
Պայմանագրային զինծառայողների համար հիփոթեքային վարկավորման ծրագրի ժամկետը կերկարաձգվի
Պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագրային սպաների և ենթասպաների 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ 2020 թվականից իրականացվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության պատճառով զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը իրացնել: Այդ ամենի հետևանքով՝ 2022թ. համար հատկացված 1018 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր է կնքել ընդամենը 445 շահառու, իսկ 573 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը:
Այդ նպատակով, ըստ ՊՆ-ի՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2022թ. համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել