HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողանում ընտրել նոր խոսնակի

Հանրապետական Քևին Մաքքարթին, որի թեկնածությունը ներկայացվել է Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնին, կրկին չի կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայները։ Ավելի քան մեկ դար անց առաջին անգամ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում ղեկավար ընտրել։

BBC-ն գրում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել երեք անգամ։ Մաքքարթին ստացել է Հանրապետական կուսակցության միայն 202 անդամի աջակցություն։ Որպեսզի ստանա Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնը, նա պետք է ունենա առնվազն 218 ձայն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այս տարի 222 հանրապետական է, սակայն խմբակցության առավել պահպանողական 20 անդամները չեն ցանկանում աջակցել նրա թեկնածությանը։ Նրանք կողմ ենք քվեարկել մեկ այլ հանրապետականի՝ Ջիմ Ջորդանի թեկնածությանը։ Մաքքարթիի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հաքիմ Ջեֆրիսը, հավաքել է 212 ձայն։ Նրա օգտին քվեարկել են բոլոր դեմոկրատները։

Վերջին անգամ նման իրավիճակ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ չի հաջողվում ընտրել առաջին փուլում, առաջացել էր 100 տարի առաջ։ 1923 թվականին խոսնակին ընտրելու համար պահանջվել էր 9 փուլ։ Հիմա պալատը կշարունակի քվեարկել մինչև խոսնակի ընտրվելը։ Քանի դեռ չի ընտրվել Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարը, օրենսդիրները չեն կարողանա զբաղվել որևէ այլ խնդրով։ Բացի այդ, Կոնգրեսի նոր անդամները ևս չեն կարողանա մասնակցել իրենց երդմնակալության արարողությանն ու նոր օրենքներ ընդունել։ Դեռևս հայտնի չէ, թե ընտրության քանի փուլ կպահանջվի։

Ներկայացուցիչների պալատի բազմաթիվ խոսնակներ այս պաշտոնին հասնելու ճանապարհին բազմիցս բախվել են բարդությունների, սակայն ներկուսակցական կոնֆլիկտները նախկինում բավականին արագ էին լուծվում, հաճախ մինչև քվեարկությունը։ Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Մաքքարթին բախվել էր կուսակցության ծայրահեղ աջ հայացքներ ունեցող անդամների դիմադրությանը, երբ միջանկյալ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն էր կազմել Ներկայացուցիչների պալատում։

Երեքշաբթի օրը առավոտյան խմբակցության իր համախոհների հետ հանդիպման ժամանակ Մաքքարթին ասել էր, որ իր թեկնածությանը դեմ կքվեարկի մինչև 20 հանրապետական։ Սակայն նա վստահ էր, որ արդյունքում կհաղթի։

Ավելի վաղ, ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մաքքարթին ստիպված է եղել գնալու մի շարք զիջումների, որպեսզի կարողանա համոզել կոնգրեսականներին աջակցելու իր թեկնածությանը։ Նա, մասնավորապես, համաձայնվել է որոշակի սահմանափակումների, որոնք վերաբերվում են խոսնակի պաշտոնում իր ժամկետներին և պայմաններին։ Հանրապետականների մի մասը, սակայն, հայտարարել է, որ այդ քայլերը բավարար չի համարում։

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը դեմոկրատ Նենսի Փելոսին էր։

Լուսանկարում՝ Քևին Մաքքարթին/Associates Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter