
ՀԱՊԿ-ն նոր գլխավոր քարտուղար ունի
2023 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի երեք տարի ժամկետով։
Տասմագամբետովին նշանակման որոշումն ընդունվել էր նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։
Իմանգալի Տասմագամբետովը 65 տարեկան է։ ՀԱՊԿ պաշտոնական կայքի համաձայն՝ նա տարբեր տարիներին Ղազախստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում նախագահի օգնականի, վարչապետի, Ատիրաուի մարզպետի, Ալմաթիի ու Աստանայի քաղաքապետերի պաշտոնները։ Տասմագամբետովի վերջին պաշտոնը Ռուսաստանում Ղազախստանի դեսպանի պաշտոնն էր, որը նա զբաղեցրել է 2017-2019 թվականներին։ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին ղազախ պաշտոնյան ազատվել էր այդ պաշտոնից՝ կենսաթոշակի անցնելու հետ կապված։
ՀԱՊԿ ընթացակարգի համաձայն՝ Ղազախստանի ներկայացուցչին 2025 թվականի հունվարի 1-ից ռոտացիոն կարգով կփոխարինի Ղրղզստանի ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ Sputnik գործակալության
Մեկնաբանել