HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. օրակարգում եղել է Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունները։ Օրակարգի հիմնական հարցը եղել է Ուկրաինան։ Տարածված հաղորդագրություններից ենթադրվում է, որ կողմերը չեն քննարկել արցախյան հիմնահարցն ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը։

Թուրքական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են էներգետիկայի, ռուս-թուրքական հարաբերությունների հարցերը, ինչպես նաև՝ պատերազմն Ուկրաինայում և Սիրիայում։ «Anadolu» գործակալությունը մեջբերում է Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի իրավիճակի շուրջ Թուրքիայի նախագահի հայտարարությունը: «Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի թեմային, թուրքական առաջնորդը հիշեցրել է երկխոսության առաջմղման շուրջ նախաձեռնությունների դրական արդյունքները, որն արտահայտվել է «հացահատկի միջանցքի» ստեղծման պայմանավորվածությունների, գերիների զանգվածային փոխանակման և Զապորոժյեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման տեսքով»։

Էրդողանն ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերը պետք է ուղեկցվեն մարտական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդար կարգավորմամբ։ 

Կրեմլը ևս հաղորդագրություն է տարածել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ։ Խոսելով Ուկրաինայի մասին՝ Պուտինն Էրդողանին հայտնել է «արևմտյան պետությունների ապակառուցողական դերի մասին», որոնք Կիևին սպառազինություն են տրամադրում։ Համաձայն ռուսական կողմի հաղորդագրության՝ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ միջնորդ դառնալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ բանակցություններում։ «Ի պատասխան՝ Պուտինը հաստատել է երկխոսությանը Ռուսաստանի հակվածությունը՝ «Կիևի իշխանությունների կողմից հայտնի և բազմիցս հնչեցված պահանջների կատարման ու նոր տարածքային իրողությունների հաշվի առնման պայմանով»։ 

Նախատեսվում է, որ Էրդողանն այսօր հեռախոսազրույց կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցի մտադրության մասին Անկարան հայտարարել էր դեռևս հունվարի 4-ին։ Ընդ որում, ի սկզբանե նշվում էր, որ այդ հեռախոսազրույցները կայանալու են նույն օրը, սակայն դրանցից առաջինը տեղի ունեցավ միայն մեկ օր անց։

Լուսանկարը՝ Murat Kula/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter