HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանն ու Ռուսաստանը փոխհամաձայնեցված են գործում Լաչինի միջանցքի հարցում»

Այսօր արդեն 20-րդ օրն է՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակ են պահում Հայաստան-Արցախ միակ ճանապարհը՝ «կյանքի ճանապարհը»: Հայաստանի իշխանություններն սկսել են անթաքույց քննադատել ռուս խաղաղապահների գործունեությունը, ու Երեւան-Մոսկվա նկատելի լարվածություն կա:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով իրավիճակին ու այն հարցին, թե ինչով է պայմանավորում ստեղծված իրադրությունը, նշում է. «Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, եւ Հայաստանի իշխանություններն էլ, բնականաբար, հասկանում են, որ ռուսական կողմի մոտ կա դիտավորություն այս մասով: Այնպես չէ, որ իրենք չեն կարողանում, եւ վերջին սանկտպետերբուրգյան հանդիպումը Պուտինի ու Փաշինյանի միջեւ, ըստ էության, որեւէ նոր բան չի բերել այս հարցով: Եվ, բնականաբար, հայկական կողմն ընտրել է այլ հռետորաբանություն՝ հրապարակային քննադատում է Ռուսաստանին»:

Հարցին, թե արդյոք դա սպասելի էր Ռուսաստանի համար, Վարդանյանը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատել են Ռուսաստանին: Ու այս առումով նման երեւույթները զարմանալի չեն: Նրա խոսքով՝ պարբերական բնույթ է կրում, երբ հայաստանյան իշխանությունները տողատակերով կամ երբեմն բացահայտ քննադատում են Ռուսաստանի իշխանությունների գործողությունները:

«Ռուս խաղաղապահները հեշտությամբ կարող էին բացել ճանապարհը»

Վարդանյանը կարծում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործում է սինխրոն, համաձայնեցված: «Երկու կողմերն էլ, Լաչինի միջանցքը փակելով, փորձում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրել՝ տարբեր հարցերում ինչ-որ բան կորզելու համար: Երկուսն էլ՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը, գործում են փոխհամաձայնեցված»:

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ այն, որ Ռուսաստանը չի ցանկանում բացել միջանցքը, պարզորոշ երեւում է նրա վարքագծից: Քաղաքագետը հիշեցնում է, որ երբ ադրբեջանցիները ճանապարհը փակեցին, արեւմտյան երկրների շատ պաշտոնյաներ անմիջապես հանդես եկան հայտարարություններով ու կոչերով, մինչդեռ ռուսական կողմից առաջին արձագանքը եղավ միայն 4-րդ օրը, այն էլ՝ ճեպազրույցի ժամանակ, երբ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հնչեցված հարցին պատասխանելուց չէր կարող խուսանավել: Արմեն Վարդանյանի խոսքով՝ այնինչ մինչ այդ Ռուսաստանից որեւէ պաշտոնական հայտարարություն կամ արձագանք չի եղել: «Նրանց վարքագիծը Լաչինի միջանցքի հարցում պարզ է. չեն ցանկանում բացել այն»,- նկատում է մեր զրուցակիցը:

Ռուս խաղաղապահներն, ըստ Վարդանյանի, կարող են թույլ տալ, որ իրենց «բնապահպան» անվանողները ցույց անեն, բայց ճանապարհ չփակեն: Նա համոզված է, որ ռուս խաղաղապահները կարող էին հեշտությամբ բացել ճանապարհը, ավելին՝ ընդհանրապես թույլ չտալ այնտեղ ցույց անել: Քաղաքագետը նկատում է, որ երբ հիմա արցախցի մեր հայրենակիցները հանդիպում են ռուս խաղաղապահներին, նրանք ասում են, թե հարցը պետք է լուծվի ամենաբարձր մակարդակում:

Ե՞րբ եւ ո՞ւմ միջամտությամբ կբացվի ճանապարհը

Հարցին, թե ունի արդյոք կանխատեսելի սցենար, թե երբ եւ ում միջամտությամբ կբացվի ճանապարհը, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է, որ բարդ է ասելը, սակայն հայկական կողմը պետք է ավելի շատ միջազգայնացնի հարցը, ինտենսիվ աշխատանք տանի արեւմտյան գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, Եվրամիության: Նկատում է, որ այդ իմաստով քայլեր արդեն արվել են՝ հարցը ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հարցը տեղափոխվել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Ըստ Վարդանյանի՝ ելքը դիվանագիտական ու դատական ճանապարհով աշխատանքն է:

«Ինքնիշխանության, մեր անվտանգության գլխավոր գրավականը բանակն է»

Հայկական քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում համոզմունք կա, որ Ադրբեջանը սեղմ ժամկետում ցանկանում է առավելագույնի հասնել, ինչի համար շտապում է: Հարցին, թե այս պայմաններում ինչ պիտի անի Հայաստանը, մեր զրուցակիցը պատասխանում է, որ մեր երկիրը պետք է շատ արագ արդիականացնի իր բանակն ու զինվի:

«Ինքնիշխանության, մեր անվտանգության գլխավոր գրավականը բանակն է: Դիվանագիտությունն էլ շատ կարեւոր է, բայց միշտ չէ, որ կարողանում է լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Միջազգային հարաբերությունների համակարգը խախուտ է, շատ դեպքերում չի աշխատում: Միշտ չէ, որ միջազգային ճնշումներն աշխատում են Ադրբեջանի վրա»,- ասում է Արմեն Վարդանյանը: Հիշեցնում է, որ Ադրբեջանը՝ որպես ԵՄ էներգակիրների մատակարար, դարձել է լուրջ խաղացող ու շատ դեպքերում ինքնաբավ երկիր է: Դրա համար ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջնային գրավականը հայկական բանակի ուժեղացումն է: Եթե Ադրբեջանը տեսնի, որ ուժեղ հայկական բանակ է իր առջեւ, նման քայլերի չի գնա, նույնիսկ միջանցքում «բնապահպաններ» տեղակայելուց առաջ լրջորեն կմտածեր:

Ամփոփելով 2022-ը

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ 2022 թվականը Հայաստանի դիվանագիտության համար ակտիվ փնտրտուքների, նոր բարեկամների ձեռքբերման տարի էր. նա ընդգծում է Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացումը տարբեր ճյուղերում: Այս համատեքստում, ըստ մեր զրուցակցի, չի բացառվում, որ երկու երկրները դառնան ռազմավարական գործընկերներ: Այդ ուղղությամբ, սակայն, հայկական դիվանագիտությունն անելիքներ ունի: Մյուս կողմից՝ Ա. Վարդանյանը ընթացիկ տարվա կարեւոր իրադարձություններ է համարում արեւմտյան գործընկերների հետ ու, մասնավորապես, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, Նենսի Փելոսիի այցը:

Քաղաքագետը նկատում է, որ հայ դիվանագետները չեն խուսափում իրերն իրենց անուններով կոչել, իսկ շատ դեպքերում սկսել են բարձրաձայնել հարցեր, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանի շահերի հաշվին որոշ երկրներ լուծեն իրենց հարցերը:

Արմեն Վարդանյանը լավատես է 2023 թվականի վերաբերյալ, կարծում է, որ ընթացիկ տարում արձանագրված տնտեսական աճը շարունակվելու է նաեւ գալիք տարում: Ըստ նրա՝ դա կբերի Հայաստանի անվտանգության բարձրացմանը բոլոր ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter