HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆիլիպ Ռիքերը թողնում է Կովկասի հարցերով ԱՄՆ բանագնացի պաշտոնը

Ֆիլիպ Ռիքերը հունվարի 5-ից թողնում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր մենք հայտարարում ենք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին։ Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերը անձնավորել է նվիրվածությունն ու ծառայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությանն ու ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական ու Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,- ասել է Փրայսը։

Նրա պնդմամբ՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի նրա աշխատանքը արագացրել է ներգրավվածությունը և օգնել է ստեղծել կազմակերպված գործընթաց՝ «անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: «Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ 

Փրայսը նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ բոլորը գիտեին, որ Ռիքերը կարճ ժամանակով է զբաղեցնելու այն։ «Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու՝ ԱՄՆ հանձնառությունը»,- ընդգծել է Նեդ Փրայսը։

Ֆիլիպ Ռիքերը զբաղեցնում է նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը ու դեռևս պաշտոնապես հայտնի չէ՝ արդյոք նա կլքի նաև այս պաշտոնը։ Հիշեցնենք, որ նա Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցով ամերիկացի համանախագահ նշանակվել էր 2022 թվականի օգոստոսի 25-ին։ ««Ես դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել եմ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական և Մինսկի խմբի համանախագահ։ Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ֆիլիպ Ռիքերն ուներ դիվանագիտական ծառայության երկարատև փորձ։ Նրա դիվանագիտական վերջին աշխատանքը եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես Սենթ Ջեյմսի դատարանում գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը Ռիքերը եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։ Աշխատել է նաև Միլանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում, եղել Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ։ 2008-2011 թվականներին էլ զբաղեցրել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter