
Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները, որը կկայանա փետրվարի 3-ին, Կիևում։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Կողմերը նաև քննարկել են Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է առաջընթացը, որն ունի Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության յոթ հանձնարարականի իրագործման ընթացքում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդեն այս տարի Ուկրաինան նախատեսում է սկսել բանակցություններ, որ թեկնածուի կարգավիճակից անցում կատարի Եվրամիության լիիրավ անդամի։
Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եկել է ժամանակ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկի։ Ուկրաինան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել նախորդ տարվա փետրվարի 28-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հունիսի 23-ին այդ երկիրը ստացել էր ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Հուլիսի 1-ին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ անդամի կարգավիճակ ստանալու համար Ուկրաինան պետք է անցկացնի հակակոռուպցիոն և դատական մի շարք բարեփոխումներ։ Նոյեմբերին Ուկրաինայի նախագահը չեղարկել էր քաղաքական գործիչների ցմահ ֆինանսական մշտադիտարկումը, որը համարվում էր ԵՄ-ին անդամակցության հիմնարար պահանջներից մեկը։
Լուսանկարը՝ visegradinsight.eu-ից
Մեկնաբանել