 

Կրթությունն ավարտելուց հետո Ռոբերտը նպատակ ունի ռոք բենդ ստեղծել։

«Ուզում եմ արտերկրում շարունակել կրթությունս, ոչ թե Արցախից հեռանալու, այլ ավելի օգտակար լինելու համար․ երաժշտության միջոցով հնարավոր է հարցեր բարձացնել, ռոքով զանգվածային հնչեղություն տալ խնդիրներին, որոնք սպառնում են Արցախը»,-ասում է Ռոբերտը։

27 տարեկանում նա 7 հեղինակային երգ ունի, որից 2-ը գրել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո, դրանք պատերազմի և հետպատերազմական Արցախի մասին են։

Ընտանիքում երաժտությամբ միայն ինքն է զբաղվում, բայց տանը միշտ հնչել է երաժշտություն։ Հայրը ռոքի սիրահար է, փոքր տարիքից Ռոբերտը մագնիտոֆոնով «Բիթըլզ» էր լսում։

Ասում է, որ իր երաժշտական ճաշակի վրա շատ են ազդել Դեվիդ Բոուին, Radiohead-ը, Muse-ը և դասական երաժշտությունը, իսկ էլեկտրո կիթառի հետ հանդիպումը ճակատագրական էր։ 

«16 տարեկանում ընկերոջս տանն առաջին անգամ ձեռքս վերցրի էլեկտրո կիթառ, մի քանի անփորձ ակորդ նվագեցի ու էդ օրվանից կիթառը՝ երաժշտությունն իմ անբաժան ուղեկիցն է»։ 

20 տարեկանում նույն կիթառով ինքնուս Ռոբերտն արդեն նվագում էր Արցախի պետական ջազ նվագախմբի հետ երևանյան ջազ փառատոնում։


Ռոբերտին զրույցի վերջում փորձում ենք քաջալերել, փոխարենը ինքն է մեզ ոգևորում ամանորյա մաղթանքով.

 «Ինչ էլ լինի, մի' դադարեք երազել»,-ասում է նա։

Այսօր, երբ ամբողջ աշխարհում պատրաստվում են Ամանորին և տոնական սեղանի վերջին գնումներն անում, Ռոբերտն ու իր նման արցախցի 120 000 մեր հայրենացիկներ ուտելիքի մեծ ընտրություն չունեն, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներն են սպառվում, քանի որ արդեն 19-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է․ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter