HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Երևանում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում են Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ 

«Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է նրանց դիմավորման արարողությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին էլ դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդի նիստը կկայանա «Դվին» համալիրում, որտեղ ավելի վաղ ընթանում էր նաև ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։ Հենց այնտեղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես կդիմավորի ՀԱՊԿ առաջնորդներին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ նստաշրջանը կմեկնարկի 15:00-ին, սակայն այն ուշանում է։

Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Ըստ ավելի վաղ տարածված հաղորդագրության՝ կարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը, որի մասին, ավելի վաղ, Ստանիսլաս Զասը հայտարարել էր, որ կողմերը համաձայնեցրել են համատեղ օգնության միջոցները՝ չմանրամասնելով, թե ինչ օգնության մասին է խոսքը։

ՀԱՊԿ-ում հաջորդ տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին, ուստի նախատեսվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի ՀԱՊԿ-ում այդ երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրագործվեն իր նախագահության շրջանում։

Այս հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ու բժշկական աջակցության համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին՝ տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալը։ Նախատեսվում է, որ կքննարկվի նաև ՀԱՊԿ 2023 թվականի բյուջեն։

ՀԱՊԿ այս նստաշրջանը ոչ սովորական պայմաններում է անցնելու, որովհետև Հայաստանի անվտանգության համար երաշխավոր կազմակերպությունը պատշաճ չի արձագանքում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։ Բացի այդ, խիստ լարված են հարաբերությունները նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ ՀԱՊԿ այդ երկրների միջև պարբերաբար մարտական գործողություններ են ընթանում՝ կապված վիճելի տարածքների հետ։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք հանդիպման ընթացքում կխոսվի Ուկրաինայում առկա իրավիճակի մասին, որտեղ փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը վարում է պատերազմական գործողություններ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter