
Հայաստանն ու Թուրքիան սկսում են օդային բեռնափոխադրումները
Թուրքիան ու Հայաստանը լուծել են երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների իրականացման համար խոչընդոտները։ Այդ մասին հայտնում է TRTHaber-ը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների խոչընդոտները լուծվել են բանակցությունների արդյունքում, որոնք անցկացվել են երկու երկրների միջև»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ թուրքական պարբերականները չեն նշում։
Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև ավիաբեռնափոխադրումները հնարավոր են դարձել հունվարի 1-ից, և Թուրքիայի առևտրի նախարարությունն այդ մասին տեղեկացրել է տեղական կազմակերպություններին և ասոցիացիաներին, որոնք զբաղվում են արտահանմամբ։ Գործակալությունը նաև նշում է, որ որոշումն ընդունվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։
Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: «Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Turkish Airlines-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել