HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական խորհրդարանի ևս երկու պատգամավոր կոռուպցիոն սկանդալի պատճառով կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Եվրոպական միությունը կսկսի երկու պատգամավորի խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկման գործընթացը, որոնք կասկածվում են կոռուպցիոն սկանդալում մասնակցություն մեջ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան հայտարարել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության դիմումի հիման վրա։ Սակայն նրա հայտարարության մեջ չեն նշվում Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորի անունները։

Սկանդալը ծագել էր նախորդ ամիս այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանի մեկ պատգամավոր՝ Էվա Կայլին և ևս երեք անձ ձերբակալվեցին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։ Չնայած բելգիական իշխանությունները չէին նշում երկիրը, որը կանգնած է կաշառքի սխեմայի հետևում, ԵՄ-ում բազմաթիվ աղբյուրներ նշում էին Կատարը։ Սակայն Պարսից ծոցի այդ երկիրը կտրականապես հերքում է ցանկացած մեղադրանք։

Մեթսոլան, որ հայտարարել էր՝ սկանդալը ցույց է տվել, որ բաց, ազատ, ժողովրդավարական հասարակությունները գտնվում են սպառնալիքի տակ, նշել է, որ հիմա ինքը կսկսի արագացված գործընթաց՝ ոստիկանության դիմումի հիման վրա Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկման ուղղությամբ։

ԵՄ-ում BBC-ի աղբյուրները նշում են, որ ոստիկանությունը Մեթսոլայի գրասենյակի հետ կապ է հաստատել դեկտեմբերի 30-ին։ Հունվարի 16-ին դիմումը պետք է ներկայացվի Եվրոպական խորհրդարանին, իսկ այնուհետ այն կփոխանցվի այդ կազմակերպության իրավաբական հարցերով հանձնաժողովին։ Դրանից հետո նախատեսվում է, որ կպատրաստվի զեկույց մեղադրանքների վերաբերյալ, որը կհրապարակվի քվեարկությունից առաջ։ Մեթսոլան ասել է՝ ցանկանում է, որ այդ գործընթացն ավարտին հասնի մինչև փետրվարի 13-ը։

Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներն ունեն որոշակի անձեռնմխելիություն, ինչը երաշխավորում է իրենց աշխատանքն անելու, սեփական կարծիքն արտահայտելու և ազատ քվեարկելու նրանց հնարավորությունը, առանց ձերբակալության և քաղաքական հետապնդումների մտահոգության։ Սակայն պալատը կարող է քվեարկել այդ անձեռնմխելիությունից զրկման օգտին։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս կասկածվող խորհրդարանականներին ներկայացնել իրենց ապացույցներն ու պաշտպանվել մեղադրանքներից։

Հիշեցնենք, որ այս նույն գործի շրջանակներում նախորդ ամիս ձերբակալվել էր հույն խորհրդարանական, Եվրոպական խորհրդարանի արդեն նախկին փոխնախագահ Էվա Կայլին։ Ավելի վաղ, Le soir թերթը հայտնել էր, որ Կայլին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում էր Կատարում։

Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Ընդ որում՝ հետաքննությունն ընթանում է 2022 թվականի հուլիսից։

Պարբերականի տվյալներով՝ կասկածյալները մեղադրվում են կատարական կողմից կաշառք ստանալու և Եվրոպական միության քաղաքականության վրա ազդեցության փորձերի մեջ, մասնավորապես, ազդելու Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորների դիրքորոշման վրա։ Ըստ Le Soir-ի՝ ձերբակալված անձինք Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորներին տվել են խոշոր չափերի գումար և թանկարժեք նվերներ։

Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը՝ Պիեր Անտոնիո Պանցերին, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter